> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ» ՀԱՃՈՒՅՔԻ ՔՐՄՈՒՀԻՆԵՐԸ

«ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ» ՀԱՃՈՒՅՔԻ ՔՐՄՈՒՀԻՆԵՐԸ

Որքան հասկացա, «Արմենիա» հեռուստատեսությամբ «Հեռուստադուել» հաղորդում է եղել, որտեղ բանավիճել են Մարինե Պետրոսյանը եւ Վահրամ Սահակյանը, ու վերջինս իմ հասցեին ինչ-որ այլանդակ բաներ է ասել։

Ու չնայած այս առիթով Ուստա Հրանտի գրած հոդվածը ինձ ահավոր հուզեց ու ջերմացրեց, ուզում եմ իմ անձնական վերաբերմունքը արտահայտել Վահրամ Սահակյանի` իմ անձի մասին ասածների վերաբերյալ, ինչ էլ որ նա ասած լինի։ Իսկ իմ վերաբերմունքը հետեւյալն է. նա, ով զբաղվում է քաղաքականությամբ եւ ուրիշներին բաներ է ասում, պետք է պատրաստ լինի, որ իրեն էլ են բաներ ասելու։ Քավ լիցի, իմ այս դիրքորոշումը չի հակադրվում Ուստա Հրանտի գրածին, որովհետեւ նա էլ, իր հերթին, օգտվել է «բան ասելու» իր իրավունքից, եւ սա ոչ միայն նորմալ է, այլեւ լրիվ մտնում է այն ասելիքի տրամաբանության մեջ, որ պատրաստվում եմ շարադրել։ Իսկ թեման հետեւյալն է. քաղաքականությամբ զբաղվող անձի, այսինքն` քաղաքական գործչի արժանապատվությունը, անձնական արժանապատվությունը։ Մեր իշխանությունները այս թեմայով շատ են խոսել եւ ասել են մոտավորապես հետեւյալը. քննադատությունը չի կարելի շփոթել անձնական արժանապատվությունը վիրավորող արտահայտությունների հետ։ Ես շատ եմ ցանկացել այս թեմայով հոդված գրել, բայց ինչ-որ չի ստացվել։ Ու երբ Ուստա Հրանտի հոդվածը կարդացի, հասկացա, որ պահը եկել է։ Ասածս այն է, թե արդյոք հրապարակային գործիչը կարող է ունենալ անձնական արժանապատվություն, այն իմաստով, ինչ դա հատուկ է ոչ հրապարակային մարդկանց։ Իմ կարծիքով` ոչ. հրապարակային գործիչը, որի գործունեության իմաստը հանրությանը ծառայելն է, չի կարող ունենալ անձնական արժանապատվություն եւ իրավունք չունի իր հասցեին հնչած անձնական վիրավորանքներին արձագանքել այնպես, ինչպես դա պետք է անի ոչ հրապարակային մարդը։ Հրապարակային գործչի արժանապատվությունը, իմ կարծիքով, գտնվում է հանրության ձեռքում, եւ այդ արժանապատվությունը պաշտպանելու կամ չպաշտպանելու որոշումը պետք է այդ նույն հանրությունը կայացնի։ Բայց մի շտապեք հետեւություն անել, հրապարակային մարդու արժանապատվությունը պաշտպանելու մեթոդները նույնպես այլ են։ Այդ մեթոդի իմաստը հետեւյալն է. եթե հանրությունը համաձայն է ասվածի հետ, ուրեմն ասողը ճիշտ է ասում, եթե համաձայն չէ, ուրեմն սխալ է ասում։ Իսկ քաղաքականության մեջ համաձայնություն եւ անհամաձայնություն արտահայտելու մի քանի տարբերակներ կան. քվեարկությունը, օրինակ, այդ տարբերակներից մեկն է։ Եթե մի որեւէ քաղաքական գործչի գլխին անընդհատ շատ լափ են թափում, բայց հանրությունը նրան կամ նրա քաղաքական թիմին ձայն է տալիս, նրա արժանապատվությունը պաշտպանված է, եթե` ոչ, ուրեմն հնչածը, բնորոշումները ոչ թե վիրավորանք են, այլ հասարակական դատավճիռ։ Ինչ խոսք, Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվում են, մարդիկ արտահայտվելու հնարավորությունից զրկված են, բայց եթե նկատեցիք, ես խոսում եմ ոչ թե Սերժիկի սափրագլուխ, այլ մեր` քաղաքացիական Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ քաղաքացիների ամբողջությունը, այսինքն` ժողովուրդը, բարձրագույն իշխանություն է եւ բարձրագույն դատավոր։ Այսինքն` խոսում եմ ետքոչարյանասերժական, այսինքն` ժողովրդիշխանական Հայաստանի մասին, որտեղ ընտրություն, թեկուզ մեկ ձայն կեղծողի տեղը կլինի բանտը, եթե անգամ այդ մեկ ձայն կեղծողը կաթողիկոս լինի։ Ահա, ուրեմն, առողջ հասարակության մեջ քաղաքական գործչին վիրավորելը, նրան հայհոյելը կարեւորագույն ինստիտուտ պետք է լինի։ Հանրությունը պետք է ուշադիր հետեւի, թե քաղաքական գործիչը ինչպես է արձագանքում իր հասցեին նետված վիրավորանքին, եւ հետեւություն անի։ Ես, օրինակ, նողկանք ապրեցի, երբ տեսա, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայհոյում իրեն հայհոյած շարքային ֆրանսիացի ֆերմերին։ Այս բիծը Սարկոզին երբեք չի կարող իր վրայից ջնջել, չնայած կարծեմ ներողության պես ինչ-որ բան ասաց։

Բայց ինչո՞ւ ենք Ֆրանսիա հասնում. Հայաստանում մենք ունենք այդպիսի երկու դասագրքային օրինակ։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանն է. քաղաքացի Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում նրան ասաց` ողջույն, Ռոբ։ Գուցե Պողոս Պողոսյանը այս ողջույնի մեջ այնքան բարեկիրթ չի գտնվել, որքան կցանկանար ինքը` Քոչարյանը։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Պողոս Պողոսյանը ուրիշ բան պետք է ասեր Քոչարյանին։ Վերջինս, ինչպես հայտնի է, իր թիկնազորին հրամայեց «սատկացնել» Պողոսյանին, ապա եւ նրան սպանելուց հետո ասաց, որ եթե Պողոս Պողոսյանը կենդանի լիներ, ինքը նրան ասելու բան կունենար։ Արժանապատվության նման զգացողություն ունեցող մարդու տեղը ոչ թե քաղաքականությունն է, առավել եւս` նախագահի նստավայրը, այլ հոգեբուժարանը։ Ասածս չափազանցություն չի թվա, եթե հիշեցնեմ, որ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արժանապատվությունը չէր վիրավորվում, երբ ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը կանգնում էր Ղարաբաղի նախագահի նստավայրի շենքի առաջ, որ գտնվում էր Ստեփանակերտի կենտրոնում, ու վերջին հայհոյանքներն էր բարձրաձայնում այդ նույն Ռ. Քոչարյանի հասցեին, որ այդ նույն պահին գտնվում էր ԼՂՀ նախագահի իր կաբինետում։ Ինչեւէ։

Երկրորդ դասագրքային օրինակը, որ հակադիր է առաջինին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եւ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը։

Իսկ ինչպիսի՞ն է այս առումով Սերժ Սարգսյանը. բավական է հիշել, որ նա Վազգեն Մանուկյանին անվանեց «իդիոտ», Արտաշես Գեղամյանին` «դատարկ դհոլ», Արթուր Բաղդասարյանին` «հաճախորդ», լրագրող Հովհաննես Գալաջյանին` կարծեմ «բոմժե։ Բայց այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ նշված անձինք Սերժի ասածներն ընկալել են որպես հաճոյախոսություն, այնպես որ` այս դեպքը դուրս է մեր հոդվածի թեմայի շրջանակներից։

Վերադառնալով «Հեռուստադուելի» եթերից իմ հասցեին հնչածին` անկախ նրանից, թե ինչ է հնչել, ուզում եմ ասել, որ դրան պետք է նորմալ վերաբերվել։ Ես, որպես անձ, իմ հասցեին հնչած վիրավորանքից կարող եմ սենյակում փակվել ու տրտմել, գուցե ջղայնանալ, գուցե հայհոյել, բայց միայն իմ սենյակի ներսում։ Բայց եթե ես ինձ համարում եմ հրապարակային գործունեություն ծավալող անձ եւ ուզում եմ մնալ այդպիսին, իմ արձագանքը չպետք է լինի անձնային։ Այդ հեռուստադուելի ժամանակ հեռուստադիտողը քվեարկում է, ու եթե քվեարկության արդյունքներով Մարինե Պետրոսյանը հաղթել է, Վահրամ Սահակյանը` պարտվել, նշանակում է` հանրությունը պաշտպանել է իմ արժանապատվությունը։ Չնայած, «Հեռուստադուելիե քվեարկության արդյունքները նույնպես կեղծում են. Աշոտ Բլեյան-Գեղամ Մանուկյան հեռուստադուելի ժամանակ դա արեցին բացահայտ, բոլորիս աչքի առաջ։ Բնականաբար, հօգուտ կոալիցիոն դաշնակցականի։

Եւ այս ֆոնին, պետք է խոստովանեմ, ես ցնցված եմ այդ հաղորդումը վարող Գեւորգ Ալթունյանի հաբռգած լկտիությամբ։

Մարինե Պետրոսյանի հոդվածից հասկացա, որ Ալթունյանը Մարինեին ասել է, որ ինքը, այսինքն` Ալթունյանը, ո՛չ Սերժ Սարգսյանի կողմից է, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի. ինքը այն երրորդ կողմից է, որ ուզում է ուժեղ Հայաստան։

Եթե Ալթունյանը այս բանը ասած չլիներ, ես չէի գրի այն, ինչ պիտի գրեմ, որովհետեւ դա համարում էի կիսաանձնական հարց։ Բայց վերը հիշատակված իրադարձությունների արդյունքում դա դադարել է այդպիսին լինել, եւ ես պարտավոր եմ ասելիքս ասել։

2007 թվականի օգոստոսին Գեւորգ Ալթունյանը ինձ ու հանրապետական Արմեն Աշոտյանին հրավիրեց հեռուստադուելի։ Հաղորդումը նկարահանվեց, նկարահանվեց բարեհաջող, բայց չցուցադրվեց։ Դա պետք է լիներ առաջին «Հեռուստադուելըե «Արմենիայիե եթերում։ Բայց մեզնից հետո նկարահանվածները եթեր էին գնում, իսկ մեր բանավեճը չկա ու չկա։ Գեւորգ Ալթունյանը ինձ անընդհատ հանգստացնում էր` ասելով, թե հաղորդումը անպայման եթեր է հեռարձակվելու. «Ուղղակի առաջին հաղորդման համար շատ սուր է ստացվելե,- ասում էր նա։ Հետո մի օր զանգեց, հանդիպեցինք, ու ասաց, թե բա` գիտե՞ս, ոնց որ վերեւներից չեն թողնում ցուցադրենք։ Ընկճված էր երեւում. ես ըմբռնումով մոտեցա։ Նա էլ ասաց, թե հարցը սուր է դնելու. հաղորդումը պետք է ցուցադրվի եւ վերջ։ Ես համակրանքով էի վերաբերվում Գեւորգ Ալթունյանին ու, հետաքրքրված «հարցը սուր դնելուե նրա վճռականությամբ, ամեն շաբաթ զանգում էի նրան ու հարցնում, թե ինչ եղավ հաղորդումը։ Զգացի, որ Գեւորգ Ալթունյանը սկսել է «կռուտիտե լինել ու փորձում է «ականջներիցս լապշա կախելե։ Մեր թերթի լրագրողներից մեկին խնդրեցի հաղորդման ճակատագրի մասին պաշտոնապես հետաքրքրվել. Ալթունյանն ասել էր, որ «զվուկըե, այսինքն` բանավեճի ձայնը, խոտանվել է։ Այս մասին մեր թերթում հրապարակում եղավ, իսկ հաղորդումը, բնականաբար, չցուցադրվեց։ Պատճառը պարզ է. ես ասել էի այն ամենը, ինչ մտածում եմ Սերժի, նրա եղբայր Սաշիկի, նրա շեֆ Ռոբերտի եւ նրա շրջապատի մասին։ Այս հաղորդման չցուցադրման պատասխանատվությունը քաղաքական չեզոքություն պահպանող Ալթունյանը վերցրեց իր վրա։ Այսինքն` նա իր շեֆերի հետ հավասարապես մասնակցեց հաղորդումը փոզմիշ անելու գործին։ Լավ, չցուցադրեց` չցուցադրեց, Աստված իր հետ։ Աստված իր չեզոքության հետ։

Բայց ինչքան հասկացա, իմ ասածները Սերժի եւ իր եղբայր Սաշիկի մասին ավելի կոշտ չեն եղել, քան իմ մասին Վահրամ Սահակյանի ասածները։ Այսպես եզրակացնում եմ Ուստա Հրանտի հոդվածից. եթե Հրանտի նման օբյեկտիվ, բարի, հանդուրժող մարդուն Վահրամ Սահակյանի ասածները զայրացրել են, ուրեմն իրոք այլանդակ բաներ են ասվել։

Ինչո՞ւ եմ այս ամենը ասում. եթե հարգարժան Գեւորգ Ալթունյանը իրոք չեզոք է, իմ հասցեին հնչած հայհոյանքը թող եթեր չթողներ, թող հիշեր, որ Սերժ-Սաշիկ զույգի մասին իմ փաստարկումները (ոչ հայհոյանքները) եթեր չի թողել։ Եւ ուրեմն, ելնելով այս ամենից, սիրելի ընթերցող, ուզում եմ ապացուցված համարել այն, որ Գեւորգ Ալթունյանի, նրա ընկեր Պետոյի, նրա մրցակից Նվերի «չեզոքությունըե ընդամենը էժանագին տրյուկ է։

Իրականում նրանք չեզոք չեն, իրականում նրանք ուզում են ոչ թե ուժեղ Հայաստան, այլ Ուժեղների Հայաստան, որ այդ ուժեղների կոշիկները լիզեն։ Նրանք վաղը պատրաստ են լինելու լիզել այսօրվա ընդդիմադիրների կոշիկները եւ այսօր ասում են, որ իրենք չեզոք են, որ վաղը չկորցնեն այդ հնարավորությունը։ Բայց վաղվա իշխանությունը պետք է հրաժարվի նրանց ծառայությունից։ Ոչ թե եթերից զրկի կամ պատժի, այլ ասի` տղերք, դուք ապրում եք Ազատ Հայաստանում եւ ինքնադրսեւորվելու համար որեւէ մեկի կոշիկը լիզելու կարիքը չունեք։ Ծաղկեք, աճեք, ձեր հնարավորությունները իրացրեք ինչքան կարող եք, որովհետեւ դուք Ազատ Հայաստանի Ազատ քաղաքացի եք։

ի դեպ

Մեր մի քանի զրույցների ընթացքում Գեւորգ Ալթունյանը քիչ էր մնում աչքերս հանի։ Ժիրայր Սեֆիլյանի հարցով։ Նա ասում էր` ինչպե՞ս կարելի է Սեֆիլյանի նման հերոսին դատել ապօրինի զենք պահելու շինծու մեղադրանքով։ (Կարծես ես էի դատում Սեֆիլյանին)։ Բայց խնդիրն այն է, որ ես Ալթունյանին ոչ մի անգամ չտեսա Սեֆիլյանի դատին կամ ի պաշտպանության նրա կազմակերպված ակցիաներին։ Նրա ազգանունը չտեսա ի պաշտպանություն Սեֆիլյանի կազմակերպված ստորագրահավաքներից ոչ մեկի ցանկում։ Նրան չտեսա նաեւ բանտից դուրս եկող Սեֆիլյանին դիմավորողների մեջ։ Դե, հասկանալի է, նա չեզոք է եւ իր գործը համարում է պատերի տակ բամբասելը։

Հա, լսել եմ` Գեւորգ Ալթունյանը «Արմենիայովե ինչ-որ կազինո է գովազդում։ Չեմ զարմանա, եթե իր շեֆ Բագրատի հետ դուետով պրեզերվատիվ գովազդի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.