> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (հայ-թուրքական զարգացումների)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (հայ-թուրքական զարգացումների)

Հիլարի ՔլինթոնԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հավանական ամսաթիվ է համարում հոկտեմբերի 10-ը։ Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ քիշնեւյան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 1-ին տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` նախապատրաստելու այդ իրադարձությունը։ Էրդողանը դիմում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որպեսզի վերջիններս ջանքեր գործադրեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացման, այսինքն` ԼՂ հարցի կարգավորման համար։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է, թե իրենց համար անընդունելի է ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս քվոն։ Քլինթոնը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում նախատեսված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, իսկ ԼՂ հարցի շուրջ Սարգսյան-Ալիեւ բանակցությունները տեղի են ունենալու ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, ասել է թե` Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո։ Վերը նշված դասավորությունը հարց է առաջացնում. մի՞թե հոկտեմբերի 9-ին Քիշնեւում էլ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Համենայնդեպս` հենց այս տրամաբանությունն է գծագրվում թուրք եւ ամերիկացի պաշտոնյաների վերջին շրջանի հայտարարություններում. ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նշանակում է ԼՂ հարցի կարգավորում, եւ հակառակը։ Չնայած հայտնի հրապարակային հայտարարություններին` Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանա խուսափել այս տրամաբանությունից, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ լուրերն այն մասին, թե ԼՂ հարցում արդեն իսկ նախաստորագրված արձանագրություն կա` անուղղակիորեն հաստատվել են։ Ընդհանուր առմամբ, տպավորությունն այն է, թե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրար մեջ բաժանել են հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման քավորությունը։ Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունները, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխադարձ համաձայնությամբ, կարգավորվելու են ԱՄՆ-ի, իսկ ԼՂ հարցը` Ռուսաստանի հովանավորության ներքո։ Ու հիմա` ԼՂ հարցի կարգավորմանը գնալուց Սերժ Սարգսյանը կարող է խուսափել միայն մի պարագայում. եթե դա ցանկանա Ռուսաստանը։ Բայց հավանականությունը, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կխախտի տարածաշրջանային լուծումների մասին` Օբամայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները, այնքան էլ մեծ չէ։ Եթե Օբաման եւ Մեդվեդեւը համաձայնության են գալիս Եվրոպայում հակահրթիռային համակարգի ճակատագրի, հայ-թուրքական հարաբերությունների, անգամ` Իրանի հարցի շուրջ, ինչո՞ւ պետք է խախտվեն ԼՂ հարցում ձեռքբերված պայմանավորվածությունները, մանավանդ, որ այս հարցում Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել նաեւ Թուրքիայի առաջ։ Քիչ հավանական է, որ Ռուսաստանը հուսախաբ անի իր երկու խոշոր գործընկերներին։ Սա նշանակում է, որ հարցերը բովանդակային հարթությունից տեղափոխվում են տեխնիկական հարթություն։ Այսինքն` Թուրքիան ցանկանում է, որ նախ` ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու երաշխիք ստանա` ստորագրված թղթի տեսքով, ապա միայն բացի Հայաստանի հետ սահմանը։ Սերժ Սարգսյանը ցանկանում է բացել տալ հայ-թուրքական սահմանը ու հնարավորինս ձգել ազատագրված տարածքների վերադարձը։ Ամեն դեպքում, առաջիկա տասը օրերը կտան խաչաձեւ այս հարցերի պատասխանը, կամ էլ` ավելի կխճճեն հարցերը։ Համենայնդեպս` հայ-թուրքական հարաբերություններում եւ ԼՂ հարցում ստեղծված վիճակը այնքան լարված եւ պայթյունավտանգ է, որ անսպասելի եւ կտրուկ շրջադարձերը բացառել չի կարելի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Սեպտեմբերի 30, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.