> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի ղեկավարած հակաժողովրդական վարչախումբը, որ ընտրակեղծիքներ, զանգվածային անկարգություններ, զանգվածային ապօրինություններ կազմակերպելու գնով յուրացրել է Հայաստանի ժողովրդին պատկանող իշխանությունը, պրիմիտիվ եւ մտավոր թույլ կարողությունների տեր մարդկանց համար նախատեսված քայլերով փորձում է սերժանտացնել հանրությանը։ Այդպիսի քայլերից ամենաթարմը Սերժին կից Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարն է։ Չեմ կասկածում, որ իշխանական խոսնակները կասեն` տեսեք` իշխանությունը ուզում է լավ քայլ անել, բայց ընդդիմությունը դրան էլ է վատ վերաբերվում։ Բայց ահա թե ինչ կասեմ` լավ քայլ ե՞ք ուզում անեք. Բաղրամյան պողոտան վարեք, խրիզանթեմներ ցանեք։ Ի՞նչ, կարո՞ղ է վատ քայլ է. պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տեսք կունենա վերից վար ծաղիկներով ծածկված պողոտան։ Բայց չէ՞ որ դա պողոտա է, ոչ թե ծաղկանոց, կասեք դուք։ Ո՞վ ասաց սա. դո՞ւ, Գառնիկ Իսագուլյան. ապրես, «հինգ» ես ստանում։ Բա ինչո՞ւ եք դու եւ քո շեֆը ուզում Բաղրամյան պողոտան վարեք, յոնջա ցանեք։ Հենց այսպիսին է ձեր Հանրային խորհրդի գաղափարը։ Պարզաբանեմ։ Ինչի՞ համար է ձեր Հանրային խորհուրդը. անունն ինքը ասում է` հանրության հնարավորինս լայն, ցանկալի է բոլոր շերտերի կարծիքները արտահայտելու, դրանք լսելի դարձնելու համար։ Ըստ ձեր մտածածի, Հանրային խորհրդում պետք է հավաքվեն բոլոր հնարավոր կուսակցությունների, հ/կ-ների ներկայացուցիչները, որպես համայն հանրության պատվիրակներ։ Թվում է` լավ գաղափար է. իրականում այն լավն է դպրոց չգնացածների համար։ Որովհետեւ դպրոց գնացած ամեն անհատ գիտի, որ հանրությունը կարծիք արտահայտելու, այդ կարծիքը լսելի դարձնելու մի ձեւ ունի, եւ այդ ձեւը կոչվում է ընտրություններ։ Եթե Սերժը որոշել է Հանրային խորհուրդ ստեղծել, նշանակում է` խոստովանում է, որ ինքը նախագահականում հայտնվել է ի հեճուկս հանրության կարծիքի, նշանակում է` ընդունում է, որ նույն կերպ է ձեւավորվել նաեւ գործող ԱԺ-ն։ Եթե Սերժը ուզում է, որ հանրության կարծիքը լսելի դառնա, պետք է ընդամենը մի բան անի. ապահովի ազատ, արդար, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Բայց «Վերջին զանգի» երես տեսած ամեն ոք գիտե, որ Սերժը ոչ թե ուզում է հանրության կարծիքը լսելի դարձնել, այլ այն թաղել զանազան տխմար խորհուրդների աղմուկի տակ։ Հիմա կբերեն թարմ ականջի համար գյուլլա գցող արշակսադոյաններին եւ լապիդառ խոսրովհարությունյաններին նախագահականում մի հատ բլոտի սեղան կտան ու կասեն` էս էլ ձեզ հանրության ձայնը։ Դեռ էնքան էլ լկտիություն ունեն` Համաժողովրդական շարժմանը հրավիրում են մտնել իրենց խորհուրդը. ի՞նչ ունի քննարկելու Համաժողովրդական շարժումը Ալրաղացի Լյովիկի օգնական Արշակի եւ Լալվարից Մեռելի քար ծախող Խոսրովի հետ։ Չէ, տղերք, ձեր Հանրային խորհրդով ոչ մեկի չեք հիմարացնի` բացի պասպորտով հիմարներից։ Աչքիս ստիպված եք լինելու մի հատ էլ Հանրային նախագահ ստեղծել, Հանրային կառավարություն, Հանրային դատարան, Հանրային ոստիկանություն։ Կարող ա՞ Հանրային հեռուստատեսություն էլ ստեղծեք` խայտառակ լինենք։

Հ.Գ. Համաժողովրդական շարժումը այսօր, ինչպես երեկ, մեկ խնդիր ունի` Հայաստանը ազատել հանցավոր ավազակապետական վարչախմբից։ Եւ դա պետք է անել «Հիմա»։ Հրապարակում ծնված այս կարգախոսը բացի հասկանալի իմաստից ունի խորքային իմաստ եւս։ Այն նշանակում է, որ մենք Հայաստանում օրինականություն, ժողովրդի իշխանություն, խաղաղություն, իրավունքների հավասարություն պետք է հաստատենք հիմա, եւ այդ խնդիրները չպետք է ժառանգենք մեր երեխաներին։ Վայ մեզ, անեծք մեզ, եթե մեր երեխաներն էլ ստիպված լինեն գիշերներ անցկացնել Ազատության հրապարակում` հանուն իրենց իրավունքների պաշտպանության։ Վայ մեզ, անեծք մեզ, եթե մենք մեր երեխաներին չկարողանանք ժառանգել այնպիսի Հայաստան, որ նրանք պիտանի համարեն ապրելու եւ ստեղծագործելու համար։ Համաժողովրդական շարժումը պետք է վերադառնա Ազատության հրապարակ։ Իշխանություններն ասում են, որ այսօր հանրահավաքներ պահանջելը նշանակում է նոր բախումներ եւ նոր զոհեր։ Սխալվում են. Սերժի եւ իր սափրագլուխ սվիտայի իշխանության մնալն է նշանակում նոր բախումներ եւ նոր զոհեր։ Սերժը պետք է հասկանա, որ միեւնույն է` պետք է հեռանա, վարյանտ չկա, պետք է հեռանա։ Ինչ վերաբերում է մեզ, ավելի լավ է մենք այսօր զոհվենք, քան թե այդ տխուր գործը ժառանգենք մեր սերունդներին։ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.