> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ուզում էր ապացուցել, որ Հայաստանում տղամարդ չկա։ Նա սրանում թերեւս համոզված էր. Հայաստանում բոլորը ահուդողով են վերաբերվում, այսպես կոչված, օլիգարխներին, իսկ վերջիններս էլ իր կոշիկներն են լպստում, հետեւությունը ինքն է բախում դռները։ Եւ ահա, մարտի 1-ին Քոչարյանը որոշեց նախագահականից, իր կարծիքով, առժամանակ հեռանալուց առաջ մի լավ ծեծ տալ Ազատության հրապարակում «թատրոն խաղացողներին», որպեսզի բոլորին ցույց տա, որ Հայաստանում տղամարդ չկա։ Ու մարտի 1-ը իսկապես հայաստանցիների առաջ այս բարոյական երկընտրանքն էր դնում։ Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ Երեւանի քաղաքապետարանի մոտից գլխապատառ փախչեին. Քոչարյանը, բերանը ծռած ուսերով ծիծաղելով, պիտի «ափսոսանքով» արձանագրեր. ասում էի, չէ՞, Հայաստանում տղամարդ չկա։ Իսկ այդ ժամանակ հաստ մուսկուլներով օլիգարխները պիտի կռիվ անեին, թե ով պիտի հանի Ռոբի կոշիկները, եւ իրար պիտի խփեին նրա չստերը բերելու իրավունքի համար։ Բայց մարտի 1-ը չհաստատեց Քոչարյանի դիագնոզը, ու նա սփրթնած դեմքով սկսեց խոսել օրենքից, օրինականությունից, պետությունից, պետականությունից ու նրա հիմքերից։ Իսկ մտքին բոլորովին ուրիշ բան էր. եթե ինքը երկրի միակ տղամարդը չի, նշանակում է` առաջիկայում կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ։ Եւ չունենալու համար հարկավոր է բանտերը լցնել… տղամարդկանցով։ Քոչարյանը տեղյակ չէ, անշուշտ, որ Հայաստանում տղամարդկանց թիվը չափազանց մեծ է, ու այդ տղամարդիկ առաջիկայում իր հետ խոսելու բան են ունենալու։ Այս խոսակցությունը, անշուշտ, հնարավոր է հետաձգել, դրանց պոտենցիալ մասնակիցների մի մասին վերացնել, մյուս մասին բանտերը լցնել, մյուս մասին բարոյապես կոտրելու փորձեր անել, բայց խոսակցությունը վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Սա իմիջիայլոց։ Իսկ ընդհանրապես, զարմանալի է, թե վերջին շրջանում ինչքան հաճախ է խոսվում պետության, պետական շահի, օրինականության մասին։ Ոմանք Ազատության հրապարակում պայքարի ելած մարդկանց, որոնք մարտի 1-ին տեղափոխվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, փորձում են մեղադրել օրինականությունը խարխլելու, պետության հիմքերն ու կայունությունը խարխլելու մեջ։ Ինչ խոսք, այսպիսի մեղադրանք հնչեցնողների մի մասը չի էլ հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Հանձնարարել են, ասում է։ Իրականում, սակայն, այս մեղադրանքների տակ շատ հին կոնցեպտուալ հայեցակարգային բանավեճ է թաքնված։ Այդ բանավեճի իմաստը հետեւյալն է. պետությո՞ւնն է մարդու համար, թե՞ մարդը` պետության, օրինականությո՞ւնն է քաղաքացու համար, թե՞ քաղաքացին` օրինականության, կայունությո՞ւնը պետք է ծառայի մարդուն, թե՞ մարդը` կայունությանը։ Եւ իրականում վերջին ամիսների քաղաքական պայքարի հիմքում հենց այս երկընտրանքն էր դրված։ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծեմ փետրվարի 16-ի հանրահավաքում մի այսպիսի նախադասություն արտասանեց. «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը եւ նրա ազատությունը»։ Եւ հենց այս նախադասության մեջ էր ամփոփված Տեր-Պետրոսյանի թիմի կողմից Հայաստանին առաջարկվող գաղափարական այլընտրանքը։
Քոչարյանասերժական թիմի պատկերացումները բոլորովին այլ են։ Ըստ այդ պատկերացման, պետությունը պետք է լինի կազմակերպված։ Այսինքն` մարդը պետք է տեղավորվի պետության կողմից իր համար կազմակերպված գործառույթների շրջանակներում։ Իսկ պետությունը որոշում է ամեն ինչ. ով պետք է լինի հարուստ, ով պետք է լինի աղքատ, ինչ պիտի հնչի եթերում, որ թերթը ինչքան տպաքանակ պիտի ունենա, ով պետք է ապրի Երեւանի կենտրոնում, ով պիտի տեղափոխվի ծայրամաս, ով պիտի շաքարավազ ներկրի, ով` բենզին, ով պիտի պատգամավոր դառնա, ով` քաղաքապետ։
Իսկ պետականությունը երկրի հարստությունը իրենց ձեռքը կենտրոնացրած 40 ընտանիքների կազմակերպությունն է` Քոչարյանների եւ Սարգսյանների ընտանիքների գլխավորությամբ։ Օրինականությունը նրա համար է, որ պաշտպանի այդ ընտանիքների անվտանգությունը, կայունությունը նրա համար է, որ պահպանի վերը նշված համակարգը։ Քաղաքացիները նրա համար են, որ սպասարկեն այդ համակարգին կամ արտասահմանից տրանսֆերներ ստանան ու սպառեն համակարգի կողմից ներկրված շաքարավազը, բենզինը եւ այլն, եւ այսպես շարունակ։ Իսկ անհնազանդ քաղաքացիները կպատժվեն լրիվ օրինական հիմունքներով։ Այս համակարգի գիտական նկարագրությունը արդեն իսկ արել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավազակապետությանը եւ մոնղոլ-թաթարական խանական համակարգին վերաբերող իր հայտնի ելույթներում։ Այնպես որ, այս համակարգերի հետագա պարզաբանման կարիքը չկա։
Եւ ուրեմն` ո՞րն է այս ամենի եզրակացությունը։ Իսկ եզրակացությունը շատ պարզ է ու միանշանակ։
Թքել է պետք այն օրինականության վրա, որը կոչված չէ պաշտպանել քաղաքացուն, անհատին, նրա իրավունքներն ու արժանապատվությունը։ Թքել է պետք այն օրինականության վրա, որը մարդասպանին ազատություն է շնորհում, իսկ ազգային հերոսին ծաղրուծանակի ենթարկում։ Թքած է պետք ունենալ այն օրենքի վրա, որը գործում է կախված այն բանից, թե դու ինչքանով ես հնազանդ ավազակապետական զույգին։
Թքել է պետք այն կայունության վրա, որը չի ծառայում քաղաքացուն, չի ծառայում նրա օբյեկտիվ ընդունակությունների բացահայտմանը, չի նպաստում նրա ստեղծագործական ձգտումների իրականացմանը։ Թքել է պետք այն կայունության վրա, որի նպատակը թալանչիների տիրապետության ստատուս-քվոյի պահպանումն է, քաղաքացու, մարդու բարոյական հարստահարման ու նվաստացման իրավիճակի հավերժացումը։ Թքած է պետք ունենալ այն պետության վրա, որը հիմնված չէ իր քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա, չի արտահայտում այդ քաղաքացիների ձգտումները, չի ծառայում այդ իդեալներին ու նպատակներին։ Թքած այն պետության վրա, որի համար անհատը բարձրագույն արժեք չէ, նրա իրավունքներն ու ազատությունները հիմնարար գաղափարներ չեն։
Թքած այն պետության վրա, որի շահերը չեն ձեւավորվում քաղաքացիների հավաքական շահի պատկերացմամբ ու ընդգրկումով։ Պետությունն է մարդու համար եւ ոչ թե մարդը` պետության։ Օրինականությունն է մարդու համար եւ ոչ թե մարդը` օրինականության, կայունությունն է մարդու համար եւ ոչ թե մարդը` կայունության։ Եւ այն սերժանտները, որ այսօր ճամարտակում են պետության, օրինականության, կայունության մասին, ահա այդ մարդկանց ես ասում եմ. թքել եմ ձեր պետության, ձեր օրինականության եւ ձեր կայունության վրա։ Մեզ հարկավոր է մարդակենտրոն պետություն, մեզ հարկավոր է մարդակենտրոն օրինականություն, մեզ հարկավոր է մարդակենտրոն կայունություն։ Եւ մենք կունենանք այն, ինչ հարկավոր է Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներին։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.