> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իշխանական շրջանակները ոչ առանց հաճույքի, ընդդիմադիր շրջանակները ոչ առանց հիասթափության ընդգծում են, որ ԵԽԽՎ բանաձեւով Հայաստանին ներկայացված պահանջները միշտ չէ, որ կատարվում են, մանավանդ եթե դրանց իրագործումը հաճելի չէ իշխանություններին։ Դեռ 2002 թվականից ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին հորդորում էր «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր վերադառնալու հնարավորություն տալ, բայց հորդորներին ուշադրություն դարձնող չկա։ «Ա1+»-ի վերաբացման պահանջը արձանագրվել է ԵԽԽՎ մի շարք բանաձեւերում, բայց սրանից հայրենի հեռուստաեթերում որեւէ բան չի փոխվել։ Նմանօրինակ այլ դեպքեր եւս կարելի է բերել. եւ ուրեմն, այս ֆոնին շատերը հարց են տալիս` որքանո՞վ կկատարվեն ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների հինգ-վեց հայտնի կետերը, որ վերաբերում են մարտի 1-ի դեպքերին եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված վիճակին։ Այս հարցին պատասխանելու համար` նախ հարկավոր է հասկանալ, թե ինչու մինչեւ հիմա «Ա1+»-ը եթերում չէ։ Այն, որ իշխանությունը, ավելի ճիշտ` Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը, չէր ցանկանա վերաբացել «Ա1+»-ը, հասկանալի էր, որովհետեւ նման խախուտ իշխանությունը չէր ցանկանա ճշմարտություն տարածող հեռուստատեսություն ունենալ եթերում։ Եւ հենց այս փաստարկն էր, որ Քոչարյանին ստիպեց «լրիվ օրինական հիմունքներովե փակել «Ա1+»-ը։ Բնականաբար, այս պայմաններում «Ա1+»-ի վերաբացման պահանջատիրոջ դերում պետք է հանդես գար հանրությունը։ Բայց արդյո՞ք հանրությունը ստանձնեց այդ դերը։ Իհարկե, բոլորը իրենց հոգում ուզում էին, որ «Ա1+»-ը բացվի, բայց դա չձեւակերպվեց որպես հստակ հանրային պահանջ։ Ավելի ճիշտ` իշխանությունները հնարավորություն ստացան չնկատելու այդ պահանջը, որովհետեւ դրա ջերմեռանդ եւ ակտիվ պաշտպանի դերում հանդես էին գալիս մի քանի տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ եւ մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք զանազան ակցիաներ էին կազմակերպում ի պաշտպանություն «Ա1+»-ի վերաբացման։ Թե ինչու այս ակցիաները զանգվածային բնույթ չստացան, այլ խնդիր է եւ մեր նյութի թեմայի շրջանակներում չի տեղավորվում։ Բայց «ռեալպոլիտիկիե կանոններն ասում էին, որ «Ա1+»-ը չի վերաբացվի, որովհետեւ նրա խնդրի ետեւում լուրջ ուժ չկա։ Ահա, ուրեմն, այս ֆոնին մենք կարող ենք պատասխանել այն հարցին, թե արդյոք կկատարվեն ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւի պահանջները։ Համարձակվեմ կանխատեսել, որ կկատարվեն, որովհետեւ այդ պահանջներին հետամուտ է Հայաստանում ծավալվող համաժողովրդական շարժումը, որը ունի իրենց անելիքը հստակ պատկերացնող ակտիվիստներ, իրենց պատասխանատվությունը գիտակցող լիդերներ եւ մինչեւ վերջ պայքարելու վճռականություն եւ դրա համար անհրաժեշտ փորձառություն եւ ինտելեկտ ունեցող միասնական ղեկավար։ Եւ եթե սերժանտական իշխանությունները այդ պահանջները չկատարեն սահմանված ժամկետում, այսինքն` մինչեւ հունիս, շատ ավելի վատ իրենց համար։ Չնայած, այսպես թե այնպես, շատ ավելի վատ իրենց համար, որովհետեւ մեր շարժումը անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի։ Այնպես որ, ոչ միայն քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ, ոչ միայն ավազակները կհայտնվեն բանտում, այլեւ «Ա1+»-ը եթերից կազդարարի. «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզե։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.