> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 49.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 49.

49. Լծակը կարող է եւ կոտրվել

Barack ObamaԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մշտարթուն հնարավորությունը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը` Ցեղասպանությունը ճանաչելու մասին, շատերը համարում են այն գործոնը, որը Թուրքիային զրկում է Հայաստանի հետ հարաբերություններում ազատ մանեւրելու հնարավորությունից։ Շատերը մտածում են նույնիսկ, թե այս իմաստով Թուրքիան անկյուն է քշված եւ ստիպված կլինի իրոք առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար։

Ինչ խոսք, վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ում տեղի ունեցած զարգացումները խիստ անբարենպաստ են Թուրքիայի համար, չափազանց տհաճ, եւ Անկարան շատ բան է պատրաստ անել` այդ զարգացումների հետագա ընթացքը կանխելու համար։ Մյուս կողմից, սակայն, մենք` հայերս, չպետք է չափազանցնենք այս հարցում ԱՄՆ հետեւողականության եւ Թուրքիայի խոցելիության աստիճանը։

Դժվար է հավատալ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ի՛նքը կճանաչի կամ Կոնգրեսին թույլ կտա ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սա, ըստ էության, կհակասի արտաքին քաղաքականության այն հայեցակարգին, որ ԱՄՆ գործող վարչակազմը որդեգրել է։ Այդ քաղաքականության իմաստը միջազգային հարաբերություններում առկա սուր հարցերի մեղմումն է, կոնֆլիկտներից հնարավորինս խուսափելը։ Սրա ամենավառ օրինակը դարձավ Օբամայի հրաժարումը Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու մտադրությունից, ինչին դեմ էր արտահայտվում Ռուսաստանը։ Առավելեւս, այս ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ-ն երբեք չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու ճանապարհով, մանավանդ` այդ հարաբերությունները բավականաչափ սրվել են Բուշի վարչակազմի օրոք։ Ներկայումս Թուրքիան առանցքային նշանակություն ունի Մահմեդական աշխարհի հետ երկխոսության` Օբամայի դարակազմիկ ծրագրի իրագործման համար։ Եւ իրականում Օբամայի «հայկական քաղաքականությունը» միտված է ոչ թե Ցեղասպանությունը ճանաչելուն, այլ դրանից խուսափելու երկաթյա հիմնավորումներ ձեռքբերելուն։ Այս իմաստով, Թուրքիան ոչ թե Օբամայի հակառակորդն է, այլ գործընկերը։ ԱՄՆ նախագահը, օրինակ, Ղարաբաղի հարցում շատ բան է պատրաստ անել, որպեսզի Թուրքիան իրեն հնարավորություն տա` առանց դեմքը կորցնելու խուսափել նախընտրական հայտնի խոստման իրագործումից։ Այսպիսով, այն, ինչ մենք համարում ենք Թուրքիայի գլխին կախված սպառնալիք` նաեւ նրա շանսն է` ԼՂ հարցի կարգավորման վրա ավելի գործուն ազդեցություն ունենալու իմաստով, եւ Թուրքիան այդ շանսը ավելի ու ավելի վստահ է սկսում օգտագործել։

Մյուս կողմից, իհարկե, Ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի ձեռքում լուրջ լծակ է` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Բայց ԱՄՆ-ում չեն կարող չհասկանալ, որ այդ լծակը կարող է եւ կոտրվել։ Ի վերջո, Ռուսաստանի Պետդուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայի Ազգային ժողովը` նույնպես, Ցեղասպանությունը ճանաչել է նաեւ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իսկ մեկ այլ նախագահ` Վուդրո Վիլսոնը, սեփական ձեռքերով է գծել Սեւրի պայմանագրով նախատեսված Հայաստանի քարտեզը. եւ ի՞նչ։ Ոչինչ. դրանից Թուրքիան չի կործանվել, եւ Հայաստանն էլ չի դարձել Թուրքիայի հետ համեմատելի պետություն։ Այս իրողությունները պետք է հաշվի առնենք հատկապես Թուրքիայի այսօրվա իշխանությունների պարագայում. չմոռանանք, որ այդ երկրի վարչապետ Էրդողանը դիվանագիտության համար արտառոց ձեւով Դավոսի ֆորումում բառիս բուն իմաստով ուղղակի քֆրտեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, այն դեպքում, երբ Թուրքիան տարածաշրջանում համարվում է Իսրայելի թիվ 1 դաշնակիցը։ Թուրքիան նույն ոճաբանությամբ նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերվելու փորձ ունի. Իրաքյան պատերազմի ժամանակ Էրդողանը ուղղակի թույլ չտվեց ԱՄՆ-ին իր տարածքը օգտագործել ռազմական նպատակներով։ Այս ամենը պետք է կարողանալ անել, եւ Էրդողանը ապացուցել է, որ կարող է։ Եւ ուրեմն` պետք չէ չափազանցնել Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշման հնարավորությունները, մանավանդ` քաղցր-մեղցր Օբամայի վարչակազմի կողմից։ Այս պահի դրությամբ, Թուրքիան ավելի մեծ արդյունքներ ունի ԱՄՆ-ում, քան ԱՄՆ-ն` Թուրքիայում. սրա մասին է վկայում նաեւ Կալիֆոռնիայի դատարանի որոշումը, որով, փաստորեն, արգելվեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական գումարների վճարումը։

Իսկ ընդհանրապես, ԱՄՆ-ի «պրոհայկական» գործունեությունը գնահատելիս հայկական շրջանակները կոնցեպտուալ սխալ են թույլ տալիս` մտածելով, թե թուրք-ամերիկյան բանակցային սեղանի շուրջ կարող է լրջորեն սպասարկվել Հայաստանի շահը։ Անկախ նրանից, թե ում մասին են խոսում ԱՄՆ-ն եւ Թուրքիան` Հայաստանի՞, Պաղեստինի՞, Վրաստանի՞, թե` Բուրկինա Ֆասոյի` նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր շահի մասին։ Ցավոք, Հայաստանի այսօրվա կշիռը, իշխանության լեգիտիմության աստիճանը, միջազգային հեղինակությունը նրան թույլ չեն տալիս որպես գործոն հանդես գալ անգամ հայ-թուրքական հարաբերություններում։ Այն, ինչ տեղի ունենում այսօր, ընդամենը ԱՄՆ-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ոլորտին է պատկանում։ Այդ հարաբերություններում Թուրքիան գործոն է, ավելի քան ռեալ գործոն, իսկ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ընդամենը ռեկվիզիտի դեր են խաղում։ Ու երբ Հայաստանի հեռուստատեսային եթերից խոսում են Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին, մոռանում են բացատրել, թե ինչո՞ւ է նա Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպումից երկու ժամ անց, կամ էլ ինչու են հայ-թուրքական հարաբերությունների մասին թղթերը ստորագրվում այն ժամերին, երբ հայ չինովնիկները վաղուց քնած են մուշ-մուշ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Սեպտեմբեր 26th, 2009 at 09:30 | #1

    ev sa ir “vzin drats”iroghutyun@ uzum e nerkayacnel vorpes “harcer lutsoghi vchrakan”kecvacq…CHMO…Ete arturiknern u dhol-mhol hachaxord daran sranc sranq el evro-hachahord daran @nd vorum “vonc kaseq”miayn te legitimutyan pshranq apahovi…….kotorveq-mekt chmnaq,aynpes,vor HAK-@ datelu mard chgtni.

  1. No trackbacks yet.