> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Սերժանտական իշխանությունը իր խոսափողների բերանն է դրել պրոպագանդիստական-տիպային արտահայտություններ, որոնք շրջում են ասուլիսից ասուլիս, ելույթից ելույթ, հարցազրույցից հարցազրույց` որպես նպատակ ունենալով ուղեղների լվացումը։

Ու չնայած բոլոր այդ սերժանտական փաստարկները սպառիչ պատասխաններ են ստացել, դրանց շրջապտույտը շարունակվում է։ Այս հոդվածի նպատակն է եւս մեկ անգամ անդրադառնալ սերժանտական պնդումներին եւ մի շարք հարակից հարցերի։ Թող ներողամիտ լինի ընթերցողը, եթե նկատի նախկինում հնչած որոշ մտքերի կրկնություններ։ Եւ այսպես` ի՞նչ է պնդում վարչախումբը։

Պնդում ա - մարտի 1-ի իրադարձությունները ձեռնտու չէին իշխանություններին եւ ձեռնտու էին ընդդիմությանը։

Իրականում սա ոչ թե փաստարկ է, այլ սովորական իղձ։ Քոչարյանասերժական վարչախմբի համար, անշուշտ, լավ կլիներ, եթե չլիներ մարտի 1-ը, բայց իշխանությունը մնար իրենց ձեռքում։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ առանց մարտի 1-ի կոտորածի քոչարյանասարգսյանական զույգը չուներ իր իշխանությունը էականորեն երկարաձգելու ոչ մի հնարավորություն։ Ինչ խոսք, հիմա վարչախումբը ժամանակի վրա է խաղում, բայց մարտի 1-ին կամ 2-ին ժամանակը սպառվում էր։ Մարտի 1-ին քոչարյանասերժական վարչախումբը օգտագործեց իշխանությունը երկարաձգելու միակ շանսը։ Եթե չհնչեին կրակոցները, եթե չլիներ գրոհը Ազատության հրապարակի վրա, իշխող կլանի փլուզումը դառնում էր անհետաձգելի։ Մարտի 1-ի սպանդը քոչարյանասերժական վարչախմբի միակ շանսն էր, այնպես, ինչպես 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։

Ինչ վերաբերում է Համաժողովրդական շարժմանը, մարտի 1-ին այն կրեց ծանր, անդառնալի կորուստներ, նրա հաղթարշավը սպանդի պատճառով ընդհատվեց, ողջ ակտիվը, ղեկավար կազմի հսկայական մասը հայտնվեցին բանտում կամ ընդհատակում, դարձան ոստիկանական հետապնդումների թիրախ։ Ինչ խոսք, մի հարցում իշխող կլանի հաշվարկը սխալ դուրս եկավ. Քոչարյանին թվում էր, թե 10 տարվա ընթացքում իրեն հաջողվել է Հայաստանի ժողովրդին զրկել ողնաշարից։ Սխալվեց, եւ ինչպես մարտի 1-ից առաջ, հիմա էլ իշխանության ժամանակը սպառվում է. ընդ որում, սպառվում է բռնությամբ ավելացված խաղակեսի ավելացված ժամանակը։

Պնդում բ - Սերժ Սարգսյանը չէր ուզում արյունոտ ճանապարհով հայտնվել նախագահի նստավայրում։

Ես զսպում եմ ծիծաղս. ախր Սերժ Սարգսյանը նախագահականում հայտնվելու ուրիշ ճանապարհ չուներ։ Չէ՞ որ Ժողովուրդը հենց նրա անվան հետ է կապում կոռուպցիոն համակարգի անմիջական ղեկավարումը։ Եւ այսպիսի մարդը ինչպե՞ս կարող էր իլյուզիաներ ունենալ, թե առանց բռնության կարող է նախագահ դառնալ։ Իսկ բռնությունները սկսվել էին շատ ավելի շուտ` Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթից անմիջապես հետո։

Բայց լավ. եթե Սերժ Սարգսյանը չի ուզում լինել արյունոտ նախագահ, կարող է շատ հեշտ ապացուցել դա. թող մեկ շաբաթվա ընթացքում հայտարարի իր հրաժարականի օրը, ասենք` հոկտեմբերի 1։ Մինչեւ հոկտեմբերի 1-ը թող զբաղվի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման նախապատրաստությամբ. ասենք` «Մշակույթե հեռուստաալիքի փոխարեն «Նախագահական ընտրություններե հեռուստաալիքի ստեղծմամբ, որի եթերում կլինեն միայն նախագահի թեկնածուների շտաբների տրամադրած նյութերը` վճարովի եւ անվճար սկզբունքով։ Թող ոստիկանության պետ նշանակվի այն անձը, որի թեկնածությունն առաջադրի ինքը` Սերժ Սարգսյանը, բայց որի թեկնածությանը համաձայնություն տա նաեւ միացյալ ընդդիմությունը։ Մարտի 1-ի գործով կալանվածների խափանման միջոցը փոխվի, քննությունը կասեցվի, մինչեւ անկախ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։ Ինքը` Սերժ Սարգսյանը, թող նույնպես առաջադրվի նախագահի թեկնածու։ Սրա փոխարեն, կարծում եմ, միացյալ ընդդիմությունը կհամաձայնի միչեւ արտահերթ նախագահական ընտրությունների մեկնարկը հանրահավաքներ չանել` բացի 1-2 ինֆորմացիոն բնույթի հանրահավաքներից։ Սա կլինի կուկլա երկխոսություն։

Եւ եթե ժողովուրդը Սերժ Սարգսյանին կընտրի նախագահ, ընդդիմության համար ուղղակի ինքնասպանություն կլինի նրան չշնորհավորելը։

Պնդում գ - Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը դեռ 2007-ի աշնանը պատրաստվում էր ոչ թե ընտրությունների, այլ ետընտրական գործընթացների։

Այս պնդումը արվում է` ցույց տալու համար, որ Տեր-Պետրոսյանի թիմին ոչ թե ընտրությունների միջոցով արտահայտված` ժողովրդի կարծիքն էր հետաքրքրում, այլ ետընտրական գործընթացի միջոցով իշխանությանը տիրանալը։ Նման պնդում անողները ուղղակի ծույլ մարդիկ են։ Եթե ծույլ չլինեին, կարող էին պարզել, որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված թիմի անցկացրած բոլոր հանրահավաքների մասին Երեւանի քաղաքապետարանը իրազեկված է եղել, եւ իրազեկումները ընդունված են եղել ի գիտություն։

Ի՞նչ պատկեր ունենք մենք քվեարկության օրվանից, այսինքն` փետրվարի 19-ից հետ։ Իսկ պատկերը այսպիսին է. Տեր-Պետրոսյանի շտաբը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է միայն մեկ ետընտրական հանրահավաք անցկացնելու որոշման մասին, հանրահավաք, որ պետք է տեղի ունենար փետրվարի 20-ին։ Աշխարհի բազմաթիվ երկրներում նախագահի թեկնածուները քվեարկության հաջորդ օրը հանդիպում են իրենց համախոհների հետ, այնպես որ` այստեղ արտառոց ոչինչ չկա։ Հենց նման հանրահավաքներում են նախագահի թեկնածուները համախոհներից շնորհավորանքներ ընդունում, եթե հաղթել են, կամ հակառակորդին շնորհավորում, եթե նա հաղթել է օրինական եղանակով։

Ի դեպ, փետրվարի 20-ին հանրահավաք էր նախաձեռնել նաեւ Սերժ Սարգսյանը, բայց այդ հանրահավաքը չկայացավ։

Ինչեւէ, եթե Տեր-Պետրոսյանը ոչ թե ընտրությունների էր գնում, այլ ետընտրական գործընթացների, ոչ ոք նրա թիմին չէր խանգարում Երեւանի քաղաքապետարանին իրազեկում ներկայացնել փետրվարի 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին եւ այլն` հանրահավաքներ անցկացնելու մասին։ Մի բան, որ տեղի չի ունեցել։ Եւ ետընտրական վարկածի մասին բղավողները, ծույլ մարդիկ չլինելու դեպքում, սա կարող էին պարզել. կամ սա պարզելու համար գուցե ոչ թե աշխատասիրություն էր պետք, այլ ազնվությո՞ւն։ Նշեմ, որ եթե Տեր-Պետրոսյանի շտաբը նախատեսեր փետրվարի 21-ին, 22-ին հանրահավաք անցկացնել, այդ մասին պետք է Երեւանի քաղաքապետարանին իրազեկում ներկայացներ ամենաուշը փետրվարի 17-ին. այդպես էր նախատեսում օրենքը։

Պնդում դ - Փետրվարի 20-ից մարտի 1-ը Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքները ապօրինի էին։

Եթե հանրահավաքների անցկացման մասին իրազեկում չի ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, իսկ դա այդպես է, դա դեռ չի նշանակում, որ դրանք եղել են ապօրինի։ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինե ՀՀ օրենքը մինչեւ մարտի 19-ը հնարավորություն տալիս էր առանց իրազեկման զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել։ Շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ոստիկանները երկու անգամ այս հարցով մոտեցել են ինձ, եւ ես նրանց համբերատար հիմնավորել եմ մեր գործողությունների օրինական լինելը, ընդ որում` դա տեղի է ունեցել «02ե հեռուստահաղորդման տեսախցիկի առաջ։ Ոստիկանները իմ բացատրությունից հետո ոչ մի ծպտուն չեն հանել, ոչ մի պահանջ չեն ներկայացրել։

Ազատության հրապարակի հարթակից հրապարակային բանավեճի եմ հրավիրել իշխանական իրավաբաններին, բանավեճի թեման էլ պետք է լիներ հենց հանրահավաքների օրինականության հարցը։ Բայց մինչեւ հիմա այդ հրավերը ոչ ոք չի ընդունել։ Չնայած, իշխանությունը ընդունել է իր պարտությունը։ Փոփոխելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինե օրենքը` վարչախումբը ընդունեց, որ մենք գործել ենք օրենքի շրջանակներում։ Նրանք դա ընդունեցին նաեւ Ազատության հրապարակում խուզարկություն անելու հիմար վարկածը առաջ քաշելով։ Ի դեպ, նույնքան օրինական է եղել նաեւ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ սկսված հանրահավաքը։

Պնդում ե - Ոչ մի երաշխիք չկա, որ արտահերթ ընտրությունների դեպքում պարտված թեկնածուն փողոց չի հանի իր կողմնակիցներին եւ չի ապակայունացնի իրավիճակը։

Եթե որեւէ ընտրություններից հետո որեւէ թեկնածու կարողանում է կես միլիոնից մեկ միլիոն մարդու մասնակցությամբ տեւական հանրահավաքներ անցկացնել, ուրեմն նա ոչ թե պարտված, այլ հաղթած թեկնածու է, եւ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ չի կարող մարդկանց փողոց հանել եւ առավել եւս` նրանց պահել այնտեղ, եթե նրա ասելիքը հիմնված չէ ճշմարտության վրա, եթե նրա դիրքորոշումը փաստարկված չէ եւ փաստերով հիմնավորված։ Ընդ որում, այդ փաստերը մարդիկ պետք է տեսած լինեն սեփական աչքերով։ Ու եթե այդքան մարդ այդքան փաստ է տեսել սեփական աչքերով, կնշանակի` մենք գործ ունենք զանգվածային կեղծումների հետ։

Պնդում զ - Համաժողովրդական շարժումը «գունավոր էե, այսինքն` հովանավորվում է Արեւմուտքի կողմից։

Այս պնդումը արվում է վրացական, ուկրաինական հեղափոխությունների եւ Համաժողովրդական շարժման միջեւ զուգահեռներ ստեղծելու նպատակով։ Բայց աբսուրդ է մտածել, որ Արեւմուտքը տքնում է իշխանության բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ նրա դիտորդները Սերժ Սարգսյանի հաղթանակի հռչակումով ավարտված ընտրությունները որակում են «ընդհանուր առմամբ եվրոպական չափանիշներին համապատասխանե։ Ընդ որում, սա անում են բազմաթիվ խայտառակ փաստերի արձանագրումով։

Ի՞նչ էր սա նշանակում. սա նշանակում էր, որ Արեւմուտքն ասում է` Սերժ ջան, չնայած դու չես ընտրվել նախագահ, մենք դեմ չենք, որ դու դառնաս այն` առաջ դեպի նախագահական։ Եթե Արեւմուտքը Հայաստանում գունավոր «Ֆորպոստե ունենար, նման բան իրեն թույլ չէր տա։ Եւ ինչ խոսք, գործարքը կայացել է, բայց արեւմտյան «ինստիտուտներիե եւ սերժառոբերտական կլանի միջեւ։ Ու հիմա այդ գործարքը կանգնում է թե՛ առաջինի, թե՛ երկրորդի կոկորդին։

Որոշ արեւմտյան բոսեր հասկացել են, որ իրենց գլխին ամպեր են կուտակվում, եւ որոշել են հեռանալ Սերժի` խորտակվող նավից։

Եւ ի դեպ, գունավոր սցենարի մասին խոսողները թող ուղղակի վերցնեն Վարդերի եւ Նարնջագույն հեղափոխություններին նախորդած ԵԱՀԿ զեկույցները եւ համեմատեն 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ նախնական զեկույցների հետ, եւ նրանց համար ամեն ինչ պարզ կդառնա։

Հա, Լոնդոնից սերժական «էքզիթ-փոլնե էլ պատահաբար էր Երեւանում հայտնվել, չէ՞։
Թերեւս սրանք էին իշխանական պրոպագանդիստական պնդումները, որոնց այս պահին պատեհ համարեցի անդրադառնալ։

Բայց կա մի հարց եւս, որ այս համատեքստում խիստ կարեւոր է դառնում. անգամ ընդդիմադիր համարվող ինչ-որ մարդիկ, ասենք, խոսելով որեւէ այլ ընդդիմադիրի մասին, ասում են. «Նա այն մարդը չէ, որ փայտ կամ ձող վերցներ ձեռքըե։ Սա, բնականաբար, ասվում է վերջին իրադարձությունների համատեքստում։ Այսինքն` փայտ կամ ձող վերցնելը ինքնին համարվում է դատապարտելի մի բան, առանց հանգամանքների պարզաբանման։

Բայց սրանք բոլորը, պարզվել է, բեսպրեդելի եւ ապօրինությունների ծառաներն են։ Եւ ուրեմն ի՞նչ. մարդը պետք է հրաժարվի՞ իրեն, իր քրոջը, եղբորը, երեխային պաշտպանելուց, պետք է ծնկաչո՞ք ապրի` բեսպրեդելի սպառնալիքներին տեղի տալով։ Ոչ եւ միանշանակ ոչ։

Ես ուզում եմ դիմել այն մարդկանց
, ովքեր փայտ են վերցրել` իրենց մայրերին, կանանց ու քույրերին պաշտպանելու համար։ Դուք հերոս եք, տղերք, եւ ես հպարտ եմ, որ ապրում եմ ձեր կողքին։ Մենք բռնություն չենք գործի, բայց թույլ չենք տա մեր դեմ գործել բռնությամբ։ Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր. մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ, ուրեմն` հի-մա, հի-մա, հի-մա։

Հ.Գ. Այս ընթացքում մեծ թվով ազատության երգեր են գրվել։ Առաջարկում եմ ակցիա. ձեր մեքենաներով որեւէ տեղ գնալիս այդ երգերը միացրեք մեքենաների մեջ եւ ձայնը բարձրացրեք, ինչքան հնարավոր է։ Եթե ձեր մեքենայի մեջ չկա CD եւ MP3 Player, այդ երգերը դժվար չէ փոխադրել աուդիո սկավառակի վրա։

Հ.Գ.-2 Գալուստ Սահակյանը կանխատեսումներ է անում մեր շարժման մասին։ Մի կանխատեսում էլ ես անեմ նրա մասին։ Շուտով Գալուստ Սահակյանը ասուլիս է անելու եւ բացահայտումներ է անելու` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանցավոր էությունը ցույց տալու համար։ Նա նաեւ հայտարարելու է, որ 2007 թվականի դեկտեմբերից Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ծպտված անդամ է եղել։

Հ.Գ.-3 Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծված լինելու մասին վերջին շրջանում խոսում են հատկապես նրանք, ովքեր 96-ին եղել են իշխանության մեջ։ Այսինքն` պոտենցիալ կեղծարարների թիմում կամ այդ թիմի սպասարկուի դերում։ 1996 թվականին նրանք ծպտուն անգամ չեն հանել իրենց համոզմունքի մասին։ Օրինակ` Ալբերտ Բազեյանը, օրինակ` ցիստիտի մասին հարցազրույց անելիս 1996 թվականը հիշող լրագրողները։ Դաժե Շուշան Պետրոսյանն է հիշում 1996-ը, որը 96-ին էլ, հիմա էլ, պալատական երգիչ էր։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.