> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Իշխանական շրջանակները, իրենց իսկ լեզվով ասած, որոշել են «կռուտիտ» լինել քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում։ Նրանք ասում են` ճիշտ է, մենք չենք ուզում Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, բայց կալանավորված քաղաքական գործիչների եւ ակտիվիստների անմեղ (քաղբանտարկյալ) լինելու հարցը պետք է որոշի նախաքննության, ապա եւ դատաքննության մարմինը։ Այսինքն` խամաճիկային նախաքննությունը այդ քաղաքական ակտիվիստներին եւ գործիչներին ձերբակալել է ոչ թե քաղաքական հետապնդման նպատակով, եւ խամաճիկային դատարաններն էլ նրանց համար կալանքի ժամկետներ են սահմանել եւ երկարացրել ոչ թե համաժողովրդական շարժումը կոտրելու մտադրությամբ, այլ միայն ու միայն նրանց անմեղ կամ մեղավոր լինելու հարցը պարզելու մտահոգությամբ։ Ինչ վերաբերում է այդ մարդկանց կալանված լինելու հանգամանքին, եթե, իհարկե, նրանք անմեղ են, անազատությունը երկար չի տեւի։ Ու քանի որ նրանք, հնարավոր է, հանցանք են կատարել, ոչինչ, որ մի քիչ նստեն` հանուն օրինականության։ Սրանք են ավազակապետության փաստարկները։ Թվում է, թե ճարպիկ են մտածել սրիկաները, բայց կիրովաբադյան այս ճարպկությունը կարող է հաջողված համարվել միայն փափախով թուրքերի միջավայրում։ Իսկ Հայաստանի` զարթոնք ապրող քաղաքացին հարց է տալիս. եթե այդ է խաղի կանոնը, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի թիմում հայտնված չորս պատգամավորների ճակատագիրը չի կիսում մեկ այլ պատգամավոր` Նեմեց Ռուբո անունով հայտնի Ռուբեն Հայրապետյանը, որի հրահանգով օրը ցերեկով առեւանգվեց, կանդալվեց ու «մասնավոր բանտում» հայտնվեց քաղաքացի Արսեն Խանամիրյանը։ Ի դեպ, վերջինս ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող է, եւ նրա առեւանգումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից, անշուշտ, կնպաստի մեր ֆուտբոլի հավաքականի, եւ ընդհանրապես, հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Բայց առաջ անցնենք. ինչո՞ւ, ուրեմն, կալանքի տակ չեն Դոդի Գագո անունով հայտնի Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ներկայացուցիչները, որոնք օրը ցերեկով դաժան ծեծի են ենթարկել 65-ամյա Երջանիկ Աբգարյանին, Գուրգեն Եղիազարյանին։ Ինչո՞ւ, ի վերջո, կալանված չեն Մխչյանի Մկան լակոտները, որոնց ոհմակը հարձակվել էր Պետական պահպանության ծառայության փոխգնդապետի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետի տեղակալի վրա։ Մխչյանի Մկան ոհմակը հարձակվել էր նաեւ նախընտրական հանդիպման մասնակիցների վրա` նրանց ուղղությամբ քարեր եւ սառցաբեկորներ շպրտելով։ Այդ նախընտրական հանդիպման կազմակերպիչներից եւ մասնակիցներից ոչ ոք, ի դեպ, ինքնապաշտպանության չդիմեց այդ օրը` հույսը դնելով հայրենի ոստիկանության վրա։ Ոստիկանական հագուստով սակավաթիվ սպասյակները, սակայն, ստոիկյան հանդարտությամբ էին հետեւում այս ամենին։ Եւ ուրեմն` ո՞ւր են օրումեջ օրինականության մասին ճամարտակող դեպուտատները։ Ինչո՞ւ չեն հիշում այս եւ բազմաթիվ այլ` աղաղակող դեպքերի մասին։ Թե՞ նրանց «օրինականությունը» միայն նրանց համար է, ովքեր չեն անցել Սերժիկի արյունոտ ու դավաճան թրի տակով։ Նրանք ուզում են ասել, որ ո՞ւժն է ծնում իրավունք։ Այդ դեպքում նրանք իսկապես ռիսկի են դիմում, եւ դա հասկանալու համար` պետք է հիշել Ռումինիայի բռնակալ Չաուշեսկուին։ Վերջինս, բավական երկար ժամանակ, ի դեպ, գործելով օրենքի անունից, ունենալով Աղվանի պես դատախազներ, խամաճիկային դատարաններ, դեպուտատներ, լրագրողներ, կարողացավ ազատության համար պայքար մղած բազմաթիվ մարդկանց կոտորել, խոշտանգումների ենթարկել, նրանց ունեցվածքից զրկել, բանտերը լցնել` «միանգամայն օրինական» հիմունքներով։ Նա էլ ասում էր` ուժն է ծնում իրավունք, եւ թվում էր` նրա ուժի դեմ չի կարող կանգնել ոչ մի ուժ, նրան չի կարող դատել ոչ մի դատարան։ Բայց գտնվեց այդպիսի դատարան, եւ այդ դատարանը ժողովրդի ցասումն էր։ Այդ դատարանում տեղի չունեցավ ո՛չ նախաքննություն, ո՛չ դատաքննություն, այլ հնչեց միայն դատավճիռ, որովհետեւ մահապարտի կյանքն ու արարքները ինքնին նման էին մի մեծ մեղադրական եզրակացության։ Մի՛ սադրեք հայ ժողովրդին այսպիսի «դատավարության»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.