> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2007 թվականի փետրվարի 20-ին «Այլընտրանք» հ/ք նախաձեռնությունը Երեւանի Ազատության հրապարակում անցկացրեց իր առաջին հանրահավաքը եւ հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում հանրահավաքների շարք անցկացնել։ Հաջորդ հանրահավաքը նախատեսված էր մարտի սկզբին Ազատության հրապարակում։ Երեւանի քաղաքապետարանը, սակայն, հրաժարվեց մեր իրազեկումն ի գիտություն ընդունել` պատճառաբանելով, որ մարտից մինչեւ հունիս քաղաքապետարանը Ազատության հրապարակում անցկացնում է «Գարուն-2007» փառատոն։ Քաղաքապետարանի` հանրահավաքը արգելելու որոշումը մենք բողոքարկեցինք դատարան։ Շատ շուտով Ազատության հրապարակում մի հսկայական բեմ կառուցվեց, իսկ դատարանում ներկայացվեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ստորագրությամբ մի որոշում` «Գարուն-2007» փառատոնն անցկացնելու մասին։ Կցված էր նաեւ փառատոնի շրջանակներում Ազատության հրապարակում կայանալիք միջոցառումների ժամանակացույցը։ Պարզվեց` միջոցառումները, բոլորը` առանց բացառության, մանկական են. երեխաները պետք է ֆուտբոլ, բասկետբոլ խաղային Ազատության հրապարակում, պարեին եւ երգեին։ Միջոցառումներից ամեն մեկը, ըստ Զախարյանի ստորագրած որոշման, ուներ պատասխանատու։ Ես չալարեցի, զանգեցի բոլոր «պատասխանատուներինե, որոնց անունները գրված էին Զախարյանի որոշման մեջ։ Որպես «ՀԺ»-ի ներկայացուցիչ հարցազրույցներ արեցի այդ մարդկանց հետ։ Արդյունքը ցնցող էր. այդ մարդկանցից ոչ ոք երբեք չէր լսել «Գարուն-2007» փառատոնի մասին, որ պետք է սկսվեր 2-3 օրից։ Դատարանին միջնորդեցինք այդ անձանց հրավիրել որպես վկա, որովհետեւ, ըստ Զախարյանի որոշման, հենց նրանք են անցկացնելու փառատոնը։ Դատարանը մերժեց միջնորդությունը եւ ընդհանրապես մեր հայցը։ Չնայած սրան` մենք որոշեցինք հանրահավաքն անցկացնել հենց Ազատության հրապարակում նախատեսված օրը եւ ժամին։ Հանրահավաքից մեկ ժամ առաջ ոստիկանության հատուկ ջոկատայինները շրջափակեցին Ազատության հրապարակը։ Մենք դա նախատեսել էինք, եւ հավաքվեցինք Մարգարյանի ծննդատան մոտ` երթով դեպի Ազատության հրապարակ գնալու համար։ Եթե ոստիկանությունը մեզ կանգնեցներ, պիտի ասեինք, որ գնում ենք «Գարուն-2007ե փառատոնին մասնակցելու։ Մոտ 200 հոգով Մարգարյանի ծննդատան մոտից շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ։ Ու երբ հասել էինք «Զիգզագ» խանութի մոտ, մեզ զանգեցին, ասացին, որ հատուկ ջոկատայինները հեռացան։ Մենք անարգել մտանք Ազատության հրապարակ. տեսարանը, որին ականատես եղանք, զարհուրելի էր. հսկայական բեմի վրա պարում էին 25-30 3-րդ, 4-րդ դասարանի աղջիկ-երեխաներ։ Մարտի սկիզբն էր, անձրեւոտ էլ օր. այդ երեխաները բեմական թեթեւ զգեստով էին եւ կապտել էին ցրտից։ Նրանց առաջ որպես հանդիսատես կանգնած էին հենց իրենց մայր ծնողները` ձեռքներին պահած երեխաների զգեստները։ Դա փառատոն էր առանց հանդիսատեսի. Ռոբերտ Քոչարյանը որոշել էր այդ երեխաներով պաշտպանվել հանրահավաքներից։ «Փառատոնըե հաղորդավար ուներ, որը տեղադրված հզոր բարձրախոսի մեջ այնպես էր գոռում, որ մեր հանրահավաքի ձայնը չլսվի։ Նույնքան բարձր միացնում էին երաժշտությունը։ Մեր հանրահավաքը, որին մասնակցեց 500-600 մարդ, կայացավ Սպենդիարյանի գերեզմանի մոտ, որ գտնվում է Ազատության հրապարակում։ Հետո մենք երթ արեցինք հենց Ազատության հրապարակում։ Դրանից հետո «Գարուն-2007» փառատոնի շրջանակներում ոչ մի միջոցառում չկայացավ, բայց հսկայական բեմը մնաց Ազատության հրապարակում, որը շուրջօրյա հսկում էին ոստիկանները։ Շատ չանցած` հանեցին նաեւ բեմը։

ՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.