> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 48.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 48.

48. Երբ բացվում է սահմանը

սահմանՀայ հանրությունը դեռ չէր հասցրել մարսել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի հանրահավաքում արած արձանագրումը, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու` առանց ԼՂ հարցի կարգավորման, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ամիսներ առաջ իր արտահայտած դիրքորոշումը, ըստ որի` թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն «Ադրբեջանի օկուպացված տարածքները» վերադարձնելու դեպքում։

Վերջին շրջանում Էրդողանը նման կտրուկ հայտարարություններ չէր արել, ինչը Հայաստանում շատերին հիմք էր տվել եզրակացնելու, որ հարցը լուծված է։ Եւ այն, որ մեր ալարկոտ ԱԳՆ-ն ուշ երեկոյան արձագանքեց թուրք վարչապետի ասածներին, վկայում է, որ իրադարձությունների նման ընթացքը անսպասելի է եղել նաեւ պաշտոնական Երեւանի համար։ Վերջինս, ի դեպ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շուրթերով հայտարարեց, որ բացառում է հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը ԼՂ հարցով։ Եւ հիմա, Անկարայից եւ Երեւանից հնչող իրարամերժ հայտարարությունները ստիպում են վերադառնալ այն խնդրին, թե որքանով է ԼՂ հարցը ներկա հայ-թուրքական բանակցային գործընթացում։

Էդվարդ Նալբանդյանի հայտարարության տեքստն արդեն մատնում է, որ հայ-թուրքական բանակցային սեղանի շուրջ քննարկվում է նաեւ Ղարաբաղի հարցը, եւ որ այդ հարցերը փոխկապակցված են։ Արձանագրելով, որ հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի պայմանավորել ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված քայլերով, Նալբանդյանը շեշտադրում է. «Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում եւ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների»։ Ինչը, ուրեմն, այնպես չէ Նալբանդյանի հայտարարության` չակերտներում մեջբերված հատվածում։ Ուշադրություն դարձրեք, որ չնայած խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է, ՀՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին արտահայտվում է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ» հավաքական ձեւակերպմամբ։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է բացառապես Ղարաբաղի հարցի կարգավորման համար, խմբի համանախագահները զբաղվում են միայն ԼՂ հարցով։ Բայց հիմա, փաստորեն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ներկա է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, եւ ԱԳ նախարարի հայտարարությունից է դա բխում։ Նրանք, ովքեր նպատակահարմար չեն համարի այս նրբության վրա ուշադրություն դարձնելը, թող, ուրեմն, ուշադրություն չդարձնեն նաեւ որեւէ այլ ձեւակերպման, այդ թվում եւ հայ-թուրքական արձանագրություններում առկա ձեւակերպումներին։ Նալբանդյանը, ինքն էլ չնկատելով, խոստովանել է, որ արտաքին աշխարհի, գերտերությունների հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկում է նույն ֆորմատով, ինչ Ղարաբաղի հարցը։ Սրանով արդեն` երկու հարցերի փոխկապակցվածությունը դառնում է իրողություն, եւ դա կախված չէ կողմերից որեւէ մեկի սուբյեկտիվ ընկալումից։

Մյուս կողմից` ՀՀ իշխանությունը, հնարավոր է` չի ստում, երբ ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում ԼՂ հարցի հետ կապված նախապայմաններ չեն քննարկվում։ Ինչո՞ւ պետք է Թուրքիան այս նախապայմանը հայկական կողմի հետ քննարկի` հստակ իմանալով, որ պաշտոնական Երեւանից շատ բան կախված չէ։ ԼՂ հարցի հետ կապված հարցերը Թուրքիան Ռուսաստանի հետ է քննարկում, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցում շահագրգիռ է դարձել Վրաստանի հետ «Կատվի խաղ» խաղալու համար։ Նույն շեշտադրումով Թուրքիան բանակցում է նաեւ ԱՄՆ-ի հետ, որը պաշտոնապես ընդունել է, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընթանան զուգահեռ։ Ահա, ուրեմն, եթե ԱՄՆ-ն առաջընթաց է ուզում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, թող բարի լինի առաջընթաց ապահովել ԼՂ հարցում։ Այս իմաստով զավեշտալի է ամերիկահայ մի շարք կազմակերպությունների հայտարարությունը, որով նրանք ԱՄՆ վարչակազմից պահանջում են ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս առանց նախապայմանների բացի Հայաստանի հետ սահմանը։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ ԱՄՆ-ն նույն հաջողությամբ կարող է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված տարածքները», որպեսզի Թուրքիան առանց նախապայմանների բացի Հայաստանի հետ սահմանը։ Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ճնշումներին հակազդելու շատ ավելի մեծ ռեսուրս ունի, քան Հայաստանը, մանավանդ` ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զուգահեռության մասին միջազգային դիվանագիտության արձանագրումից հետո։

Վերադառնալով սեպտեմբերի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած շեշտադրմանը` ընդգծենք, որ դրանից հետո կամ դրան զուգահեռաբար Երեւանից եւ Անկարայից արդեն իսկ հնչել են իրարամերժ հայտարարություններ, որոնք բացառում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը win-win տարբերակով։ Եթե Էրդողանը առանց տարածքների վերադարձի բացի սահմանը, կկանգնի իշխանությունն ու դեմքը կորցնելու վտանգի առաջ։ Նույնը վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին. տարածքների վերադարձը նրա համար հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Էրդողանի ու Սարգսյանի վիճակները, սակայն, ունեն մի «փոքրիկ» տարբերություն. առաջինի իշխանությունը հիմնված է սեփական ժողովրդի վստահության քվեի, իսկ երկրորդինը` ավտոմատավոր սափրագլուխների եւ եվրոռուսական յոնջաների վրա։ Առաջինի համար կարեւորը սեփական ժողովրդի կարծիքն է. իսկ երկրորդի համար` եվրոռուսական յոնջաների։

ՀԳ. Ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե կարծում է, որ եթե Թուրքիան փորձի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Ղարաբաղի հարցի հետ, միջազգային հանրությունը իր խոսքը կասի։ Այսօրինակ հայտարարությամբ Սարգսյանը խոստովանում է, որ հայ-թուրքական հարաբերություններում ասելիքը ոչ թե իրենն է, այլ միջազգային հանրությանը։ Այս հռետորաբանությունը շատ նման է հայտնի ֆիլմի հայտնի հերոսի հայտնի խոսքին. «Վոտ պրիդյոտ Նատալյա Սերգեեւնա, ի յա սվայո մուժսկոյե սլովո սկաժու»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
(շարունակելի)
Սեպտեմբերի 25, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Չեխիայից
    Սեպտեմբեր 25th, 2009 at 02:51 | #1

    «Վոտ պրիդյոտ Նատալյա Սերգեեւնա, ի յա սվայո մուժսկոյե սլովո սկաժու» :)))

    Վա՜յ Նիկոլ ջան, սեկա եղանք: Սրանից մի երեք օր առաջ, սույն մեջբերումը ես արել էի մեկ այլ կայքում, Մեդվեդևի հայտարարության առիթով, երբ նա ասել էր, թե չի՛ պահանջի վարչապետ Պուտինի հրաժարականը, որպեսզի դրանով ապացուցի, որ երկիրը ինքն է կառավարում:

    Հ.Գ. Նիկոլ ջան, է՜ն Փարաքարի մոմենտով չմոռանաս, …… Սեռժիկը իմնա:)))

  2. Armen M.
    Սեպտեմբեր 26th, 2009 at 09:42 | #2

    Hay-Turqakan jan-jigyari qavor SHvecariayum Medvedev@ asum e-cavum em,vor der kan erkrner,voronq patmakan ancyal@ uzum en ogtagorcel vorpes qaghaqakan chnshman ltsak…Rus@ handznel e mez(unenalov hnaravor bolor pozanerum)Guyq@ arel verjacrel,cankacats iravichaki depqum guyqi gnord kgtnvi…

  1. No trackbacks yet.