> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Թվում էր, թե այն ժամանակները, երբ հնգամյակը կարելի էր լրացնել երեք տարում, հեռացել են անվերադարձ։ Վեհափառ ավազակապետը, սակայն, ցույց տվեց իր զորությունը եւ մարտի 1-ին զոհվածների քառասունքը որոշեց ծածկադմփոց անել 37-րդ օրը։ Քառասունքի արագացումը քաղաքական որոշում է եւ գոնե հանրային առումով` լկտի սրբապղծություն։ Միջնադարում` ինկվիզիցիայի գոյության տարիներին, մի այնպիսի հասկացություն-փաստաթուղթ կար կաթոլիկ աշխարհում, որ կոչվում էր ինդուլգենցիա։ Եթե որեւէ մեկը ուներ այս եկեղեցու թողարկած թղթի կտորից, «նրա մեղքերը ներված» էին համարվում։ Եւ ահա, շատ շուտով ինդուլգենցիա կարելի էր գնել տոնավաճառներում` չնչին գրոշների դիմաց։ Սա կաթոլիկ եկեղեցու խայտառակությունն է։ Բայց եթե կաթոլիկ եկեղեցին խայտառակ է եղել խավար միջնադարում, իսկ հիմա մաքրվում է, մեր եկեղեցին խայտառակ է լինում լուսավոր 21-րդ դարում։ Քիչ չի` Վեհափառ ավազակապետը մեդալ է կախում իր գրպանը 50 դոլար մտցրած ամեն դուրսպրծուկի դոշից, հիմա էլ որոշել է ինդուլգենցիա շնորհել Սերժիկին. իբր մարտի 1-ի զոհերի ու Սերժիկի նախագահի նստավայր տեղափոխվելու մեջ ոչ մի կապ չկա։ Իբր ապրիլի 9-ը այնքան էլ սգի օր չէ, եւ կարելի է հանգիստ քեֆ անել ու տոնախմբություն կազմակերպել։ Նման պահվածքը, անշուշտ, տարօրինակ չէ մի կաթողիկոսի համար, որ այդ կարգավիճակին արժանացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այս ամենը, սակայն, բոլորովին այլ եզրակացության է բերում. Հայաստանում եկեղեցին ոչ միայն անջատ չէ պետությունից, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, այլեւ դարձել է ավազակապետական իշխանության կցորդը։ Եւ ինչպես ՀՀ քաղաքացիները հայտնվել են մի քանի կոռուպցիոներ-մարդասպանների պատանդի կարգավիճակում, նույն կերպ եւ Հայ առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բոզարած-«կուսակրոնների» պատանդի վիճակում։ Եւ իրականում, վերջին հայտնի իրադարձություններից հետո Գարեգին Բ կաթողիկոսը պաշտպանում է իր սեփական իշխանությունը, որովհետեւ հասկանում է, որ այնքան է սերտաճել ավազակապետության հետ, որ նրա հեռացումից հետո չի կարող պաշտոնավարել որպես Ամենայն հայոց կաթողիկոս։ Իսկ ընդհանրապես` հիմա Հայաստանը իրապես կանգնած է գլոբալ վերափոխումների, եթե կուզեք` հեղափոխության անհրաժեշտության առաջ։ Ժամանակակից Հայաստանը բնորոշվում է համատարած այլասերությամբ` նեխած-անբարո պետական համակարգ, նեխած-անբարո քաղաքական դաշտ լապիդառ խոսրովատիպ թրթուրներով, նեխած-անբարո դատաիրավական համակարգ, նեխած-անբարո մտավորականություն, նեխած-անբարո բուհական համակարգ, նեխած-անբարո հոգեւորականություն եւ, ի վերջո, նեխած-անբարո հասարակական հարաբերություններ։ Նեխման այս պրոցեսը քայքայում է Հայաստանը։ Մյուս կողմից, սակայն, վերը նշված բոլոր մակարդակներում քիչ չեն ախտահարությունից զերծ մնացած կամ բուժման հնարավորությունը չկորցրած անհատները, խմբերը, շերտերը։ Անկախ ամեն ինչից, Հայաստանում կան վերջնականապես չկործանված պետական պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, ազնիվ մանկավարժներ, հոգեւորականներ, դասախոսներ, մտավորականներ։ Եւ հեղափոխությունը ուղղակի անհրաժեշտ է` այդ սերմը, այդ թթխմորը փրկելու համար։ Հակառակ դեպքում հայ ժողովուրդը այդպես էլ չի վայելելու սեփական նախագահին, կաթողիկոսին, մտավորականին հարգելու ու սիրելու հաճույքը եւ այդպես էլ իր խղճուկ գոյությունն է քարշ տալու նեխած կերակուր ճաշակածի զգացողությամբ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.