ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 42.
42. Դո՛ւ ասացիր
Մանկան շուրթերից ճշմարտությունն է բարբառում։ Վերջերս այդպիսի մի ճշմարտություն բարբառեց իշխանական մանուկի կարգավիճակում հայտնված ոստիկանը, որ Վահագն Գեւորգյանի դատավարության ժամանակ հայտարարեց, թե վերջինս ոչ թե կոնկրետ ոստիկանի է հայհոյել, ինչի համար էլ նրան մեղադրում են, այլ հանդես է եկել «գլոբալ հայհոյանքով»։ Այն, որ Վահագնը որեւէ մեկի չի հայհոյել կամ հարվածել, կարծում եմ` ակնհայտ է բոլորին։ Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ են նրան դատում։ Պատասխանը թաքնված է որպես վկա հանդես եկող ոստիկանի օգտագործած «գլոբալ հայհոյանք» ձեւակերպման մեջ։ Վահագնին ոչ թե կոնկրետ, այլ գլոբալ մեղադրանք է առաջադրված, եւ նրա նկատմամբ ընթանում է ոչ թե կոնկրետ, այլ գլոբալ դատավարություն։ Եւ մեղադրյալի աթոռին ոչ թե կոնկրետ երիտասարդ է նստած, այլ մարդկային տեսակ։ Ասել է թե` տվյալ դեպքում գործ ունենք գլոբալ ամբաստանյալի հետ։
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հենց սա նկատի ունի, երբ փորձում է բացատրել, որ Հայաստանի դատաիրավական համակարգը 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ եւ հետո` տարբեր բաներ են։ Նախորդ ժամանակահատվածում դատական ամենաթողության, անարդարությունների հասցեատերը կոնկրետ մարդիկ էին, ընտրություններից հետո այդ վիճակում սկսեցին հայտնվել հանրության ամբողջական շերտեր։ Ինքը` Գագիկ Ջհանգիրյանը, դատապարտվել է ոչ ամենեւին Շուշան Պետրոսյանի սիրասուն ամուսնուն ցավեցնելու համար (վերջինս, ի դեպ, ականատեսների վկայությամբ` միակ ոստիկանն է եղել, որ Մարտի 1-ի առավոտյան Մաշտոցի պողոտայում քաղաքացիներին խոշտանգել է առանց դիմակի, որ բոլորը տեսնեն, թե ինքը ինչ կռուտոյ տիկնոջ ամուսին է)։ Ահա, ուրեմն` Գագիկ Ջհանգիրյանն էլ է գլոբալ ամբաստանյալի կարգավիճակում եղել, եւ, ի դեմս նրա` դատել են բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր համարձակվել են գոնե մտքներով անցկացնել, որ կարող են տարանջատվել ավազակապետությունից եւ ժողովրդի կողմն անցնել։
Երբ հետեւում ենք հետընտրական դատավարությունների «գլոբալ» տրամաբանությանը, ակնհայտ է դառնում, որ ամբաստանյալի աթոռին հայտնվել է Հայաստանի ողջ հանրությունը, որը համարձակվել է լուրջ ընդունել երկրի Սահմանադրությունը, ըստ որի, երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ քաղաքացուն։ Հայաստանի ժողովուրդը 2008 թվականին ընդամենը իշխանությունը փոխելու իր իրավունքն էր իրացնում, արդյունքում հայտնվեց ամբաստանյալի կարգավիճակում։ Մարտի 1-ից հետո, ըստ էության, հազարից ավելի մարդ է ձերբակալվել, հազարից ավելի ցուցարար։ Նրանց մեծ մասի հետ տեղի ունեցածը իշխանությունը այլ կերպ է ներկայացրել. իբր այդ մարդիկ ոչ թե ձերբակալվել են, այլ ընդամենը հարցաքննվել են, կամ նրանց հետ զրույց է տեղի ունեցել։ Փաստն այն է, սակայն, որ այդ մարդիկ չեն կալանավորվել զուտ տեխնիկական պատճառներով. Հայաստանի բանտերում այդքան տեղ չի եղել ուղղակի։ Ետմարտիմեկյան հետապնդումներին, ձերբակալություններին այսօրինակ մասշտաբ տալով` իշխանությունը ըստ էության խոստովանեց, որ գործ ունի համաժողովրդական պայքարի հետ, որը ճնշելու համար անհրաժեշտ է գնալ Հայոց պատմության մեջ աննախադեպ ռեպրեսիաների։ Հետապնդումների ծավալները վկայում էին, որ իշխանական բեսպրեդելի նկատմամբ զզվանքը եւ ատելությունը մտել է հայաստանյան ամեն տուն, ամեն բնակարան, եւ այս իշխանությունը կարող է գոյություն ունենալ միայն Ազատագրական պայքարը տանկերի տակ ճզմելու մեթոդաբանությամբ։ Այն, որ հետընտրական շարժումը, Համաժողովրդական շարժումը բնույթով ազատագրական ու վեհ պայքար էր եւ այդպիսին է մինչեւ օրս` ընդունել է նաեւ իշխանությունը։ Համաներում հայտարարելու որոշման մեջ 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակիցները հավասարեցված են Հայրենական Մեծ պատերազմի, Ղարաբաղյան պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին։ Ասվածում ոչ մի չափազանցություն չկա. ԱԺ որոշումը ենթադրում է, որ համաներումը առավելապես պետք է տարածվի ոչ միայն Ղարաբաղի պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների, այլեւ Մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակիցների որոշակի խմբերի վրա։ Այսինքն, ոչ թե ենթադրվում է, այլ հենց այդպես էլ գրված է Սերժ Սարգսյանի ներկայացրած եւ Ազգային ժողովի ընդունած որոշման մեջ։ Եւ եթե որեւէ մեկը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել, ըստ համաներման որոշման, պետք է պատժի կրումից ազատվի մի քանի դեպքերում միայն. դեպքերից մեկը այն է, երբ նրանք Հայրենական Մեծ պատերազմի մասնակից են կամ Խորհրդային բռնապետության կողմից բռնադատված անձինք։ Այս իրավունքից օգտվում են նաեւ Ղարաբաղի պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները, Մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակիցները։ Սրանով, ըստ էության, ամեն ինչ ասված է եւ ասված է ոչ թե «արմատական», «ծայրահեղական» ընդդիմության, այլ հենց իշխանության կողմից։ Եւ սա ամենեւին էլ վրիպակ չէ, այլ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ենթագիտակցական գնահատական, ներքին համոզմունք, որ սպրդել է անգամ իշխանական փաստաթղթերում…
Ինչ վերաբերում է դատաիրավական գլոբալիզացիայի գործընթացին, իշխանությունն ուղղակի ստիպված է խորացնել այն, որովհետեւ նրա հակառակորդ-քաղաքացիների թիվը այնքան է մեծացել, որ նրանցով անհատապես հնարավոր չէ զբաղվել։ Միակ տարբերակը մնում են «գլոբալ հայհոյանքի» մեղադրանքով գլոբալ դատավարությունները, որոնց արդյունքում արձակվում են գլոբալ դատավճիռներ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ նրա գլոբալ քաղաքացու։ Ու եթե վերջինիս դեմ վճիռներ կայացվում են, նշանակում է Նա` այդ գլոբալ քաղաքացին, գոյություն ունի։ Այսօր նա ամբաստանյալի դերում է, վաղը մեղադրելու է Հայաստանի Հանրապետության անունից` հանուն Հայաստանի Հանրապետության։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 12, 2009















Anhamber spacum enq ayd orvan.
“հանուն Հայաստանի Հանրապետության”
+1
+1
+1
+1
+1
Նիկոլ ջան, ինտերնետային նամակագրության սիրահար չեմ, բայց, ցավոք, առայժմ այլ կերպ հնարավոր չէ քեզ հետ հաղորդակցվել: Նախ` ձայնիդ կարոտել եմ, երկրորդ` քաղաքական դաշտը շատ աղքատիկ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյան չլիներ: Ինձ` առողջություն, որ քո եւ մեր երկրի ազատությունը տեսնեմ, քեզ էլ` համբերություն եւ շուտափույթ ազատություն: Համբուրում եմ: +1
yes im Hayastan@ plazdarm nvacha& turqi desantin chem ziji,amragotineric heto namazi xsirner kberen u nuyn dzevov kpartadren bolorin…u der ays amen@ handurjvum e?
+1
+1+1+1
September 18-in sksvelou e Monghol-tatarnerin ou nrants hayastantsi vojrayin gordziqneri Hayastanic vtarelou global gordz@ntats@. +1
Global hayhoyem bolor robotatsvadznerin, serzhantatsvadznerin ou dodatsvadznerin. +1
+1
Էէէ՜ ….. բա ասու՞ ես այ ախպեր, ափսո՛ս, Նիկոլի կայքում չեմ ուզում հայհոյանք գրվի, բայց հաճույքով մի քանի հարկանի հայհոյանքներ կգրեյի սեռժիկոտներին:)