> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթե մի պահ վերանանք մեզ հայտնի հանգամանքներից, կարող է տպավորություն ստեղծվել, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը էական հաջողությունների է հասել։ Կալանավորվել են հարյուրից ավելի անձինք, ովքեր այս գործի շրջանակներում մեղադրյալ են համարվում։ Բայց եթե անգամ մի պահ մոռանանք, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, իրավիճակը շատ ավելի աբսուրդային է դառնում, որովհետեւ հովսեփյանական նախաքննությունը պատասխան չի տալիս ամենակարեւոր հարցերին։ Ավելին, այդ նախաքննություն կոչվածը չի էլ ձգտում գտնել այդ հարցերի պատասխանը։ Իսկ որո՞նք են այդ հարցերը։ Օրինակ` ո՞վ է կրակել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ուղղությամբ, որն իր տան պատշգամբում ծխելիս է եղել։ Ո՞վ է կրակել հրազենային վնասվածք ստացած մյուս քաղաքացիների վրա։ Խոսքը, ի դեպ, նաեւ ոստիկանների մասին է, որովհետեւ երբ ասում են, թե ոստիկանները հրազենային կամ բազմաբեկորային վնասվածք են ստացել, սա դեռ ոչինչ չի նշանակում։ Նախաքննության հիմնական խնդիրը պետք է լինի կրակողին հայտնաբերելը, եւ դա պետք է լինի կոնկրետ անուն ազգանունով մարդ։ Նույնը վերաբերում է նաեւ նռնակ նետողին։ Եթե անգամ դատախազությունը գտնում է, որ զոհված ցուցարարները «իրենց մեղքով են սպանվել», ինչպես պնդում է հնագույն մասնագիտության տեր մի երգչուհի, միեւնույնն է, այդ «հանցագործներին» սպանած անձանց անուն ազգանունները պետք է հայտնի դառնան հանրությանը, հանրությունը պետք է իմանա` ո՞վ է նա` ոստիկա՞ն, թե՞ օլիգարխի թիկնապահ, ի՞նչ ավտոմատից է նա կրակել, որտե՞ղ եւ ո՞ւմ անունով է գրանցված այդ զենքը, քանի՞ մետր հեռավորության վրա է գտնվել կրակոցի պահին նրա ապագա զոհը, ո՞ր ժամին է գրանցվել առաջին սպանությունը, որտե՞ղ է գտնվել սպանվածը։ Նախաքննությունը պետք է պատասխանի նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ զինվորականներից մեկը, որ մահացավ հիվանդանոցում, թիկունքից էր վիրավորվել։ Կարճ ասած, նախաքննության հիմնական խնդիրը ամեն պայթյունի, ամեն կրակոցի հանգամանքները ճշտելն է, նռնակ նետած ամեն մարդու ինքնությունը պարզելը։ Եւ ի դեպ, միջազգային փորձագետները հենց այստեղ էին հարկավոր` պարզելու համար ամեն վնասվածքի ծագումնաբանությունը։ Բայց հիմա նման փորձաքննության հնարավորությունները կա՛մ նվազել են, կա՛մ ընդհանրապես վերացել։ Դատախազությունը փորձում էր ցույց տալ, որ զոհված ոստիկան-զինվորականները մահացել են բեկորային, այսինքն` նռնակի պայթյունից առաջացած վնասվածքներից, բայց նրանցից ոմանց հարազատների զրույցները լրագրողների հետ բոլորովին ուրիշ բանի մասին են վկայում։ Կարճ ասած, Աղվան Հովսեփյանը չարաչար սխալվում է` մտածելով, թե կկարողանա «լափշա կախել» հանրության ականջներից։ Հիմա նա ոչ թե նախաքննություն է իրականացնում, այլ քաղաքական շոու է փորձում բեմադրել. կալանավորել են մի քանի տասնյակ քաղաքական գործիչների, անունն էլ դրել զանգվածային անկարգություններ։ Սա ուղղակի ծիծաղելի է. մարտի 1-ին մարդիկ սպանվել են կոնկրետ անձանց գործողությունների արդյունքում, բայց Հովսեփյանն ուզում է կոնկրետ անձի սպանությունը լղոզել տասնյակ, հարյուրհազարավոր անձանց գործողությունների մեջ։ Սա արտաիրավական մոտեցում է, իսկ իրավական մոտեցումն ասում է` եթե սպանության վայրում 200 հազար մարդ է եղել, կոնկրետ մարդուն սպանածը մի հոգի է, ամենաշատը` մի քանի հոգի, եւ հատուկ քննչական ծառայությունը պետք է աշխատի այս մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ, մի բան, որ մինչ օրս չի արվել եւ չի արվում։ Եւ ի դեպ, եթե ոստիկանների ու զինվորների մեջ ոչ մի ցուցարար չի եղել, ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ-ականներ` քաղաքացիական հագուստով։ Եւ դա նկատելի է նաեւ Հայաստանում տարածվող DVD սկավառակների վրա եղած տեսագրություններում։ Իսկ արդյո՞ք նախաքննությունը պարզել է քաղաքացիական հագուստով այն երիտասարդի ինքնությունը, ով ավտոմատ է ստանում ոստիկանների ձեռքից։ Արդյո՞ք քննությունը պարզել է նրա գտնվելու վայրը դեպքերի ամենաթեժ պահին։ Իհարկե, չի պարզել, որովհետեւ հովսեփյանական նախաքննության ոճը մեզ արդեն հայտնի է 10 տարի, եւ այդ ոճի էությունը շատ պարզ է. թաքցնել հանցագործներին եւ դատապարտել անմեղ մարդկանց։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.