> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մի հարցում իշխանություններն ու նրանց մանկլավիկները իսկապես ամենօրյա առաջընթաց են արձանագրում։ Այդ ամենօրյա բարգավաճման ոլորտը նենգափոխումն է։ Սա թերեւս ռոբերտասերժական ռեժիմի ստրատեգիական զենքն է ընդդիմության դեմ. ու հասկանալի է։ Եթե չնենգափոխեն, չեն կարող հակադարձել։ Իսկ ինչո՞ւմ է կայանում նենգափոխումը։ Շատ պարզ բաներում. ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը Հայաստանում ներդրել են կառավարման ավազակապետական համակարգ, ժամուկես տեւած ելույթում փաստերով հիմնավորում է իր այս տեսակետը եւ եզրակացնում, որ ավազակապետական համակարգը պետք է կազմաքանդել, որովհետեւ դա պետականակործան համակարգ է։ Սերժ Սարգսյանը սրան արձագանքում է բառացիորեն հետեւյալ կերպ. Տեր-Պետրոսյանը առաջարկում է քանդել պետությունը։ Նույնը կրկնում են նրա մանկլավիկները։ Հաջորդ ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ գործող իշխանությունները Հայաստանում ներդրել են սեփականության մոնղոլ-թաթարական խանական համակարգ։ Մանրամասն, գիտականորեն բացատրում է, թե ինչում է այս համակարգի էությունը, ապացուցում է, որ այդ համակարգը իսկապես գործում է Հայաստանում։ Սերժ Սարգսյանը սրան արձագանքում է այսպես. Տեր-Պետրոսյանը մեզ ասում է մոնղոլ-թաթար։ Սա կրկնում են նաեւ նրա մանկլավիկները։ Եթե անգամ այսպես լիներ, ՍՍ-ն չպետք է վիրավորվեր, որովհետեւ մոնղոլ-թաթարները աշխարհակալ, լուրջ ազգ են եղել` իրենց ժամանակներում։ Այսօր էլ թաթարները լուրջ ազգ են։ Բայց համաձայնեք` եթե մեկին անվանում ես հայկական մուֆլոն, դժվար է կլինի ասել, թե այդ մեկին հայ ես անվանում, որովհետեւ հայկական մուֆլոնը ազգություն չունի եւ ընդամենը կազյոլի մի տարատեսակ է։ Բայց եթե դու իսկապես հայկական մուֆլոն ես, ու քեզ անվանում են հայկական մուֆլոն, ու դու չես ընդունում դա, իրականությունից խուսափելու համար` պետք է նենգափոխես. պիտի ասես` տեսա՞ք, ինձ հայ ասաց։ Մի՞թե նման եմ հայի։ Իհարկե, նման չես, որովհետեւ դու ոչ թե հայ ես, այլ մուֆլոն։ Բայց վերը բերվածները նենգափոխման ամենամեղմ տարբերակներն են. իր հենց առաջին ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց, որ իր քաղաքական վերադարձի նպատակներից մեկը Ղարաբաղի ազատության միջազգային դե յուրե ճանաչումն է։ Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի առաջին կոնգրեսի բանաձեւում, որ Համաժողովրդական շարժման հիմնարար փաստաթղթերից է, հստակ ասվում է, որ Տեր-Պետրոսյանի թիմի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է։ Այս փաստաթղթերը կան, գոյություն ունեն, եւ ցանկացողները կարող են գտնել հինգ րոպեում։ Եւ ահա, վերը բերված ծրագրային թեզերին Սերժ Սարգսյանը պատասխանում է` Տեր-Պետրոսյանը ցանկանում է ծախել Ղարաբաղը։ Սա կրկնում է Գնալուստ Սահակյանը, սա կրկնում են մյուս մանկլավիկները։ Բայց մի բան եմ ուզում ասել նրանց. այդքան շատ մի խոսեք Ղարաբաղը վաճառելու մասին, որովհետեւ դուք ինչքան շատ եք խոսում Ղարաբաղը վաճառելու մասին եւ ինչքան շատ եք ձեզ «վաճառքիե հակառակորդ երեւակայում, այնքան մեծանում է ռիսկը, որ ՀՀ-ում կհայտնվեն Ղարաբաղի վաճառքի կողմնակիցներ։ Եւ ի դեպ, հանրության շրջանում այդպիսի շշուկներ արդեն լսվում են։ Սա չափազանցություն չէ, եւ սա ձեր գործունեության արդյունք է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.