> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի առաջին իսկ անդրադարձը մարտի 1-ի դեպքերի փաստական հանգամանքներին աչքի ընկավ աղաղակող ստահոդությամբ։ Ռուսական «Կոմերսանտե թերթին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե մարտի 1-ի բոլոր 10-ը զոհերը սպանվել են հրապարակից 1 կմ հեռու։ Իհարկե, դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը հրապարակ ասելով, բայց ենթադրվում է, որ խոսքը Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքի մասին է, որտեղ ընթանում էր մարտի 1-ի մեր հանրահավաքը։ Արձանագրենք նաեւ, որ 10 զոհերից երկուսը մահացել են հիվանդանոցում` մարտի 1-ից շատ օրեր անց։ Եւ այնուամենայնիվ, ինչո՞ւմ է ստում Սերժ Սարգսյանը եւ ինչո՞ւ։ Խնդիրն այն է, որ ցուցարարների առաջին, երկրորդ զոհերը արձանագրվել են Երեւանի «Ձկան խանութի» մոտ` Գրիգոր Լուսավորիչ փողոցի եզրին, Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Գր. Լուսավորիչ փողոցները միավորող էստակադայի վրա։ Այս վայրում զորքը եւ ցուցարարները կանգնած են եղել դեմ-դիմաց` 5-10 մետր հեռավորության վրա, իսկ նրանց արանքում շարժման մի քանի ակտիվիստներ են գտնվել` բախում թույլ չտալու համար։ Եւ ահա, բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարների ուղղությամբ կրակոցներ են հնչել, եւ ցուցարարները իրենց դեմքի վրա զգացել են իրենց կողքին մի ակնթարթ առաջ կանգնած երիտասարդներից մեկի ուղեղի եւ արյան ցոլքը։ Ուրեմն, արձանագրենք. առաջին զոհը արձանագրվել է ցուցարարների եւ զորքերի բախման մեկնարկից առաջ, եւ այդ սպանությունը դարձել է բախման բուն պատճառը։ Զոհվողը եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար։ Այդ սպանությունը տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանից առավելագույնը 300 մետր հեռավորության վրա։ Իմ այս խոսքերին չհավատացողները կարող են ուշադիր նայել մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող DVD-ն եւ կգտնեն ասվածը հիմնավորող փաստեր։ Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ DVD-ում առկա մի տեսարանի վրա, երբ ոստիկանական ջրցան մեքենան լվանում է իմ նշած վայրը, որը, ինչպես ապացուցում են նկարահանումները, ծածկված է արյամբ, ուղեղի եւ մարմնի այլ մասերի կտորներով։ Հարց. ինչո՞ւ է ոստիկանությունը մաքրում, լվանում հետքերը։ Շատ պարզ պատճառով, որ հնարավոր չլինի ապացուցել, որ բախումը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները տեսել են, որ իրենց սպանում են։ «Լվացմանե այդ գործընթացը, ի դեպ, ապացուցում է, որ նախապես պլանավորված են եղել ոչ միայն սպանությունները, այլեւ դրանց հիմնավորումները, եւ երբ 1500 դրամով սկսած, իսկ հիմա 50 դոլարի մակարդակի հասած պուտանկաները հայտարարում էին, որ զոհերը իրենք են մեղավոր` զոհված լինելու համար, հենց նախապես գծագրված վարկածն էին առաջ մղում։ Ու հիմա Սերժ Սարգսյանի ասածի իմաստն այն է, որ սպանված քաղաքացիական անձինք այն մարդիկ են, ովքեր հանրահավաքի վայրից 1 կիլոմետր հեռու խանութ էին թալանում։ Բայց խանութ թալանողները չէին կարող սպանվել, որովհետեւ, ինչպես պարզվեց, Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ կատարում էին երկրի բարձրագույն ղեկավարության հատուկ հանձնարարությունները։ Ու մինչ նրանք անարգել թալանում էին նախապես կրճատված տեսականիով խանութները, ոստիկանությունը լվանում էր ոճրագործության հետքերը, որ իրադարձություններից 4 ամիս անց իշխանությունը իր ուզած լեգենդներն ու ստերը շրջանառության մեջ դնելու հնարավորություն ունենա։ Չստացվեց ու չի ստացվի։

Հ.Գ. Չեմ բացառում, որ առաջին ցուցարարը սպանվել է հենց Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքի մոտ` Գր. Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Բայց այս վարկածի անհերքելի ապացույցներ այս պահին չունեմ։ Ասեմ նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազության վարկածները` սպանությունների վայրերի վերաբերյալ, հիմնականում մտացածին են թվում եւ ոչ մի վստահություն չեն ներշնչում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.