> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը, մեր մեջ ասած, ձեռնտու է թե՛ Սերժ Սարգսյանին եւ թե՛ Իլհամ Ալիեւին։ Վերջինիս առաջիկայում սպասում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, իսկ Սերժ Սարգսյանը պետք է փորձի մարսել ներքաղաքական ճգնաժամը։ Դեռեւս դասականն է ասել` տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է. եւ եթե սա ճիշտ է անհատ տականքների առումով, շատ ավելի ճիշտ պետք է լինի տականքների իշխանության վերաբերյալ։ Իլհամ Ալիեւը սեփական ժողովրդի աչքի առաջ պիտի աքլորանա` տեսեք ո~նց շշեցի հայերին, եւ քաղաքական հակառակորդներին պետք է զնդաններ լցնի, քանի որ նրանք ջուր են լցնում հայերի ջրաղացին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ` Սերժի իշխանության համար ուղղակի փրկություն է այս թեման։ Նա էլ, իր հերթին, ետ չի մնա եւ աղբ կթափի Հեյդարի տղա Իլհամի վրա, իսկ իշխանական Լարիսկաները կգովերգեն բոյով-բուսաթով Սերժի քաջագործությունները։ Բնականաբար, այս ցնցող տեսարանի ֆոնին հանրային եւ գրպանային հեռուստաընկերությունները Մեծն Սերժիկին իշխանությունից հեռացնելու նրա հրաժարականին հասնելու փորձերը կորակեն դավաճանական։ Սա արդեն ծանոթ եւ մի քանի անգամ կիրառված սցենար է, որը վերաբերում է ներքաղաքական խոհանոցին, եւ այստեղ Իլհամն ու Սերժը իրարից շատ չեն տարբերվում։ Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին, այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ է, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես ասում են, «պրյոմի տակ մնացին»։ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի այնպիսի հայտարարություն արեց, որի նպատակը թերեւս մարտի 1-ի իրադարձություններից շոկահար հայ ժողովրդին հայրենասիրական զգացումներ ներարկելն էր։ Օսկանյանն ասում էր, որ իր կարծիքով` ՀՀ (մեղա, մեղա) նորընտիր նախագահը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետք է հանդիպի Իլհամ Ալիեւին եւ նրան ասի. «Եթե դուք հավատում եք, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունված բանաձեւի շրջանակներում, մենք խոսելու բան չունենք»։
Նույն միտքը մի քանի օր անց կրկնեց նաեւ Սերժ Սարգսյանը, թե կգնամ ու Ալիեւին էսպես կասեմ։ Շարմազանով Էդոն, Ճպըլ Արմենը արդեն պատկերացնում էին, թե ինչպես է Սերժը այս ասելով դուրս գալիս բանակցությունների սենյակից, Իլհամն էլ հետեւից վազում է` «Ապե, հլը մի րոպե մի տաքացի, էլի, կյանքիդ մեռնեմ» ասելով։ Բայց Բաքուն շատ արագ արձագանքեց Սերժի այս հայտարարությանը, ու Իլհամ Ալիեւը ասաց, թե չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել։ Հայ պատրիոտները քիչ էր մնում ծունկ չոքեին Իլհամի առաջ, ախր վերջինիս հետ հանդիպումը միակ բանն էր, որ իմաստալից էր դարձնում Սերժի բուխարեստյան այցը։ Բայց Իլհամը անդրդվելի էր, եւ նա ոչ միայն չհանդիպեց Սերժի հետ, այլեւ Բուխարեստում, բառիս բուն իմաստով, քրֆեց համանախագահներին` չստանալով ոչ մի պատասխան։ Ընդհակառակը` համանախագահները չքմեղացան եւ մի անգամ էլ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ԼՂ հարցի լուծումը պատկերացնում են հենց այս շրջանակներում։ Ի դեպ, մինչ հայ հանրությունը աղմուկ է բարձրացնում ՄԱԿ-ի ԳԱ հայտնի բանաձեւի վերաբերյալ, որով ԳԱ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շատերը չնկատեցին, որ դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ Մոսկվայում համանման հայտարարություն էր արել նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա բառացիորեն ասել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եւ հենց այս հայտարարության ֆոնին առնվազն հասկանալի չէ, թե ինչով Սերժին դուր չի եկել ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը։ Չէ՞ որ բանաձեւում կրկնվում են իր մտքերը։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի բուխարեստյան քաջագործությունը տապալվեց։ Ընդհակառակը, պարզվեց, որ նրա հետ շփումը իր համար անպատեհ է համարում նույնիսկ Իլհամ Ալիեւի նման սուլթանիկը։ Դե, իսկ ճաշին Սերժ Սարգսյանին նստեցրին երկու եվրոաղջիկների արանքում, ճիշտ այնպես, ինչպես մանկապարտեզներում են վարվում։ Միջոցառման ֆոնը փչացնող տղաների հետ։ Իսկ աղջիկները, որոնց լեզուն Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար, չի հասկանում, չնկատելու էին տալիս մեր բոյով ու սիրուն ազգային հերոսի ներկայությունը եւ իրենց մայրենի գերմաներենով հարցնում. «Աղջի, էս դանդուռին ո՞վ էստեղ բերեց»։ Տեսնես Վարդան Օսկանյանը հասկացա՞վ, թե ինչու է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրիայի ԱԳ նախարարը նստած սեղանի շուրջ, իսկ ինքը, այսինքն` Հայաստանի արտգործնախարարը, պատի տակ։ Գիտե՞ք ինչու. որովհետեւ ինքը «հայրենասեր» է, իսկ Ավստրիայի ԱԳ նախարարը` ոչ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.