> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության։ Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում։ Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ` միանա՞լ շարժմանը, թե՞ շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը, հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք` Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում։ Ոմանք անգամ ասում են` եթե պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնությունները թույլատրվեն, մենք դեմ ենք դրան, չենք ուզում այդ ազատությունը։ Ահա այս եւ այսօրինակ դիրքորոշումները հուշում են, որ մենք պետք է ամենապարզ կերպով ձեւակերպենք Ազատության, մեր կողմից ջատագովվող Ազատության իմաստը։ Սա նաեւ կարեւոր է այն առումով, որ պայքարում ներգրավված են շուրջ 20 կուսակցություններ, դրանից ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, եւ Ազատության մասին նրանց պատկերացումները, ընկալումները, իդեալները կարող են նույնական չլինել։ Ավելի ճիշտ` հաստատ նույնական չեն։ Բայց մյուս կողմից` նրանք միասին պայքարում են հանուն Ազատության, նշանակում է` Ազատության նրանց ընկալումների մեջ կան այնպիսի ընդհանրություններ, որ նրանց դարձնում են համախոհ։ Եւ հենց այս ընդհանրություններն են այն սկզբունքները, որ Համաժողովրդական շարժումը նկատի է առնում` Ազատություն ասելով։ Ավելի կոնկրետացնենք եւ փորձենք ձեւակերպել, թե այս պարագայում ինչ ասել է Ազատություն` քաղաքական անելիքի իմաստով։ Ձեւակերպումը հետեւյալն է. Հայաստանի իշխանությունները բոլոր մակարդակներում` սկսած ՏԻՄ մարմիններից, վերջացրած երկրի նախագահով, պետք է ձեւավորվեն քաղաքացիների Ազատ կամարտահայտման միջոցով, բացառապես Ազատ կամարտահայտման միջոցով։ Բայց սա ամենը չէ. ժողովուրդը Ազատ կամարտահայտմամբ ոչ միայն պետք է իշխանություն ձեւավորելու, այլեւ նույն Ազատ կամարտահայտման միջոցով այդ իշխանությունից ազատվելու հնարավորություն ունենա։ Այսինքն` ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ոչ միայն նախագահ ընտրել այն մարդուն, որին ինքը ուզում է տեսնել նախագահի պաշտոնին, այլեւ պետք է հնարավորություն ունենա, ասենք, հաջորդ ընտրություններում` արտահերթ կամ հերթական, ընտրել եւ նախագահ դարձնել մեկ ուրիշ մարդու, գործող նախագահի քաղաքական հակառակորդին։

Ահա սա է մեր ջատագոված Ազատության գագաթը, եւ այս երկվորյակ սկզբունքները պետք է դառնան մեր Ազատության հիմքն ու պսակը։ Մնացած սկզբունքները պետք է ծառայեն ժողովրդի Ազատության, այսինքն` ինքնիշխանության ամրապնդմանը։ Այդպիսի երկու մայր սկզբունք կա, որ կուզենայի առանձնացնել. առաջինը` խոսքի Ազատության, երկրորդը տնտեսական գործունեության Ազատության սկզբունքն է։ Չեմ կարծում, թե հարկ կա այս հրապարակման մեջ խոսել վերջին երկու սկզբունքների դետալների մասին, որովհետեւ այդ հարցը բազմիցս քննարկվել է եւ մեկնաբանվել։ Այսօրվա ասելիքի իմաստն այն է, որ Համաժողովրդական շարժումը Ազատություն հասկացությունը պետք է արձանագրի նշված երեք սկզբունքներից կազմված եռանկյունու տեսքով, որի գագաթին իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից զրկելու ժողովրդի ինքնիշխան իրավունքն է։ Արձանագրենք նաեւ, որ եթե ժողովրդի այս բարձրագույն իրավունքը ոտնահարված է, ժողովուրդը իրավասու է այն վերականգնել իրեն հարմար ցանկացած մեթոդով, եւ այդ մեթոդը լեգիտիմ է ի բնե, անկախ նրանից` դա զինված ապստամբություն է, թե խաղաղ հանրահավաք։ Անկախ ամեն ինչից, Համաժողովրդական շարժումը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանության վերականգնմամբ, որի սիմվոլը կարող է դառնալ Տեր-Պետրոսյանի ընտրվելը ՀՀ նախագահ։ Բայց կարեւոր է արձանագրել, որ Համաժողովրդական շարժումը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պայքար է, այլ պայքար է հանուն ժողովրդի ինքնիշխանության վերականգնման, եւ Տեր-Պետրոսյանի դերը այս պայքարում, ինչպես ինքն է ասել, պայքարի խթան, գործիք լինելն է։ Ոմանք ասում են, թե չեն հավատում Շարժման ղեկավարի հռչակած սկզբունքներին եւ հղում են անում 1996 թվականի վրա։ Տեր-Պետրոսյանը չի արհամարհել այսպիսի տեսակետներ ունեցողներին եւ հայտարարել է, որ պատրաստ է նախագահ ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ եւ ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից (այս միտքը Տեր-Պետրոսյանը կրկնեց նաեւ վերջերս Գյումրիում կայացած հանրահավաքում)։ Այս հայտարարությունը ինչ մեկնաբանություն ասես չստացավ, բայց գլխավորը չասվեց. իր այդ խոստմամբ Տեր-Պետրոսյանը արձանագրեց, որ Համաժողովրդական շարժման գլխավոր գործող անձը ոչ թե ինքն է կամ հարթակում կանգնած որեւէ ոք, այլ հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացին, որին «Հայլուրըե «բոմժե է անվանում։ Երանի «բոմժերինե, որովհետեւ նրանցն է իշխանությունը։

Հ.Գ. Անշուշտ, իմ նշած սկզբունքները չեն ընդգրկում «Ազատություն» հասկացության ողջ իմաստը։ Բայց «Ազատություն» հասկացության նոր իմաստների արձանագրումն ու դրանք ՀՀ-ում ներդնել-չներդնելը Հայաստանի ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հարաբերության գործ է։ Այս պահին արձանագրենք, որ Համաժողովրդական շարժման նպատակը ոչ թե Տեր-Պետրոսյանին կամ որեւէ անձի, այլ Հայաստանի ժողովրդին իշխանության բերելն է, ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.