> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2008-06-12_xmbagrakanՍերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջին հանդիպման օրը լարված հետեւում էի լրահոսին` սպասելով անխուսափելի սկանդալի մասին տեղեկատվության։ Սպասված տեղեկատվությունը, սակայն, այդպես էլ չհայտնվեց օրվա լուրերի մեջ, ինչը նշանակում էր, որ սկանդալը տեղի չի ունեցել. ավելին, շուտով Սարգսյան-Ալիեւ բանակցությունների լուսանկարներ հայտնվեցին, որտեղ Սերժն ու Իլհամը ժպտում էին իրար կորցրած, ապա պատահաբար հանդիպած հարազատ եղբայրների պես։ Իսկ ինչո՞ւ էի ես սկանդալի սպասում. եթե հիշում եք, իր online հարցազրույցի ժամանակ, որ տեղի ունեցավ մարտի կեսերին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ինքը Իլհամի առաջ հստակ խնդիր է դնելու. եթե ինքը, այսինքն` Իլհամը, կարծում է, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ում Ադրբեջանի անցկացրած բանաձեւի տրամաբանությամբ, այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, ինքը, այսինքն` Սերժը, իրա, այսինքն` Իլհամի հետ խոսելու բան չունի։ Այս հայտարարությունը անելիս Սերժը մտածում էր, թե Իլհամի հետ հանդիպելու է ապրիլի սկզբին` Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Բայց հանդիպումը չկայացավ, որովհետեւ Իլհամը հրաժարվեց տեսնվել Սերժի հետ` այսպիսով ստիպելով, որ համանախագահները եւ Սերժը հանդիպում աղերսեն իրենից։ Ես չսխալվեցի` աղերսողների շարքում հիշատակելով Սերժ Սարգսյանին, որովհետեւ Ալիեւի հետ բանակցությունը միակ լուրջ ֆորմատն էր, որտեղ Սերժը միջազգային հանրության առաջ կարող է լիարժեք ներկայանալ որպես Հայաստանի ղեկավար։ Ալիեւը չէր կարող չգիտակցել, որ այս հանդիպմանը համաձայնելով` մեծ ծառայություն է մատուցում Սերժին եւ, բնականաբար, չէր կարող դա անել առանց իր դիրքի ուժեղությունը ցուցադրելու, ինչը արեց Բուխարեստում, եւ հստակ քաղաքական դիվիդենդներ շահելու, ինչը արեց Մոսկվայում։ Հայաստանում ոչ ոք չնկատեց, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին հաստատ հայտարարություն հնչեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Մոսկվա կատարած այցի ժամանակ. Նալբանդյանը Մոսկվա էր գնացել ռուսներին խնդրելու, որ նրանք Իլհամին համոզեն Սանկտ Պետերբուրգում հանդիպել Սերժի հետ եւ (կամ) վերջին պահին չհրաժարվել հանդիպումից։ Իլհամն էլ ՌԴ-ում Սերժի հետ հանդիպելու համաձայնությունը թանկ վաճառեց Ռուսաստանի վրա. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ոչ միայն գովեստի խոսքեր շռայլեց Ադրբեջանի իր պաշտոնակցի հասցեին, այլեւ հուլիսի սկզբին պատրաստվում է մեկնել Բաքու։ Այս պայմաններում, հասկանալի է, Սերժ Սարգսյանը չէր կարող հիշել, թե ինչ պետք է ասեր Իլհամին, չէ՞ որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է. ուղղակի լավ չէ, որ Ադրբեջանի նախագահի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ նա հայտնվում է մի իրավիճակում, որ իր մերձավոր շրջապատի մարդիկ անվանում են մեկ բառով. ֆուֆլո։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.