> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Վլադիմիր Պուտին. 2008-04-01. «Երկու ճանապարհ»Ընդհանրապես, ՀՀ գործող վարչապետ, փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներով նախագահ «հռչակված» Սերժ Սարգսյանը վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ սխալներ է գործել։ Չենք կասկածում, իհարկե, որ նա դեռ այդ ոճով շարունակելու է եւս մի որոշ ժամանակ։ Բայց այս պահին հատուկ ուշադրության է արժանի նրա ամենավերջին` խոշոր սխալը։ Խոսքը Մոսկվա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանի թույլ տված «պրապուսկատի» մասին է։ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Վլադիմիր Պուտինին հրապարակայնորեն իր շնորհակալությունը հայտնեց աջակցության համար։ «Մենք միշտ զգացել ենք ձեր օգնությունը ե՛ւ նախընտրական, ե՛ւ ետընտրական գործընթացներում, ինչի համար ես իսկապես շնորհակալ եմ։ Նախագահը եւ մեր դեսպանը ինձ փոխանցում էին ձեր անձնական ուղերձները։ Պետք է անկեղծ լինեմ, նախկինում մենք երբեք նման միանշանակ մոտեցում չենք սպասել։ Շնորհակալ եմ դրա համար»,- ահա այսպես դիմեց Սերժ Ազատիչը Վլադիմիր Վլադիմիրովիչին հենց Մոսկվայում` Կրեմլի պատերի ներսում։ Եւ սրանք այն խոսքերն են, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը դեռ երկար չի մոռանալու։ Ավելին, սրանք այն խոսքերն են, որոնք Սերժ Ազատիչը ինքը չի մոռանալու, քանի որ դեռ երկար է զղջալու դրանց համար։ Իսկ եթե փորձենք պարզաբանել, թե ինչ էին նշանակում ՀՀ վարչապետի վերոնշյալ խոսքերը, ապա կստացվի. «Շնորհակալություն փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքն ու արդյունքները կեղծելու, հետընտրական շրջանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու, ժողովրդի վրա կրակելու, սեփական ժողովրդի արյունը թափելու հարցերում մեզ միանշանակորեն աջակցելու համար»։ Ընդ որում, Սերժն այսքանով չբավարարվեց. նա նաեւ ակնարկեց, որ այդ ամբողջ ընթացքում Քոչարյանն ու ինքը մշտական կապի մեջ են եղել Պուտինի հետ եւ, ըստ էության, գործել են նրա «դաբրոյով»։ Սա, իհարկե, մեծ սխալ է, դիվանագիտական սկանդալ, ինչին Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու անդրադառնալ։ Ճիշտ է, հայտնի է դարձել, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո Պուտինը մի լավ «մշակել է» Սերժին, սակայն կարծում ենք` առաջիկայում ՌԴ նախագահը ստիպված կլինի այս հարցին անդրադառնալ նաեւ հրապարակայնորեն, քանի որ դժվար թե նա ցանկանա իր վրա վերցնել ՀՀ-ում խաղաղ ցուցարարների սպանության բեռը։ Իսկ որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է` այդ բեռն իր վրայից Վլադիմիր Պուտինին փոխանցելու համար, կասկած չկա։ Բանն այն է, որ նա չի բավարարվել Մոսկվայում արած վերոնշյալ հայտարարությամբ։ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մինչեւ հիմա էլ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մերձիշխանական շրջանակներում տեղի ունեցած ցանկացած խոսակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու նրանց մերձավոր շրջապատի ներկայացուցիչները բացահայտ բոլորին հասկացնել են տալիս, որ ամեն ինչ արվել է Ռուսաստանի նախագահի գիտությամբ եւ «դաբրոյով»։ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի ջանքերով աստիճանաբար այս տեղեկատվությունը սկսում է մեծ տարածում գտնել նաեւ Հայաստանի բնակչության շրջանում։ Հասկանալի է, իհարկե, թե ինչն է մղում Քոչարյանին ու Սերժին գնալ այդ մանր խորամանկությանը։ Ավելի լավ ձեւ` պատասխանատվությունից խուսափելու համար, դժվար է գտնել։ Սակայն այն, ինչ նրանք այսօր անում են, ժողովրդական լեզվով կոչվում է «սատանի մայլում քյանդրբազ խաղալ», եւ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ պատասխան կտա Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այս «չարաճճիությանը»։ Սակայն ակնհայտ է, որ Պուտինը պետք է ընտրություն կատարի ամբողջ աշխարհին, հայ ժողովրդին մարտի 1-ին թափված անմեղ մարդկանց արյան համար պատասխան տալու եւ հայ-ռուսական հարաբերություններն ու իր միջազգային վարկը վնասելու գնով Սերժ Սարգսյանին «պահելու» մեջ։ Իսկ հաշվի առնելով, որ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին նույնիսկ չշնորհավորեց նախագահ ընտրվելու կապակցությամբ, պետք է ենթադրել, որ դժվար թե նա ընտրի երկրորդ տարբերակը։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.