ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ստորեւ ներկայացնում եմ Գարնանամուտի մեր շարժմանը նվիրված բանաստեղծությունս։ Հույս ունեմ` այն կարժանանա երգիչ-երգահան ընկերոջս ուշադրությանը, եւ նա կփորձի մի ոգեշունչ երաժշտություն գրել այս բառերի համար։ Ընթերցողին խորհուրդ եմ տալիս բանաստեղծությունը կարդալիս «Հիմա»-ներից առաջ փոքր դադար առնել։ Սա պահանջում է բանաստեղծության ռիթմը։
ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ
Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»։
Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում, ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»։
Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում։
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա։
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»։
Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման…
Ութ եղբայրների սրտեր այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»։
Զնդանների երախում մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ













