> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Արդյո՞ք ապրիլի 9-ին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք միջոցառումը որեւէ բան փոխում է ներքաղաքական իրավիճակի տեսակետից, եւ արդյո՞ք սրանից հետո ընդդիմության անելիքների օրակարգն է փոխվում։ Ոչ ամենեւին, բացարձակապես ոչ։ Ընդհակառակը, այդ միջոցառումը ավելի է սրում բոլոր հարցերը, ճգնաժամը ավելի ակնհայտ դարձնում, ավելի ակնհայտ դարձնում ճգնաժամի վտանգավորությունը։ Սերժ Սարգսյանը ստիպված է «նախագահի երդում» տալ Ազատության հրապարակը պլացի վերածելով, երդումի վայրը զորքով շրջափակելով, իր ապօրինությունների զոհ դարձած նահատակների քառասունքը ծածկադմփոց անելով… Ու եթե այսօր Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակը զորքով է լցնում, ընդամենը խոստովանում է այն համախոհներով ու համակիրներով պատելու անհնարինությունը, անգամ 50 դոլարանոց աստղ-ղշերի ստրիպտիզի գնով։ Ոչ բարով գործընկեր կոչվող մի հեղինակ գրում է` Սերժ Սարգսյանի էլեկտորատը միտինգ անող չէ։ Ճիշտ է, որովհետեւ միտինգ անում են նրանք, ովքեր համոզմունքներ ունեն եւ պատրաստ են պաշտպանել իրենց համոզմունքները։ Եթե Սերժ Սարգսյանը էլեկտորատ ունի, դա հասարակության համոզմունքներ չունեցող հատվածն է, որ միշտ քվեարկում է իշխանության օգտին կամ փող տվողի օգտին։ Այդպիսիք Հայաստանում այս պահին ավել չեն 150 հազարից։ Սերժ Սարգսյանը Հայաստանում հանրային աջակցություն չունի, եւ նա սովորական Սամազվանեց է, սովորական ուզուրպատոր, եւ այսօր կայանալիքը դեռ դատական պարզաբանման կենթարկվի։ Այսօր Օպերայում կայանալիքը իրոք ճգնաժամի, խորը ճգնաժամի վկայություն է, եւ այդ ճգնաժամը չի հաղթահարվելու, քանի դեռ իսկապես կազմաքանդված չէ ավազակապետությունը։
Ի դեպ, այսօր այնպիսի մարդիկ են խոսում ճգնաժամի մասին, այնպիսի մտահոգություններ են արտահայտում, կարծես այդ ճգնաժամը երկնքից է ընկել։ Մենք ասում էինք` «Ա1+»-ի փակումը վատ հետեւանքներ է ունենալու, մեզ ասում էին «ռեւանշիստներ», մենք ասում էինք` քրեական ամենաթողությունը քայքայում է երկրի մթնոլորտը, մեզ ասում էին «մոսկաներ», մենք ասում էինք` մարդիկ օտարանում են հայրենիքից, մեզ ասում էին «իքիբիր», մենք ասում էինք` վտանգված է Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, մեզ ասում էին «թուրքամետներ». դուք եք ստեղծել այս ճգնաժամը, պարոնայք պետականամետներ, եւ այդ ճգնաժամը կանգնելու է ձեր կոկորդին, շնչահեղձությունից ձեզ կփրկի միայն (չզարմանաք) Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահը վերջերս մի շատ կարեւոր միտք էր արտահայտել. նա ասել էր, որ եթե անգամ ինքը ընդունի 2008-ի նախագահական ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, հանրությունը չի ընդունի։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է միայն մեկ բան. եթե մարդիկ, հայաստանցիները համոզվեն, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ ավազակապետական զույգին հեռացնել իշխանությունից, իսկ նման խաղաղ զարգացման վերջին հույսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ նրա ղեկավարած շարժումը, ահա եթե կորսվի խաղաղ իշխանափոխության հույսը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը։ Եւ այն, ինչ բարձրակրունկ Աղվանը հիմա ուզում է հնարել, կդառնա իրականություն։ Եւ ի դեպ, այդ պոտենցիալ ապստամբները այսօր բանտարկության մեջ գտնվողները չեն, ոչ էլ նրանց քաղաքական ընկերները։ Ընդհակառակը, մեզնից շատերը որպես «թուլամորթ» թերեւս կհայտնվեն նրանց սեւ ցուցակում։ Բայց, իհարկե, ոչ հիմնական սեւ ցուցակում, այլ ընդամենը որպես չարազի պարագա։ Հիմնական ցուցակում կլինեն այսօր իրեն Սերժի ախպերություն երեւակայողները, ժողովրդի վրա կրակած գեներալներն ու գնդապետները, տեղական իշխանիկները։ Այս հեռանկարը այսօր իրական է, քան երբեւէ. պարոնայք իշխանավորներ, դուք տեղյա՞կ եք, թե մարդիկ ինչ են խոսում երթուղայիններում, բիսեդկաներում։ Պարոնայք ԱԱԾ-ականներ, մեր մանկահասակ երեխաների պայուսակներում ժուչոկներ տեղադրելու փոխարեն զեկուցեք ձեր բոսերին, որ երկրում թեւածում է անկառավարելի ռադիկալիզմը։ Ճիշտ է, առայժմ միայն խոսում են, բայց ի սկզբանե խոսքն է։ Եւ լավ իմացեք, պարոնայք իշխանավորներ, օլիգարխներ, գեներալներ, դատավորներ ու դատախազներ. Տեր-Պետրոսյանը ձեր վերջին եւ միակ հնարավորությունն է, որովհետեւ նա է միակ ուժը, որ թույլ չի տա, կարող է թույլ չտալ վրեժխնդրության եւ ինքնադատաստանի դրսեւորումներ, նա է, որ թույլ չի տա ատելությունը կուրացնի մարդկանց։ Մարտի 1-ին դուք նրան թույլ չտվեցիք տանից դուրս գալ եւ տեսաք, թե ինչ եղավ։ Նույն սխալը մի՛ կրկնեք երկրորդ անգամ, որովհետեւ շատ ավելի վատ է լինելու թե՛ մեզ, թե՛, առավել եւս, ձեզ համար։ Մտածեք այս մասին։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.