> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 41.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 41.

41. Ծանոթ եւ անծանոթ դեմքեր

Երիտասարդների երթ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Պնդումները, թե վերջին տարիներին Հայաստանի հանրային գիտակցության մեջ էական տեղաշարժեր են եղել, հաճախ են հնչում։ Այս մասին գրում են նաեւ ընկերներս` իրենց նամակներում եւ հրապարակումներում։ Նման պնդումները ի գիտություն եմ ընդունել, սակայն եւ փորձել եմ իրական կյանքում գտնել դրսեւորումներ, որոնք գործնականում կապացուցեն տեսական այդ թեզի ճշմարտացիությունը։ Բայց ինչպես է դա հնարավոր անել ընդհատակում եւ բանտում։ Ընդհատակի եւ հատկապես` բանտի առանձնահատկությունը հենց այն է, որ այդտեղ հայտնված մարդը երբեմն կորցնում է դրսի աշխարհի զգացողությունը, չի կարողանում զգալ նրա շունչն ու տրամադրությունը։ Իմիջիայլոց, այդ վիճակը ինձ երբեմն համակում էր նաեւ «ՀԺ»-ի գլխավոր խմբագրի աշխատասենյակում։ Այդ ժամանակ «շրջափակումից» դուրս էի գալիս Երեւանի փողոցներով քայլելով, մարդկանց դեմքերին նայելով, աչքերի արտահայտությունը շոշափելով։ Եւ այս զբոսանքը տալիս էր ամենահավաստի եւ կարեւոր տեղեկությունը, որ չի կարող տալ ոչ մի այլ աղբյուր։ Ինչպե՞ս, ուրեմն, այս տեղեկատվական բացը լրացնել ընդհատակում կամ բանտում։

Մի յուրօրինակ համակարգ եմ մշակել, որ պայմանականորեն կարելի է կոչել «ծանոթ եւ անծանոթ դեմքեր»։ Ըստ այդմ, դրսի մասին պատմող ինֆորմացիայի աղբյուր են դառնում համաժողովրդական շարժման զանազան ակցիաների լուսանկարները։ Դրանք ուսումնասիրում եմ ամենայն բծախնդրությամբ ու մանրամասնորեն եւ բացի մասնակիցների աչքերի արտահայտությունը քննելը, մարդկանց բաժանում եմ երկու խմբի` ծանոթ եւ անծանոթ։ Մարդիկ, որոնց ճանաչում կամ հիշում եմ ժողովրդական շարժման ակցիաներից, եւ մարդիկ, որոնց առաջին անգամ եմ տեսնում, այսինքն` այդ դեմքերը չեմ տեսել երկարատեւ պայքարի ընթացքում։ Ահա, ուրեմն` հրապարակային ակցիաների ծանոթ դեմքերի ներկայությունը հրճվանք է պատճառում. այդ մարդիկ Ազատության հրապարակի առաջին շարքերում էին 2007-ին, 2008-ի փետրվարյան օրերին, Հյուսիսային պողոտայում։ Հիմա էլ նրանք այստեղ են, պայքարի իրենց դիրքում. սա նշանակում է` երկու տարի շարունակվող ռեպրեսիաները, սպանությունները, բանտարկությունները չեն կոտրել նրանց կամքը։ Սա նշանակում է, որ այլեւս ոչինչ չի կարող նրանց կամքը կոտրել։ Սա նշանակում է, որ Համաժողովրդական շարժումը, Հայ ազգային կոնգրեսը ամուր հիմքեր ունի, խորը արմատներ։ Երկարատեւ պայքարի գաղափարին այս մարդկանց նվիրումը ինքնին արդեն հանրային գիտակցության մեջ տեղի ունեցած փոփոխությունների վկայություն է։ Անհոգնել, ամենօրյա այս պայքարը չի սնվում որեւէ այլ ռեսուրսից, բացառությամբ` հոգեւոր, գաղափարական ռեսուրսը, եւ ուրեմն` պայքարի շարունակականությունը գալիս է վկայելու, որ հանրության գիտակցության մեջ ձեւավորվում են արժեքային համակարգեր։

Երիտասարդների ակցիա. թերթակարդությունԿոռումպացված, դեգրադացվող, բարոյալքված իրականության մեջ սա հեղափոխական փոփոխություն է, մարդիկ պատրաստ են եւ գնում են զոհողությունների հանուն այնպիսի ձեռքբերումների, որոնք հաշվելի եւ շոշափելի չեն եւ վերաբերում են հոգեւոր-բարոյական ոլորտին։ Ղարաբաղյան պատերազմում կնքված զինադադարից ի վեր` մեր հանրության մեջ այսօրինակ համակարգված պրոցեսներ չեն եղել ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական, ոչ էլ անգամ մշակույթի ոլորտում։ Եւ այսօրինակ խմորումների շուրջ 15-ամյա բացակայությունն է պատճառը, որ 2006-ի դրությամբ մեր իրականությունը հասել էր այլասերման կործանարար եզրին։ Հիմա էլ է մեր հանրությունը այդ եզրի մոտակայքում, բայց անխուսափելի գահավիժումը կասեցված է գոնե առժամանակ։ Բայց ոչ թե սա է ուրախալին, այլ գիտակցումը, որ կասեցման այս գործընթացն աննկատելիորեն վերակերպվում է Ապագայի Հայաստանի, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի հիմքերի դրման, եւ սրա վկայությունը, ահա սրա վկայությունն են դառնում անծանոթ մարդիկ, ովքեր վերջերս են միայն հայտնվել քաղաքացիական պայքարի առաջին շարքերում։ Ապագայի, միայն ապագայի մասին մտածումներ է հարուցում «Հատուկ գունդ», «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունների ձեւավորման պատմությունը, որովհետեւ այդ մարդկանց, այդ պայծառ երիտասարդների գոյությունը աներկբա է դարձնում մի պարզ իրողություն. Հայաստանում ձեւավորվելու է երիտասարդության այն միջուկը, որի համար արժեքային համակարգը չի սկսվում ավտոյի էլիտար համարներից ու չի ավարտվում որեւէ մարդասպան-օլիգարխի թեւի տակ ծվարելու մանկական երազանքով։ Մեծ հաշվով, այս երիտասարդությունը վերահսկելի չէ անգամ Հայ ազգային կոնգրեսի կողմից` բառիս վարչական իմաստով, որովհետեւ այդ երիտասարդությունը չի ցանկանում, որ իրենց վերաբերվեն որպես երիտասարդի։ Նա ուզում է, որ իրեն վերաբերվեն որպես քաղաքացու, որը ի վիճակի է սեփական որոշումները կայացնել եւ գիտակցում է սեփական որոշումների պատասխանատվությունը։ Այդ երիտասարդությունը ենթակա չէ, այլ միմիայն արժանապատիվ գործընկեր։ Այդ երիտասարդությունը հպատակ չի լինի երբեք, այլ միմիայն իրավատեր քաղաքացի։ Որքա՞ն է նրանց թիվը այսօրվա Հայաստանում` էական չէ եւ ոչ էլ` բանավեճի առարկա։ Փաստն այն է, որ նրանք կան եւ իրենց գոյության մասին բարձրաձայնելու համարձակություն ունեն եւ կամք։ Այդ կամքը կոտրելու համար են Տիգրան Առաքելյանին բանտ տարել` սա ակնարկ է բոլոր նրանց, ովքեր իրենց ճամփան չեն փոխում բորդյուրին պպզած ծիծակներ տեսնելիս, ոչ էլ կոմպլեքսավորվում են ոտից գլուխ լպստած ջիփավոր դուրսպրծուկների օրինակով։ Բանտում ընկեր ունեցողին, սակայն, բանտով չես վախեցնի, մանավանդ` եթե ընկերը գաղափարի ու հոգու ընկեր է, եւ ոչ թե արաղի ու քյաբաբի… Ընթերցողը, թերեւս, փորձում է կռահել` որտեղի՞ց այս տեղեկատվությունը, որտեղի՞ց այս համոզվածությունը։ Հենց հիմա, հենց այս պահին ուրբաթօրյա երիտասարդական ակցիաների լուսանկարներն են փռված դիմացս։ Ակցիայի շուրջ 50 մասնակիցներից հազիվ չորսին եմ ճանաչում, բայց նրանց հայացքներն ինձ անծանոթ են։ Երբ նրանց ճանաչում էի, նրանք ուրիշ մարդիկ էին, հիմա արդեն նրանց չեմ ճանաչում։ Նրանց հայացքում Հայաստան է հայտնվել, որ չկար նախկինում, նրանց հայացքում ապագա է հայտնվել` համեմված վստահությամբ։

Նրանց, ում նախկինում չեմ ճանաչել, չէի կարող ճանաչել անգամ. ինձ թվում է` նրանք մարդու նոր տեսակ են, Հայաստանցու, երեւանցու նոր տեսակ, որ ներկա չի եղել երկու տարվա վաղեմության Երեւանում, երկու տարվա վաղեմության Հայաստանում։ Նրանք Օպերայի աստիճաններին նստած թերթ են կարդում, ինչպես սովորաբար մարդիկ թերթ են կարդում իրենց տներում` բազկաթոռին նստած։ Սրանով է նոր Հայաստանցին տարբերվում հին հայաստանցուց։ Հին հայաստանցին տուն ասելով` բնակարան է հասկանում, Նոր Հայաստանցին տուն ասելով` Հայաստանը նկատի ունի, Երեւանը, իր քաղաքն ու փողոցը։ Նոր Հայաստանցու հպարտության առարկան պահարանում շարված կոբալտե սպասքը չէ, ոչ էլ զանազան «Ռոկոկոները»։ Հայրենիքն է նրա հպարտության առարկան, այն հայրենիքը, որ ինքը պիտի կառուցի սեփական ձեռքերով։ Այսօր ուրբաթ է. Նոր Հայաստանը այսօր բարձրաձայնելու է իր մասին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
շարունակելի
Սեպտեմբերի 11, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. AG
    Սեպտեմբեր 11th, 2009 at 08:13 | #1

    Հին հայաստանցին տուն ասելով` բնակարան է հասկանում, Նոր Հայաստանցին տուն ասելով` Հայաստանը նկատի ունի, Երեւանը, իր քաղաքն ու փողոցը։

    +1

  2. Սեպտեմբեր 11th, 2009 at 13:37 | #2

    +1

  3. hakop
    Սեպտեմբեր 11th, 2009 at 13:48 | #3

    +1

  4. Armine
    Սեպտեմբեր 11th, 2009 at 14:00 | #4

    +1

  5. Mleh
    Սեպտեմբեր 11th, 2009 at 16:39 | #5

    +1

  6. Հայկ–PL
    Սեպտեմբեր 11th, 2009 at 17:38 | #6

    +1

  7. TATEVIK
    Սեպտեմբեր 11th, 2009 at 18:17 | #7

    NIKOL JAN QO NSHA& ERITASARDUTYUN@ HENC QO ORINAK@ UNENALOV E AYSOR AYSPISIN DARCEL! DU ES MEZ SOVORECNEL LINEL QAGHAQACI EV VER KANGNEL GEGHCHKAKAN AMBILIANERIC! ES 2007 IN CHEM EGHEL IMPICHMENTI SHARQERUM BAYC HIMA ASUM EM 1+1+1…

  8. Սմբատ
    Սեպտեմբեր 11th, 2009 at 21:53 | #8

    1+

  9. Սմբատ
    Սեպտեմբեր 11th, 2009 at 21:53 | #9

    +1

  10. Չեխիայից
    Սեպտեմբեր 11th, 2009 at 22:45 | #10

    +1

  11. Mery
    Սեպտեմբեր 12th, 2009 at 00:04 | #11

    Nikol jan ed qo vogin e nranc artnacrel mxdzavanj yerazic… PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!

  12. Աշոտ
    Սեպտեմբեր 12th, 2009 at 00:55 | #12

    +1

  13. Սեպտեմբեր 12th, 2009 at 13:11 | #13

    +1

  14. Սուրեն
    Սեպտեմբեր 12th, 2009 at 23:03 | #14

    +1

  15. +1
    Սեպտեմբեր 13th, 2009 at 03:53 | #15

    +1

  16. Zed
    Սեպտեմբեր 14th, 2009 at 04:21 | #16

    +1

  17. Annie
    Սեպտեմբեր 14th, 2009 at 15:30 | #17

    +1

  18. Լիզա Ճաղարյան
    Սեպտեմբեր 15th, 2009 at 12:55 | #18

    +1

  1. No trackbacks yet.