> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածություն առաջադրեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Հայաստանին պաշտոնապես տեղեկացրել էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցման հնարավորության մասին։ Սա էլ կապված էր մարտի 1-ի` իշխանական վայրագությունների հետ։ Մարտի 1-ի դեպքերի համատեքստում նոր դեսպանի թեկնածության առաջադրումը, սակայն, կարող է չունենալ այն իմաստը, ինչի մասին կարելի է ենթադրել առաջին հայացքից։ Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ վարչակազմն առեւտրական իրավիճակ է ստեղծում։ Ջորջ Բուշը չկարողացավ ԱՄՆ Կոնգրեսում անցկացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նախորդ թեկնածությունը եւ ի վերջո ստիպված էր հրաժարվել Ռիչարդ Հոգլանդին Հայաստան գործուղելու մտքից։ Պատճառն այն է, որ Հոգլանդն իր թեկնածության քննարկումների ընթացքում հրաժարվել էր ճանաչել հայերի ցեղասպանությունը Թուրքիայում։ Եւ ահա, այս պահվածքի համար հայկական լոբբին պատժեց Հոգլանդին` օգտագործելով Կոնգրեսում իր ունեցած ազդեցությունը։ Հասկանալի է, որ այս պրոցեսը խրախուսվում էր Հայաստանից, եւ ԱՄՆ հայկական լոբբին գործելու ազդակներ էր ստանում այստեղից։ Մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուն նույնպես կհրաժարվի պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, ու այս պարագայում հայկական լոբբին նորից կսկսի գործել։ Բայց հիմա արդեն բոլորովին նոր իրավիճակում։ ԱՄՆ-ն Հայաստանին սպառնում է սառեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը։ Եւ ահա, վճռական պահին կարող է անպարկեշտ գործարք տեղի ունենալ. ՀՀ իշխանություններն ԱՄՆ հայկական լոբբիին խնդրում-հորդորում են Կոնգրեսում խոչընդոտներ չստեղծել նոր դեսպանի համար, փոխարենը ԱՄՆ-ն շարունակում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում։ Իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական է թվում, եւ կարծում ենք` ՀՀ իշխանությունները չեն խորշի նման գործարքից. չէ՞ որ խոսքը քյաշ փողի մասին է։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.