> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մենք` ՀՀ քաղաքացիներս, գարնանամուտի շարժումը հասցնելու ենք հաղթական ավարտի։ Սերժը հեռացվելու է նախագահականից եւ ենթարկվելու է համարժեք պատասխանատվության։ Համարժեք իր գործած հանցանքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ հանցավոր ղարաբաղյան կլանի մյուս ներկայացուցիչներին։ Հասկանալի է, որ այսօր շարժման տասնյակհազարավոր ակտիվիստներ եւ ուղղակի համակիրներ իրենց մտքում հաղթանակի զանազան սցենարներ են մտմտում։ Հարկ եմ համարում որոշ դիտարկումներ եւ առաջարկներ անել այս թեմայով։ Իշխանությունները իրենց տեսանկյունից շատ ճիշտ են վարվում, երբ շրջափակում են Ազատության հրապարակը, որովհետեւ մարտավարական իմաստով մեր առաջին խոշոր խնդիրը հենց Ազատության հրապարակ վերադառնալն է։ Ստեղծված պայմաններում, սակայն, այդ վերադարձը չի կարող լինել սովորական, եւ դրան պետք է նախորդեն որոշակի քայլեր։ Այդ քայլերը պետք է իրագործեն քաղաքական կուսակցությունները եւ անհատ, այսինքն` որեւէ կուսակցության, կազմակերպության մեջ չընդգրկված անձինք։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ համախոհ կուսակցությունների ղեկավարները պետք է որոշեն Ազատության հրապարակ վերադառնալու օրը եւ ժամը։ Ի դեպ, շատ կարեւոր է, որ մեր գործընկերները ամեն օր դիմում են Երեւանի քաղաքապետարան` հանրահավաք անցկացնելու արտոնություն ստանալու համար։
Նույնը վերաբերում է նաեւ հյուրանոցների դահլիճներում հավաքներ անելու փորձերին։ Ոչինչ, որ մերժվում են։ Փոխարենը հանրությունը համոզվում է, որ ինքը զրկված է իր սահմանադրական իրավունքները իրացնելու հնարավորությունից։ Եւ այսպես, Ազատության հրապարակ վերադառնալու օրը եւ ժամը որոշում է համաժողովրդական շարժման քաղաքական ղեկավարությունը։ Շատ կարեւոր է, որ մենք անհամբեր չգտնվենք եւ շտապեցնող ճնշումներ գործադրելու փորձեր չանենք այս հարցում։ Եւ ահա, մինչ որոշվում է Ազատության հրապարակ վերադառնալու օրը եւ ժամը, բազմաթիվ գործեր կան անելու, եւ այդ գործը պետք է իրենց վրա վերցնեն ազատության մեջ գտնվող ակտիվիստները։ Ու չնայած այդ գործը հիմա էլ շատ լավ արվում է, այսուհանդերձ, եւս մեկ անգամ արձանագրենք։ Առաջին խնդիրը Ազատության հրապարակի ոգու պահպանումն է։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է տարածել շարժման երգերը, գրել նոր երգեր, բանաստեղծություններ, ստեղծել եւ տարածել վիզուալ նյութեր. ի դեպ, զարմանալի է մեր նկարիչների, դիզայներների պասիվությունը. վերջին ամիսները պլակատների առատ նյութ են տվել, սակայն այս առումով շատ բան չի արվել։ Լավ կլիներ ունենալ լոգոներ, պլակատներ, որոնք տարածվեին թեկուզ էլեկտրոնային տարբերակով։ Կարելի է նաեւ թռուցիկների տարածմամբ զբաղվել. օրինակ` փոքր թղթերի վրա ուղղակի տպագրել «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հիմա», «Սերժիկ, հեռացիր» եւ դրանք տարածել Երեւանում, մարզերում։ Սա անտեղյակներին ցույց կտա, որ պայքարը շարունակվում է։ Եւ ընդ որում` սա պետք է արվի տարերայնորեն, այսինքն` չկենտրոնացված ձեւով. եթե յուրաքանչյուր ակտիվիստ այսպիսի բովանդակությամբ 15-20 թռուցիկ պատրաստի եւ փակցնի իրեն հարմար տեղերում, Հայաստանը ուղղակի կհեղեղվի։ Թող քերեն ոստիկանները:
Ի դեպ, շատ կարեւոր է մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող DVD սկավառակների տարածումը նույն ձեւով։ Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքն իր նախաձեռնությամբ 10 հատ սկավառակի վրա ձայնագրի նշված ֆիլմը եւ ամենատարբեր ուղղություններով ցրի, դա արդեն հսկայական գործ է։ Մի զլացեք անել այդ գործը` հի-մա, հի-մա, հի-մա։

Այս եւ նմանատիպ միջոցառումները, ինչպես ասվեց, հարկավոր են` Ազատության հրապարակի ոգին բարձր պահելու համար։ Ի դեպ, այս իմաստով կարեւորագույն միջոցառումը քաղաքական զբոսանքներն են, որոնք հոյակապ ծառայում են իրենց նպատակին։
Իսկ այժմ անդրադառնանք Ազատության հրապարակի ազատագրման կազմակերպչական հարցերին։ Այդ օրը մարդիկ պետք է Ազատության հրապարակ գան ոչ թե անհատապես, այլ խմբերով։ Եւ հիմա մեզնից յուրաքանչյուրը պետք է ձեւավորի իր խումբը կամ ընդգրկվի որեւէ խմբի մեջ։ Այս խմբերը, որ պետք է բաղկացած լինեն նվազագույնը 10 հոգուց, ըստ էության, պետք է դառնան ոչ ֆորմալ կազմակերպություններ եւ ունենան իրենց ղեկավարը։ Մինչ հանրահավաքի օրը նրանք պետք է զբաղվեն DVD-ներ, թռուցիկներ տարածելու եւ այս կարգի այլ գործերով։ Իսկ հանրահավաքի օրը խմբի ղեկավարը պետք է իր ընկերներին տեղյակ պահի հանրահավաքի տեղի, ժամի մասին, մարդկանց առաջնորդի դեպի «դեպքի վայր»։

Ի դեպ, արդեն իսկ ձեւավորվել է ընդհատակում գտնվողների «հարվածային-հանրահավաքային» խումբը, որի ղեկավար ենք ընտրել Խաչատուր Սուքիասյանին… Սա, իհարկե, կատակ է. ուղղակի երբ Սուքիասյանի եւ իմ նկարները տեսնում եմ մետրոյում, մի կերպ եմ զսպում քրքիջս։ Հա, ի դեպ, պարոնայք ոստիկաններ. կարող էիք, չէ՞, ավելի լավ նկարներ ընտրել։ Եթե չունեք, կարող եմ ուղարկել։ Կամ ավելի ճիշտ` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում կմոտենամ հերթապահ ոստիկանին ու նրան կհանձնեմ իմ նախընտրական լուսանկարը. նաեւ Խաչատուր Սուքիասյանի։

Սա` իմիջիայլոց. ասեմ նաեւ, որ Ազատության հրապարակի ազատագրման հանրահավաքի խմբերի անդամները պետք է տրամադրվեն այնպես, որ հրապարակ գալով` մի կողմ են թողնում իրենց բոլոր գործերը` անձնական թե աշխատանքային։ Այդ օրվանից իրենց գործը լինում է հաղթանակը։ Ասեմ նաեւ, որ հանրահավաքային խաղաղ խմբերի ձեւավորումը կարեւոր է նաեւ ինֆորմացիոն ու արագաշարժության տեսակետից, եւ հիմա շատ կարեւոր է տեղեկատվական բանավոր, այսինքն` բերանացի փոխանցման մեխանիզմների մշակումը։ Այս մեխանիզմը պետք է ծառայի նրան, որ մի քանի ժամվա ընթացքում հնարավոր լինի Երեւանում տարածել անհրաժեշտ տեղեկատվություն։

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե որքանով կաշխատի այս համակարգը։ Դա կախված է մեկ մարդուց, եւ այդ մարդը դու ես, սիրելի բարեկամ, որ այս պահին կարդում ես այս տողերը։ Եթե դու հիմա չխնայես քո 1000 դրամը, հենց հիմա գնաս եւ գնես 10 հատ մաքուր DVD սկավառակ եւ դրանց վրա ձայնագրես մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմը ու այն ուղարկես մարզերում կամ Երեւանում ապրող քո ծանոթներին կամ ուղղակի փողոցում նվիրես պատահական մարդկանց, ուրեմն ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Եթե չունես այդ ֆիլմը, չես տեսել, հետաքրքրվիր, շրջապատում որեւէ մեկը կունենա։ Եթե շրջապատում ոչ ոք չունի, արի Հյուսիսային պողոտա, հետաքրքրվիր եւ ինչ-որ կերպ կգտնես։ Եթե համակարգիչ չունես կամ նրա վրա DVD ձայնագրող սարք չկա, դարձյալ հետաքրքրվիր, եւ շրջապատում որեւէ մեկը հաստատ կունենա։
Բայց սա ամենը չէ. հաջորդ քայլով փորձիր ձեւավորել քո հանրահավաքային խումբը կամ ընդգրկվիր որեւէ այդպիսի խմբի մեջ։ Եթե այս ամենը անես եւ վերը նկարագրված անելիքի մասին պատմես ուրիշներին, նշանակում է` հաղթանակին շատ չի մնացել։ Ի դեպ, ժամկետների մասին։ Պետք չէ հաղթանակի համար սահմանել որեւէ ժամկետ` մեկ շաբաթ, մեկ ամիս, երեք ամիս։ Եթե ժամկետ ես սահմանում, նշանակում է` պայքարի ես տրամադրված այդքան ժամկետով։ Բայց չէ՞ որ մենք պայմանավորվել ենք պայքարել մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ։ Ինչ վերաբերում է մեր մյուս կարեւոր կարգախոսին` «Հիմա»-ին, դա նշանակում է, որ մենք պետք է գործենք հենց հիմա. եթե նկարիչ ենք, պետք է պլակատ պատրաստենք հենց հիմա եւ ոչ թե հետո, երաժիշտ ենք` պետք է երգ գրենք հիմա, եթե ուզում ենք հաղթել, մեր խումբը պետք է ձեւավորենք հիմա, DVD բազմացնենք հիմա, թռուցիկ կպցնենք հիմա, քաղաքական զբոսանքի գնանք հիմա, զանազան ակցիաներ մտածենք ու կազմակերպենք հիմա։ Եւ այս հիմաների ամբողջությունը, այդ հետեւողականությունը Հայաստանին կպարգեւի հաղթանակ։
Իսկ եթե քեզ թվա, որ այս ամենը ոչ թե դու ինքդ պիտի անես, այլ, ասենք, քո ընկերը, հարեւանը կամ բարեկամը, նշանակում է` դու պարտվում ես - հիմա։ Բայց ես գիտեմ, որ այդպես չի լինի, որովհետեւ մեր շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է։ Ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ։

Հ.Գ. Սերժը հիմա, անշուշտ, գործի է դրել իր ամենասիրած զենքը. ընդդիմությանը, նրա ակտիվիստներին պառակտելու փորձերը։ Կասկած չունեմ, որ նա ոչ մի արդյունքի չի հասնելու, բայց եւ մենք չպետք է կորցնենք զգոնությունը։

Հ.Գ.-2 Հատուկ ուշադրությամբ պետք է վերաբերվել քաղբանտարկյալների դատավարություններին։ Դատարանները պետք է վերածել Ազատության հրապարակի եւ, բացի այս, ամբողջական տեղեկություններ հավաքել ապօրինություն թույլ տված դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների, օպերների, քրեակատարողական հիմնարկների ծառայողների մասին։

ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.