> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ՊԱՄՖԼԵՏ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ՊԱՄՖԼԵՏ

Աշխարհը զարմացած է. տեսեք. ասում են` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գնացել է օդանավակայան` հովվապետական այցով ԱՄՆ ժամանած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին անձամբ դիմավորելու համար։ ԱՄՆ նախագահները սովորաբար այսպես չեն վարվում եւ օդանավակայան են գնում միայն բացառիկ դեպքերում։ Ու մինչ աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը հատուկ ընդունելություն էր ցուցաբերում կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ էր։ Վեհափառ ավազակապետը ինքն էր շտապել մեկնել թիվ 2 ավազակապետի մոտ` նրան շնորհավորելու նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Եթե ամեն ինչ նորմալ լիներ, նորընտիր նախագահը ինքը պետք է գնար Մայր Աթոռ` հայոց հայրապետի օրհնությունը ստանալու։ Բայց քանի որ «նորընտիր նախագահը» նախագահ չէ, «հայրապետն» էլ հայրապետ չէ, գործ ունենք հենց այն իրավիճակի հետ, որ նկարագրված է։ Իսկ ի՞նչ էին այդ հանդիպման ժամանակ խոսում Սերժ Ա-ն եւ Գարեգին Բ-ն։ Զրույցի մանրամասները հայտնի չեն, բայց կռահումներ կարելի է անել, ընդ որում` բավական ստույգ կռահումներ։ Զրույցի ընթացքում, թերեւս, անպայման քննարկել է ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Մանվել Գրիգորյանի պաշտոնանկությունից ստեղծված վիճակը։ Խոսքը, իհարկե, ոչ թե ներքաղաքական, այլ Էջմիածնի ուղեւորափոխադրումների շուկայում ստեղծված վիճակի մասին է։ Վեհափառ ավազակապետը երկար ժամանակ փորձում էր գեներալ Մանվելից վերցնել ուղեւորափոխադրումների շուկայում ունեցած որոշ դիրքեր։ Ինչպես հասկացաք, խոսքը երթուղային գծերի մասին է։ Այս պայքարում նա լուրջ հաջողություններ արձանագրել չէր կարողանում։ Բայց վերջին հայտնի իրադարձությունները պետք է որ ոգեւորած լինեն ճաճանչափայլին, մանավանդ որ ոչ միայն մրցակցի դիրքերն են թուլացել, այլեւ ինքը անմոռանալի ծառայություններ է մատուցել ավազակապետությանը։ Այնպես որ, մեծ հավանականությամբ Էջմիածին քաղաքի բնակիչները շատ շուտով կսկսեն երթեւեկել բոլորովին այլ, այսինքն` օրհնված երթուղայիններով։ Բայց պետք չէ մերոնց խիստ դատել. ո՞վ գիտե, գուցե Ջորջ Բուշն ու Բենեդիկտոս 16-րդն էլ քննարկում են, ասենք, Հռոմ-Նյու Յորք օդային չվերթը Հռոմի պապին հանձնելու հա՞րցը։

Հ.Գ. Հայաստանում սկսել են փնտրել, թե ի վերջո ինչ է նշանակում մտավորական, որն է մտավորականը։ Վերջերս սկսեցի մտածել, թե մտավորականը ԿԳԲ-ի գործակալն է. մամուլում հրապարակում կար, թե մի խումբ մտավորականներ հայտարարություն են արել` ի պաշտպանություն Գարեգին Բ-ի։ Մտավորականների թվում նշվում էր նաեւ ԳԱԱ ավազակապետ Ռադիկ Մարտիրոսյանի անունը։ Բայց ես գիտեմ, որ նա 60-ականներից ԿԳԲ-ի գործակալ է։ Ծածկանունն էլ գիտեմ. չէ, ա՛յ մարդ, ի՞նչ Նարիմանով. հայեցի ծածկանուն է` Տիգրանյան։ Գիտեմ նաեւ նրան «վերբովկա» արած ԿԳԲ-ականի ազգանունը, բայց հետո կասեմ։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը կարող է ՔՕ-ում նոր հոդված ավելացնելու առաջարկ անել. ըստ այդմ, Վեհափառ ավազակապետի եւ ԳԱԱ ավազակապետի միջեւ սեպ խրելը պետք է համարվի հանցագործություն։ Այս առիթով կարելի է մահապատիժն էլ վերականգնել Քրեական օրենսգրքում։ Չմոռանաք նշել, որ մահապատիժը չի կիրառվում ավազակապետության բարեկամների, մասնավորապես` Նաիրի Հունանյանի եւ նրա «ռոմանտիկ խմբի» վրա։

Հ.Գ. Հռոմի պապի ամերիկյան այցը ուղեկցվում էր ակցիաներով, որոնց մասնակիցները բողոքում էին կաթոլիկ քահանաների կողմից «պեդոֆիլիայով» զբաղվելու դեպքերի կապակցությամբ։ Ինչպես հասկանում եք` մեր եկեղեցում չկա ո՛չ մանկապղծություն եւ ո՛չ էլ բոզարածություն։ Ինչպես ասում են` ու նաս նետ սեքսա։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.