> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երրորդ հանրապետության առաջին նարկոբարոն Հրանտ Մարգարյանը ՀՅԴ ընդհանուր ժողովի իր ելույթից առաջ, թերեւս, փորձարկել էր «Էյֆորիա» կոչվող պրեպարատը։ Համենայնդեպս` նման տպավորություն ստացանք ժողովի բացման ժամանակ նրա ունեցած ելույթից. իհարկե, չի բացառվում, որ էյֆորիան ինքնաբուխ էր, մանավանդ որ այն տեղավորվում էր 6 ժամվա շրջանակներում։ Ընկեր Հրանտը ինքնաբուխ էյֆորիայի պատճառներ ունի. նրա կլիենտուրայի մի զգալի հատվածը տեղավորվել է նախագահական նստավայրում, այսինքն` բիզնեսը կբարգավաճի։ Այլ պատճառներ նույնպես կան. մարտի 1-ի արյան սակարկությունը հաջող ստացվեց, եւ Աղվան-Լեւոն-Դավիթ եռյակի ոսկեբեր երակը, որ գտնվում է իր ձեռքում, անվնաս մնաց։ Այն օրից, երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուն անզգույշ քաշքշեց դաշնակցական Պողոս Պողոսյանին, ընկեր Հրանտը շատ լավ գիտի, թե ինչպես են վաճառքի հանվում «անտեր» դիակները։ Նա հիմա ոգեւորված է, որովհետեւ սակարկությունը դեռ չի ավարտվել։ Բայց ի՞նչ է ասում ընկեր Հրանտը. նա ասում է, որ Համաժողովրդական շարժումը, մեր շարժումը օտար դավադրության դրսեւորում է։ Ի՞նչ կասեմ այս կապակցությամբ. ընդամենը մի քանի ամիս առաջ մեր թերթում տպագրվեց Սերժ Սարգսյանի` ՀՀ ԱԱ նախարարի ստորագրությամբ մի փաստաթուղթ, որտեղ ՍՍ-ն ընկեր Հրանտին ու նրա ընկերներին մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերի մեջ։ Բայց ինչո՞ւ ենք հեռու գնում. ընկեր Հրանտի ղեկավարած Բիւրօում կամ հենց ԸԺ-ում քանի՞ ԱՄՆ քաղաքացի կա, քանի՞ եվրոպացի, քանի՞ օտարերկրացի ընդհանրապես։ Ի՞նչ իրավունքով են նրանք ՀՀ-ում քաղաքական գործունեությամբ զբաղվում, եւ ո՞ւմ են նրանք ներկայացնում։ Եւ ինչո՞ւ ընկեր Հրանտը չի նկատել, թե ով էր մի օտարերկրյա պետության ղեկավարի շնորհակալություն հայտնում «նախընտրական եւ հետընտրական շրջանում ցուցաբերած աջակցության համար,։

Իսկ օտարերկրյա դավադրության մասին խոսել պետք է. այլապես ինչո՞վ բացատրել, ինչո՞վ արդարացնել սեփական ժողովրդի վրա կրակելը. ախր, նրանք սեփական ժողովուրդ չէին, այլ օտարերկրյա դավադիրներ, եւ նրանք էլ զինված էին «Էրգիր-Էրգիր, հրթիռներով, Ռոբն էլ ասաց, չէ՞, որ Խաչատուր Սուքիասյանի գրպանում ատոմային ռումբ կար։ Է՞լ ինչ է ասում ընկեր Հրանտը. նրան կասկածելի են թվում Համաժողովրդական շարժման ֆինանսավորման աղբյուրները։ Չի կարելի նրան մեղադրել. նա քաղաքական գործունեության ֆինանսավորման երեք աղբյուր գիտի. նարկոբիզնես, ռեկետ եւ միջազգային դավադրություն։ Առաջին երկու շուկաներին տիրապետելու բերումով նա գիտի, որ Համաժողովրդական շարժումը այդ միջոցներից չի ֆինանսավորվում։ Երրորդ «շուկանե ընկեր Հրանտը մասամբ գիտի. այսինքն` այդտեղ կան իր համար անծանոթ մեկ-երկու խորշ. նշանակում է` Համաժողովրդական շարժումը հենց այդ խորշերից էլ ֆինանսավորվում է։ Անտեղյակների համար ասեմ, որ սա կոչվում է տրամաբանություն-ինդուկցիա, դեդուկցիա։ Ուրիշ գաղտնիք չկա։ Բա խելքը ինչի՞ համար է։ Է՞լ ինչ է ասում ընկեր Հրանտը։ Նրան պատկերվում են փողոցային մարտերի զարհուրելի տեսարաններ։ Սարսափելի է ուղղակի. դաշնակ Դրոյի փխրուն հոգին ծվատվում է ուղղակի։ Նա չի կարող տանել այսպիսի տեսարաններ։ Նրան շատ ավելի հարմար է, երբ մտնում ես մարդու տուն մի քանի հոգով ու զոհին տեղում թրխկացնում։ Կամ էլ սպասում ես պադեզդում։ Ընկեր Հրանտը զարմացած է. ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը գեներալների անունը տալիս։ Գեներալների մասին խոսել նույնպես ընկեր Հրանտը չի սիրում։ Շատ ավելի հարմար է Վազգենին խփել, քցել Վանոյի վրա (1995 թվականին տապալված ազգային ծրագիր)։ Իհարկե, մենք հո ընկեր Հրանտի ու նրա ղեկավարության պես նուրբ քիմք չունենք։ Մենք միամտորեն խոսում ենք այն, ինչ մտածում ենք, մինչդեռ ոմանք գործում են պարսի-ադրբեջանական խորամանկությամբ։ Եւ շատ զվարճալի է տեսնել, թե ինչպես են այս` իրադրության փոփոխության պատճառով ազատության մեջ հայտնվածները ծղրտում «մեղավորներին, պատժելու անհրաժեշտության մասին։

Հ.Գ. Վարչապետ աշխատող Տիգրան Սարգսյանը կարծես իր համար ընտրել է ծաղրածուի դերակատարում։ Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նրա բոլոր ճառերը կազմված են 14 մտքից։ Ճառերը տարբերվում են մտքերի դասավորվածությամբ, հերթականությամբ։ Ասենք, եթե մի միտքը այս ճառում առաջինն է հնչել, հաջորդ ճառում դառնում է 8-րդը, 8-ը` 13-րդը, 13-րդը գնում է առաջ եւ այլն։ Որպես բարեշրջման ջերմեռանդ կողմնակից ուզում եմ պարոն Սարգսյանին հուշել մի միտք եւս եւ հույս ունեմ, որ իմ առաջարկածը տեղ կգտնի նրա մտքաշարանի պատվավոր` 15-րդ տեղում։ Իսկ միտքը հետեւյալն է. «Նամանավանդ համենայնդեպս ըստ երեւույթինե։ Համաձայնեք` այս միտքը կզարդարեր կովալիցիոն կառավարության ծրագիրը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.