> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Բնակարանային ճգնաժամով նեղված Մոսկվայի բնակիչները նետվելու են ձեր հոյաշեն քաղաքը։ Մայրաքաղաքն ավտոմատիկ կերպով տեղափոխվելու է Վասյուկի։ Այստեղ է գալու կառավարությունը։ Վասյուկին վերանվանվելու է Նյու Մոսկվա, Մոսկվան` Հին Վասյուկի։ (…) Նյու Մոսկվան դառնալու է Եվրոպայի եւ մոտ ապագայում ամբողջ աշխարհի պերճաշուք կենտրոնը։ (…) Իսկ հետագայում եւ տիեզերքի…»։

Օ.Ի. Բենդեր «12 աթոռ»

ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը նախանձելի կերպով հավատարիմ են մեկ այլ շախմատային տիտանի` Օստապ Իբրահիմովիչ Բենդերի ավանդներին։ Կառլ Մարքսի եւ Ֆրիդրիխ Էնգելսի նման Օստապ Բենդերը նույնպես չկարողացավ անձամբ իրագործել իր զարգացման ծրագրերը եւ միայն տեսական թեզեր ժառանգեց ապագայի սերունդներին։ Բայց ինչպես Լենինն ու Կրուպսկայան 20-րդ դարի Ռուսաստանում իրագործեցին Մարքսի եւ Էնգելսի գաղափարները, այնպես էլ Հայաստանում Սարգսյանները հետամուտ են Բենդերի իդեալների իրագործմանը։ Բենդերյան թեզերում անկյունաքարային տեղ է գրավում Նյու Վասյուկիի տեսլականը, եւ բնական է` մեր շախմատային տիտանները պետք է սկսեին հենց այս կետից։ Առայժմ մեծ թափով իրագործվում է այդպիսի երկու լայնամասշտաբ ծրագիր` «Դիլիջան` Ֆայնեյշլ Վասյուկի» եւ «Գյումրի` Կալչըր Վասյուկի»։ Հայաստանի կենտրոնական բանկը, ինչպես հայտնի է, տեղափոխվելու է Դիլիջան։ Սրանից հետո Դիլիջանը դառնալու է հզոր ֆինանսական կենտրոն` սկզբում հայաստանյան, հետո` տարածաշրջանային, հետո… Հետո եվրոպական կապիտալիստները հասկանալու են, որ շատ ավելի շահավետ ու անվտանգ է փողերը, ոսկին ու ադամանդը պահել Դիլիջանում եւ գործարքներ իրագործել «Գալավինո-բանկի» եւ «Պապանինո-բանկի» միջոցով։ Շվեյցարական բանկերը կսնանկանան եւ ստիպված կլինեն համակերպվել Դիլիջանի բանկերի ծայրամասային մասնաճյուղերի կարգավիճակին։ Դիլիջանը կվերանվանվի Նյու Ցյուրիխ, Ցյուրիխը` Հին Դիլիջան։ Նյու Ցյուրիխը կգրավի նաեւ այլմոլորակային գործարարներին, որոնք կնախընտրեն իրենց մարսոները պահել Գալավինոյի եւ Պապանինոյի դրամատներում։ Սա էլ, իր հերթին, զարկ կտա տիեզերագնացության զարգացմանը. Սիսիանում` Դիք-Դիք քարերի մոտակայքում, կկառուցվի առաջին հայկական տիեզերակայանը, որը զբոսաշրջիկներ եւ ներդրողներ կընդունի Մարսից, Յուպիտերից, Վեներայից. հայ շինականը հնարավորություն կունենա արտագնա աշխատանքի մեկնել այդ մոլորակներ եւ հարազատներին փող ուղարկել «Վասյուկի Յունիոնե դրամական փոխանցումների` միջմոլորակային համակարգով։ 88-ի երկրաշարժից փլուզված Գյումրին, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ վերականգնել է (չնայած` երկրաշարժը մեկ անգամ է եղել), ահա այդ Գյումրին կվերանվանվի Նյու Փարիզ, Փարիզը` Հին Գյումրի։ Թուրքի մայլեն կվերանվանվի Նյու Լուվր, Լուվրը` Հին Թուրքի մայլա, 58-ը` Նյու Մոնմարտր, Մոնմարտրը` Հին 58։ Հենց Նյու Փարիզում տեղի կունենա առաջին միջմոլորակային Բիենալեն, ուր եւ կդրվեն տիեզերական մշակույթի հիմքերը։ Նյու Ցյուրիխի, Նյու Փարիզի, Նյու Բոյկանուրի հիմնումը կփոխի ոչ միայն դիլիջանցիների, գյումրեցիների, սիսիանցիների, այլեւ բոլոր հայաստանցիների, մարդկության եւ ողջ տիեզերքի կյանքը։ Առաջ` Վասյուկի…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.