> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ 24 ԺԱՄ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ 24 ԺԱՄ

1 միլիոն մարդ եւ 24 ժամՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումը իրապես ունի համախոհ եւ համակիր քաղաքացիների այնպիսի բազմություն, որ քաղաքագիտության մեջ ընդունված է համարել կրիտիկական զանգված։ Ինչ խոսք, սա այնքան էլ հաջող տերմին չէ, մանավանդ մեր շարժման նկատմամբ կիրառելու համար, բայց, ցավոք, ավելի լավ ձեւակերպում առայժմ գտնված չէ։ Այսուհանդերձ, ես կօգտագործեմ «վճռորոշ մեծամասնություն» ձեւը` հասկացության տակ նկատի ունենալով քաղաքացիների մեծամասնությունը, որ ի վիճակի է երկրում իր ձեռքը վերցնել իշխանությունը, ավելի ճիշտ` որոշել իշխանության ճակատագիրը։Ահա, ուրեմն` Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը վճռորոշ մեծամասնություն ուներ դեռեւս նախագահական ընտրությունների քվեարկությունից առաջ, բայց փետրվարի 19-ին հաջորդած իրադարձություններից եւ հատկապես մարտի 1-ին իշխանությունների կողմից իրագործված ոճրագործությունից հետո Համաժողովրդական շարժման համախոհ համակիրների թիվը մեծացավ առնվազն մեկուկես անգամ։ Վճռորոշ մեծամասնություն լինելը, սակայն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է` երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Կարեւոր է նաեւ, որ այդ մեծամասնությունը կարողանա ինքն իրեն «ցուցադրել», ներկայացնել, ցուցադրել սեփական հաստատակամությունն ու վճռականությունը։ Պատճառն այն է, որ հանցագործ իշխանությունը, չունենալով որեւէ մեծամասնություն, դրա բացակայությունը կոմպենսացնում է բանակի եւ ոստիկանության գործադրմամբ։ Ուժային կառույցները գործադրվում են այն նպատակով, որ վճռորոշ մեծամասնությունը դրսեւորվելու հնարավորություն չունենա։ Սրան հակառակ վճռորոշ մեծամասնության հետեւողականությունը կոտրում է իշխանություններին ծառայելու բանակի եւ ոստիկանության կամքը, որովհետեւ, համաձայնեք, հնարավոր չէ անվերջ ձերբակալել, դատել եւ, Աստված մի արասցե, կոտորել։ Նման իրավիճակներ ծագում են բռնատիրական երկրներում, որովհետեւ ժողովրդավարական երկրներում վճռորոշ քաղաքացիական մեծամասնությունը կարողանում է դրսեւորվել սովորական քվեարկության միջոցով իշխանություն ընտրելիս։ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները իշխանությունները կեղծեցին։ Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքացիական շարժումը համոզված էր, որ ինքը Հայաստանում ունի քաղաքացիական վճռորոշ մեծամասնություն։ Այդ մեծամասնությանը հնարավորություն չտրվեց ներկայանալ, իր գոյության մասին բարձրաձայնել քվեարկության միջոցով, նշանակում է` այն պետք է այլ ձեւով ներկայանալու հնարավորություն փնտրեր։ Այդ ձեւը գտնվեց, եւ դա Ազատության հրապարակում շուրջօրյա խաղաղ հանրահավաքի անցկացումն էր։ Ընդ որում, դա չէր կարող տեւել մեկ-երկու օր, որովհետեւ այդ ընթացքում հնարավոր չէ քաղաքացիական վճռորոշ մեծամասնությունը ի մի բերել եւ եթե անգամ հնարավոր լիներ, մեկօրյա հանրահավաքը կարող է դիտվել որպես բռնկում, իսկ նրա ավարտը` պարպում։ Այսպիսով` 2008 թվականի փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում սկսվեց ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնության մոբիլիզացիան։ Սա, իհարկե, մեծ ռիսկ էր Տեր-Պետրոսյանի թիմի համար, որովհետեւ ինչպես իշխանությունը ամեն ինչ արել էր, որ առաջին նախագահի շուրջ վճռորոշ մեծամասնություն չձեւավորվի, այնպես էլ ամեն ինչ անում էր, որ այդ մեծամասնությունը չդրսեւորվի, չինքնացուցադրվի Ազատության հրապարակում։ Ավելին, Սերժ Սարգսյանը փորձեց ապացուցել, որ ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնությունը իր կողքին է կանգնած։ Սրա համար Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին հանրահավաք կազմակերպեց Հանրապետության հրապարակում, որը, ինչպես հայտնի է, խայտառակ պարտություն դարձավ գործող իշխանության համար։

Տարբեր լծակների գործադրմամբ Հանրապետության հրապարակ բերված մարդիկ տեղափոխվեցին Ազատության հրապարակ եւ այստեղ վանկարկեցին «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր»։ Այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցեց 450-500 հազար մարդ։ Սա ավազակապետական իշխանությանը հասցված ուժգին հարված էր, բայց Քոչարյան-Սարգսյան զույգը չէր պատրաստվում հանձնվել։ Սերժ Սարգսյանը սկսեց կոալիցիայի ձեւավորման գործընթաց, իր կողմը գրավեց Արթուր Բաղդասարյանին եւ Վահան Հովհաննիսյանին` փորձելով այս կերպ իր համար վճռորոշ մեծամասնության իմիտացիա ստեղծել։ Համաժողովրդական շարժումը պատրաստ էր իրադարձությունների զարգացման նման ընթացքին, եւ Ազատության հրապարակից հայտարարվեց, որ կիրակի օրը` մարտի 2-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին կմասնակցի 1 միլիոն ՀՀ քաղաքացի։ Այս հանրահավաքը վերջնականապես պիտի լուծեր վճռորոշ մեծամասնության «ցուցադրման» հարցը, եւ ավազակապետական իշխանությունը միայն մեկ լուծում ուներ. ուժային լուծում։ Չեմ անդրադառնում այդ օրը իշխանությունների իրականացրած գործողությունների ապօրինությանը, նախ որովհետեւ այդ մասին շատ է խոսվել, եւ հետո` դա դուրս է մեր նյութի ասելիքից։ Փոխարենը հարկ եմ համարում անդրադառնալ այն խնդրին, որ իր հոդվածներից մեկում բացատրել էր Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Վերջինս իրավացիորեն նշում է, որ եթե մարտի 1-ին ժողովուրդը անցներ հակագրոհի, եւ բանը հասներ ապստամբության, իշխանության հարցը շատ արագ կլուծվեր։ Այսինքն` ավազակապետական զույգը կզրկվեր իշխանությունից։ Սա, իհարկե, միանշանակ ճիշտ է։ Եւ ուրեմն, հարց կարող է ծագել, թե ինչու նման բան տեղի չունեցավ. գլխավորապես այն հիմնավոր պատճառով, որ այս դեպքում մենք կունենայինք ոչ թե տասը, այլ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր։ Նման բան թույլ տալ չէր կարելի։ Եւ ընդհանրապես, այդ օրը խնդիրը ոչ թե հաղթելն էր (ո՞ւմ պիտի հաղթեինք, եթե մեր դեմ կանգնած էին մեզ նման ՀՀ քաղաքացիներ), այլ չպարտվելը, այդ պատճառով խոսք կարող էր լինել միայն ինքնապաշտպանության մասին։ Վերադառնալով բուն նյութի շարադրանքին` ընդգծեմ, որ իշխանության բոլոր ուժային գործողությունների նպատակը մեկն էր. Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված վճռորոշ քաղաքացիական մեծամասնությանը զրկել ինքնադրսեւորման, ինքնահայտարարման հնարավորությունից, խաթարել նրա ամբողջականությունը։ Այս նպատակն էին հետապնդում ոչ միայն մարտի 1-ի, այլ դրանց հաջորդած իրադարձությունները. արտակարգ դրություն, մամուլի գործունեության փաստացի կասեցում, զանգվածային ձերբակալություններ, ահաբեկումներ, օրենսդրական փոփոխություններ, ապատեղեկատվության տարածում։ Այս գործողությունների աննախադեպ ծավալները պերճախոս կերպով ցույց էին տալիս, որ Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվել է նույնքան աննախադեպ քաղաքացիական մեծամասնություն։ Եւ իշխանության նպատակն էր այնպես անել, որ այդ մեծամասնության անդամ քաղաքացիները կա՛մ հրաժարվեին այդպիսին լինելուց, կա՛մ խուսափեին որպես այդպիսին դրսեւորվելուց, կա՛մ զրկված լինեին որպես այդպիսին գործելու հնարավորությունից։

Բնականաբար, Համաժողովրդական շարժման խնդիրները ուղիղ հակադարձ են այն խնդիրներին, որ իշխանությունը դրել է իր առաջ։ Մեծ հաշվով, մարտի 1-ից հետո Տեր-Պետրոսյանի թիմի անելիքները չեն փոխվել. ցույց տալ, որ առաջին նախագահի շուրջ ձեւավորված վճռորոշ քաղաքացիական մեծամասնությունը շարունակում է գոյություն ունենալ, այն կարող է «ինքնացուցադրվել», առաջվա նման վճռական է եւ հետեւողական։ Արտակարգ դրությանը հաջորդած իրադարձությունները, որոնց գագաթնակետը դարձավ ապրիլի 24-ի երթը, ցույց տվեցին, որ սա միանգամայն իրագործելի խնդիր է, եւ իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները իրենց համար ցանկալի արդյունք չեն տվել։ Կասկած չկա, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զավենի Սարգսյանի եւ քաղաքական մյուս լիդերների կոչը բավարար կլինի, որպեսզի հարյուրհազարավոր քաղաքացիներ հենց թեկուզ վաղը ներկայանան Ազատության հրապարակ։ Բայց կասկած չկա, որ ՀՀ նույնքան քաղաքացիներ, որոնք պատրաստ են արձագանքել այդ կոչին, ներկա լրատվական բլոկադայի պայմաններում չեն էլ իմանա այդ կոչի մասին։ Բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց համարում են Համաժողովրդական շարժման կողմնակից, գուցե թե չկարողանան Ազատության հրապարակ ներկայանալու որոշում կայացնել զգուշավորության կամ անվստահության պատճառով։ Բազմաթիվ մարդիկ գտնվում են «Հայլուրի» ստի դոզայի տակ եւ լրացուցիչ տեղեկության կարիք ունեն։

Կարճ ասած` հարկավոր է բոլոր այս մարդկանց համար Համաժողովրդական շարժմանը լիարժեք մասնակցելու հնարավորություն ստեղծել, մի գործ, որ մինչեւ մարտի 1-ը իրականացնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբները, որոնք մինչեւ մարտի 1-ը եւ հատկապես մարտի 1-ից հետո դարձան կատաղի հարձակումների թիրախ։ Չնայած` անկախ ամեն ինչից, նախընտրական շտաբները ժամանակի ընթացքում պետք է կորցնեին իրենց գործունեության սկզբնական իմաստը։ Այսպիսով, ստեղծված իրավիճակում Համաժողովրդական շարժումը կազմակերպչական նոր խնդիրներ ունի լուծելու, խնդիրներ, որոնց անդրադարձել էի նախորդ հոդվածներից մեկում, որ վերաբերում էր հանրահավաքային խմբերի, բերանացի տեղեկատվության տարածման համակարգի, DVD-ների բազմացման, տարածման եւ այսօրինակ այլ հարցերի։

Ու չնայած կարծում եմ, որ այս գործերում վճռական դերակատարում պետք է ունենա երիտասարդությունը, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը պետք է խթանի այս պրոցեսի հետագա ծավալմանը, պրոցես, որ բավական լավ է ընթանում։ Այսուհանդերձ, էական անելիքներ կան թե՛ Երեւանում եւ թե՛ հատկապես մարզերում։

Ինչ վերաբերում է Համաժողովրդական շարժման` որպես ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնության ինքնադրսեւորմանը, այդ պրոցեսը պետք է պսակվի «մարտի 2-ի», այսինքն` մեկ միլիոն քաղաքացու մասնակցությամբ հանրահավաքով։ Ինչ խոսք, մինչ այդ կարող են տեղի ունենալ տարբեր հանրահավաքներ, ակցիաներ, միջոցառումներ։ Բայց իշխանափոխությունը, ավազակապետության կազմաքանդումը, վերջնական հաղթանակը պետք է տեղի ունենա հենց այդ հանրահավաքի արդյունքում, որը տեղի կունենա «1 միլիոն քաղաքացի, 24 ժամ» բանաձեւով։ Այսինքն` 1 մլն քաղաքացի պետք է հավաքվի Ազատության հրապարակում եւ որպես ՀՀ քաղաքացիների վճռական մեծամասնություն պետք է հայտարարի, որ 24 ժամ է տալիս իշխանությանը` հեռանալու համար։ Իսկ նման հանրահավաք կազմակերպելու համար` հարկավոր է հստակ աշխատող մոբիլիզացիոն համակարգ ունենալ, համակարգ, որի հետեւողական, ամբողջական ձեւավորումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Պայքար, պայքար մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.