> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը մեր հանրահավաքներում հաճախ էր մեջբերում Աստվածաշնչի հետեւյալ խոսքերը` դու ո՛չ տաք ես եւ ո՛չ էլ սառը, եւ ես քեզ պետք է դուրս փսխեմ իմ բերանից: Մարտի 1-ը հիրավի ջրբաժան դարձավ, այն մեր հանրությունը հիրավի բաժանեց սեւի եւ սպիտակի: Մեր խնդիրն այս պարագայում ամենեւին էլ սեւի կամ սպիտակի մասին խոսելը չէ, այլ սրանց արանքում առաջացած անգույնի, այսինքն` գոլի: Գոլության ամենացայտուն դրսեւորումն այս օրերին թերեւս ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է, որը չնայած պատգամավորության «անկախ» հորջորջմանը` տեսանելի կերպով է կախված հայտնի տերերից եւ հիմա զուգահեռաբար փորձում է կախվել այլ տերերից եւս: Նա փորձում է իբր չեզոք դիրքից հանդես գալ, բայց իրականում ծառայում է Սերժի շահերին: Եւ ահա, դարակազմիկ հայտարարություն-առաջարկ է անում: Դալլաքյանն առաջարկում է, որ «նորընտիր նախագահը» (ո՞վ) «երդմնակալությունից հետո» (ինչի՞ց) ներում շնորհի ընդդիմության ներկայացուցիչներին: Այսինքն` Սերժը ներում շնորհի մեզ: Տո, ա՛յ տղա, Սերժը թող քեզ ներում շնորհի, որովհետեւ դու ու քեզ նմաններն ունեն Սերժի ներման կարիք ու առանց դրա ապրել չեն կարող: Ժողովուրդը քեզ ու քեզ նմաններին արդեն դուրս է փսխել իր բերանից, եւ հիմա ձեր միակ մտահոգությունը մեկ ուրիշ գոլ միջավայրում տեղավորվելն է: Ինչ վերաբերում է Սերժին, դու, համոզված եմ, նրա համար ներում չես խնդրելու ժողովրդից, որովհետեւ դա համարձակ քայլ է, ինչը գոլ պոլիտիկաններն ի վիճակի չեն իրականացնել: Բայց վերը նշվածը Վիկտորի միակ մեծահոգությունը չէ: Բնորոշելով ՀՀ առաջին նախագահի ղեկավարած շարժումը` նա ասում է. «Դա համաժողովրդական շարժում էր, որը մթագնվեց վանդալիզմի դրսեւորումներով»: Բնականաբար, նա նկատի ունի մի քանի խանութների թալանը: Դալլաքյանը չի նկատել, սակայն, որ այդ թալանն իրականացրել են իր նմանները, որոնք սեւի եւ սպիտակի պայքարի մեջ «չեզոք» էին, եւ նրանց համար կարեւորը ոչ թե տվյալ պայքարի ելքն էր, այլ իրենց քյարը: Ու այն, ինչ հիմա անում է Դալլաքյանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական մարադյորություն: Մի կողմ քաշվիր, ա՛յ դեպուտատ, սա քո խելքի բանը չէ: Կա՛մ տաք եղիր, կա՛մ սառը, այլապես որպես փսխուք շարունակելու ես վատ հոտ տարածել:

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.