> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պետք է խոստովանեմ, որ «բարեշրջումներ իրականացնելու իշխանական վճռականությունըե» ինձ վախեցնում է։ Սրանք ոնց որ այս անգամ լուրջ են կպել գործին եւ որոշել են մինչեւ վերջ տանել «բարեշրջումների» գործը։ Չէ, սիրելի ընթերցող, դուք ճիշտ չհասկացաք իմ միտքը։ Ես ոչ թե առաջնորդվում եմ «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, այլ ուղղակի կենսափորձս հուշում է, որ «բարեշրջման» այս բումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ։ Ինչո՞ւ եմ այսպես մտածում. ինքներդ հիշեք, թե քանի անգամ եք վերջին տասը տարում «Հայլուրով» լսել Պետավտոտեսչության բարեփոխումների մասին։ Գոնե մի տասն անգամ տեսած կլինեք, թե ինչպես է մի լուրջ դեմքով պաշտոնյա ձեռքը խփում սեղանին եւ ասում, որ եկել է ճանապարհային բեսպրեդելին վերջ տալու ժամանակը։ Անգամ ՀՊԾ ներկայիս պետ Վահրամ Բարսեղյանը Քոչարյանի վերահսկողական ծառայության պետ եղած ժամանակ իր աշխատակիցներին ուղարկում էր փողոցներում նկարահանելու խախտում անող «Ջիփերը». այդ նկարահանումները անգամ ցույց էին տալիս «Հայլուրովե։ Ինչ խոսք, նկարահանումների վաճառքի վրա ինչ-որ մարդիկ լավ փող աշխատեցին։ Բայց «նկարահանումներիե ժամանակ հարկադիր պարապուրդի մատնված պետավտոտեսուչները դրա ավարտից հետո դրույքները կրկնապատկեցին։ Վնասները անհրաժեշտ էր փոխհատուցել։ Բայց սա հայոց Պետավտոտեսչության «բարեփոխումներիե բազմաչարչար պատմության մի փոքր դրվագն է։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փակեցին միջքաղաքային ճանապարհներին տեղակայված պոստերը։ Ընտրություններից հետո պոստերը նորից բացվեցին. իսկ մինչ այդ պարապուրդի մատնված պետավտոտեսուչները դրույքները բարձրացրել էին. վնասները անհրաժեշտ էր փոխհատուցել։ Պետավտոտեսչության բարեփոխումները ավարտվեցին նրանով, որ ներկայիս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը սկսեցին «Տոյոտաներ» ներմուծել Պետավտոտեսչության (եւ ոչ միայն) համար։ Իսկ պետավտոտեսուչները դրույքները բարձրացրեցին. բնականաբար` «Տոյոտայովե պետավտոտեսուչը ավելի շատ պիտի վերցնի, քան «06»-ովը։ Թե ինչով կավարտվի Պետավտոտեսչության հերթական բարեշրջումը, կռահեք ինքներդ։ Զուգահեռ հիշեք, թե քանի անգամ է Երեւանի քաղաքապետարանը «հուժկուե պայքար սկսել փողոցային առեւտրի դեմ. որպես արդյունք հիմա Երեւանի փողոցային առեւտուրը իրականացվում է գրեթե աղբակույտերի միջից։ Սա արդեն հայաստանյան օրինաչափություն է. իշխանությունը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարելու վճռականության մասին, կոռուպցիան աճում է, պայքարում է թրաֆիքինգի դեմ, թրաֆիքինգը բարգավաճում է։ Կարճ ասած` իշխանության ձեռնարկած ցանկացած բարեշրջում հանգեցնում է դրա հայտարարված նպատակի ուղիղ հակառակ արդյունքի։ Այսօր իշխանությունը հայտարարում է տոտալ բարեշրջումներ անցկացնելու վճռականության մասին։ Փաստորեն, Հայաստանը կանգնած է տոտալ կրախի վտանգի առաջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.