> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթե Հայաստանի քննչական մարմինները ստիպված լինեին վերնագիր դնել իրենց կողմից քննվող քրեական գործերին եւ ստիպված լինեին այդպիսով անկեղծորեն արտահայտել իրենց նկատառումները, այն գործը, որի շրջանակներում հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ անազատության մեջ հայտնվեցին կամ հալածվեցին, պիտի վերնագրեին «Ընդդիմության սխալըե։ Ինչպես հայտնի է, այդ քրգործով վարչախումբը փորձում է ապացուցել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը ՀՀ-ում պետական հեղաշրջում անելու, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է արել։ Եթե այսպիսի ձեւակերպմամբ գործ հարուցված լիներ գոնե մարտի 1-ի դեպքերից հետո, դա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ։ Բայց միայն «ինչ-որ տեղե, որովհետեւ մարտի 1-ը ամենամեծ ապացույցն է այն բանի, որ ընդդիմությունը բռնությամբ իշխանությունը զավթելու ծրագիր չի ունեցել։ Վարչախումբը որպես հեղաշրջման սցենարի ապացույց մատնանշում է այն, որ մենք Մյասնիկյանի արձանի մոտակայքում բարիկադներ ենք ձեւավորել։ Այդ պարոնները, սակայն, չեն նկատել, որ հարձակվողներին բարիկադներ ոչ միայն պետք չէին, այլեւ միայն խանգարելու էին. բարիկադներ կառուցողները հստակ հայտարարեցին, որ մնում են Մյասնիկյանի արձանի մոտ, ոչ մի տեղ չեն գնում, ոչինչ չեն ձեռնարկում. համաձայնեք` դժվար էր Մյասնիկյանի արձանի մոտ մնալով` իշխանությունը բռնազավթել, որովհետեւ այդ իշխանությունը Մյասնիկյանի արձանի մոտ չէր գտնվում, այլ Բաղրամյան պողոտայում։ Եթե անգամ Բաղրամյանի կամ Հանրապետության հրապարակի կառավարական շենքերը գրավելու ծրագիր լիներ, անշուշտ, ամեն ինչ պետք է սկսվեր Երեւանի քաղաքապետարանի շենքից, որը գտնվում էր մարտի 1-ի իրադարձությունների թատերաբեմում եւ լրիվ անպաշտպան էր։ Երեւանի քաղաքապետարանի շենքը գրավելու համար անգամ գրոհի կարիք չէր լինի, պարզապես պետք էր բացել դուռը եւ վերցնել շենքը, մի բան, որ տեղի չունեցավ։ Եւ հետո, բոլորը մոռանում են, որ մինչեւ ատամները զինված զորքը այդպես էլ չի կարողացել ցրել Մյասնիկյանի արձանի մերձակայքում գտնվող ցուցարարներին, եւ նրանք հեռացել են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչից հետո։ Ինչո՞ւ եմ սա ընդգծում. այն պարզ պատճառով, որ եթե գրոհի ծրագիր կար, ցույցը ցրելու իշխանության անկարողությունը այդ գրոհը սկսելու հիանալի խթան եւ հնարավորություն էր տալիս եւ կանխորոշում այդ գրոհի ելքը։ Գրոհը, սակայն, մարտի 1-ին տեղի չունեցավ։ Բայց սա կարեւոր չէ քննչական մարմնի համար. ինչպես նշեցինք` իշխանության բռնազավթման հատկանիշներով քրեական գործը հարուցվել էր շատ ավելի շուտ` փետրվարի 24-ին, իսկ արդեն 2007 թվականի աշնանը` Սերժի հետ ունեցած հանդիպումից հետո, Դհոլը աղաղակում էր այն ամենի մասին, ինչ գրված էր 2008 թվականի փետրվարի 24-ին հարուցված քրեական գործի հիմնավորումներում։ Ի՞նչ է, ուրեմն, այս ամենը նշանակում. թերեւս մեկ բան։ Դեռեւս 2007 թվականի աշնանը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց հաշիվ են տվել, որ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները, իրենց անհրաժեշտ արդյունքները ապահովելու են զանգվածային բռնություններով։

Նրանք, ընդհանրապես, իշխանության միայն 1 աղբյուր են ճանաչում` բռնությունը։ Եւ ըստ այդ տրամաբանության, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լրջորեն հավակնում է իշխանության, պետք է բռնությունների մանրամասն ծրագիր ունենա։ Ինչ խոսք, վերը հիշատակված քրգործը իշխանությունների պլանավորած բռնությունների կարեւոր օղակ է. մյուս կողմից, սակայն, այն արտահայտում է Քոչարյանի եւ Սարգսյանի մտածումներն այն մասին, թե, իրենց կարծիքով, ինչ պետք է աներ Տեր-Պետրոսյանի թիմը` իշխանության հասնելու համար։ Այդ ամենը Տեր-Պետրոսյանի թիմը չի արել, կնշանակի` սխալվել է։ Քաղաքական պայքարի այն ձեւը, որ նախընտրում է Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը «թատրոնե անվանեց, իսկ «ապառիկովե հարուցված քրգործով Սերժն ու իր շեֆը փորձում են ապացուցել, որ «թատրոնովե հնարավոր չէ կազմաքանդել իրական արյան վրա, իրական դիակների վրա հիմնված եւ միայն բռնությանը հավատացող իշխանությունը. բայց մենք կապացուցենք, որ նրանք սխալվում են։ Թատրոնը լավագույն զենքն է մարիոնետների դեմ։

Հ.Գ. Սերժը Դհոլի եւ ԱԽՔ-ի հետ անկեղծ է խոսել. «Աջուձախ կոտորելու ենք, մեղք եք, ոտքի տակ մի ընկեք. էս էլ ձեր հաշիվըե,- ասել է նա։ Այդ երկուսը այնքան են վախեցել, որ ինչեւ հիմա վնգստում են ու դեռ երկար կվնգստան։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.