> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո հնչած այն գնահատականները, թե ընդդիմությունը փոխում է իր մարտավարությունը, մեղմ ասած, հասկանալի չեն։ Տեր-Պետրոսյանի ելույթում շատ դժվար, եթե չասենք` անհնար է գտնել որեւէ մարտավարական փոփոխություն։ Գուցե առաջին նախագահի ոճը անսովոր է Հայաստանում ընդունված ընդդիմադիր ռիտորիկայի համար, բայց վաղուց պետք է արձանագրած լինեինք, որ քաղաքական պրոցեսի մեջ է մտել մի մարդ, որը շատ ավելի նուրբ կոմբինացիաների սիրահար է։ Եւ ընդհանրապես, մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար։ Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը։ Բայց իր քաղաքական վերադարձի իմաստն այն է, որ նա, ինչպես եւ գործնականում ողջ ժողովուրդը, համոզված են, որ առանց քոչարյանասերժական վարչախմբի հեռացման Հայաստանը չունի ապագա։ Ահա, այս իմաստով էլ Տեր-Պետրոսյանի ելույթը շատ ավելի ընդգրկուն էր, քան նախկինում։ Եթե միացյալ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ ասում էին, որ ստեղծված իրավիճակի ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ մյուսը մասը կարծում էր, որ անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ, Տեր-Պետրոսյանը որպես ընդդիմության գործունեության խնդիր ձեւակերպեց թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նկատենք, որ նախկինում Տեր-Պետրոսյանը խորհրդարանի լուծարման հարց չէր դնում։ Հիմա` ե՞րբ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները։ Հասկանալի է, որ դրանք չեն կարող տեղի ունենալ այս շաբաթ։ Եթե անգամ մենք պահանջենք ընտրություններ անցկացնել այս շաբաթ, շաբաթը կանցնի, ընտրություններ տեղի չեն ունենա, եւ դա լուրջ հոգեբանական ազդեցություն կունենա հետագա զարգացումների համար։ Տեր-Պետրոսյանի ելույթից բխում էր, որ մենք միասնական ջանքերով պետք է պատրաստվենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների։ Եւ ի դեպ, այդ ընտրությունները կարող են շատ ավելի շուտ գալ, քան մենք բոլորս սպասում ենք. այնպես որ, պետք է պատրաստ լինել։ Հարց է ծագում` ինչպե՞ս պատրաստվել. ինչպես մինչեւ հիմա` ակցիաներ, ցույցեր, երթեր, զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումներ, DVD սկավառակների, թռուցիկների տարածում։ Ուղղակի անհրաժեշտ է նախընտրական շտաբների համակարգը վերափոխել, վերածել այսօրվա կազմակերպչական պահանջներին համապատասխանող մեխանիզմի։ Եւ ի դեպ, ես ուզում եմ բարձրաձայնել մի առաջարկի մասին. կարծում եմ` շատ լավ կլինի, եթե Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների երիտասարդական թեւերը, ինչպես նաեւ շարժմանը մասնակից մյուս երիտասարդական ուժերը ստեղծեին մի համատեղ հասարակական կազմակերպություն, որը կարող էր կոչվել «Հիմա»։ Չնայած` անունը սկզբունքային չէ, կարեւորը էությունն է։ Եւ շատ կարեւոր է, որ այս պրոցեսը տեղի ունենա Համաժողովրդական շարժմանը մասնակից կուսակցությունների աջակցությամբ եւ հովանավորությամբ։ Իմ կողմից ասեմ, որ ողջունում եմ Հայ ազգային կոնգրես ստեղծելու` ՀՀ առաջին նախագահի առաջարկը։ Պայքար, պայքար մինչեւ վերջ. հաղթելու ենք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.