> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մեծ թվով ընդդիմադիր գործիչներ, իրենց ելույթներում խոսելով ռոբերտասերժական վարչակազմի գործունեության մասին, ի վերջո եզրակացրել են, թե Հայաստանը օկուպացված է այդ վարչակազմի կողմից։ Իշխանական դեմքերը նման արտահայտությունները դասել են «ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրելուե փորձերի շարքին։ Այսպես մտածողները համոզված են, որ «օկուպացիա» հասկացության կիրառումը նպատակ ունի մատնանշել Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ղարաբաղյան ծագումը, ինչը պետք է ցույց տա նրանց օտարությունը հայաստանյան միջավայրին։ Այսպիսի մեկնաբանության հեղինակները, սակայն, ընկալել են «օկուպացիա» հասկացության մակերեսը միայն, որը չի արտահայտում նրա բուն իմաստը։ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը կարող էին լինել իջեւանցի, բայց դրանով չէին դադարի օկուպանտ լինել, կամ գյումրեցի Վարդան Ղուկասյանը պակաս օկուպանտ չէ Գյումրիի համար։ Դա իրոք այդպես է, որովհետեւ օկուպացիան ոչ թե էթնիկ կամ ծագումնաբանական, այլ իրավական երեւույթ է, եւ սա հասկանալու համար եկեք հարցը դիտարկենք հայտնի պատմական օրինակի վրա։ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին ֆաշիստական Գերմանիայի զորքերի գործողությունները ընդդեմ Ֆրանսիայի (այս օրինակն ընտրված է պատահաբար) որակվեց որպես օկուպացիա։ Բայց մի՞թե գերմանացիները օկուպանտ համարվեցին գերմանացի լինելու պատճառով. իհարկե` ոչ։ Նրանց օկուպանտ լինելու պատճառը ոչ թե ծագումն էր, այլ այն, որ նրանք ֆրանս-գերմանական սահմանը հատել էին ապօրինի, մարդկանց դատել եւ գնդակահարել էին ապօրինի, իրենց իշխանությունը հաստատել էին ապօրինի կերպով։ Նրանք վերացրին Ֆրանսիայի հիմնարար օրենքները եւ սահմանեցին սեփական օրենքներ. բոլոր այս օրենքները, սակայն, ապօրինի էին։ Այսինքն` օկուպացիայի բնորոշումը, իմաստը, էությունը ոչ թե էթնիկ է, այլ իրավական, պրոբլեմը ոչ թե այլազգի, այլ օտար իշխանության մեջ է, օտար ոչ թե գենետիկ, այլ սահմանադրական իմաստով։ Ֆաշիստները Ֆրանսիայում հաստատեցին ոչ թե գերմանացիների իշխանություն, այլ ապօրինության իշխանություն. ապօրինության իշխանություն, որը կեղեքում էր ոչ միայն ֆրանսիացիներին Ֆրանսիայում, այլեւ գերմանացիներին Գերմանիայում։ Ահա, ուրեմն, երբ ասում ենք, որ քոչարյանասերժական վարչախումբը օկուպացրել է Հայաստանը, նկատի ունենք ոչ թե այն, որ ղարաբաղցին իրավունք չունի ՀՀ-ում իշխանություն ունենալ, այլ այն, որ այդ վարչախումբը ապօրինի կերպով ՀՀ-ում վերցրել է իշխանությունը, փաստացի վերացրել է ՀՀ-ում գործող օրենքները եւ գործում է ըստ իր կողմից ապօրինի կերպով հաստատված` գրված եւ չգրված օրենքների։ Վարչախումբը ոչնչացրել է ՀՀ սահմանադրական կարգը, ըստ որի` մեր երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Քոչարյանասերժական վարչակազմի համար իշխանության աղբյուրը ապօրինությունն է ու բռնությունը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում. շատ պարզ մի բան` օկուպանտը, ապօրինի իշխանություն հաստատածը, իրավունք չունի խոսել օրենքի անունից, որովհետեւ նա չունի օրենքներ սահմանելու եւ դրանք կիրառելու իրավունք։ Սա նշանակում է, որ քոչարյանասերժական վարչախմբի բանտերը ապօրինի են` համակենտրոնացման ճամբարների նման, նրա դատարանները օրենքից դուրս են` ֆաշիստական ռազմադաշտային դատարանների պես, նրա ոստիկանությունը ապօրինի կառույց է` օկուպացիոն զորքի պես։ Սա նշանակում է նաեւ, որ ժողովուրդը ազատ է իր ինքնիշխանությունը վերականգնելու մեթոդների ընտրության մեջ։ Ժողովրդի կամքը հենց այն է, ինչ կոչվում է օրենք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.