> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 39.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 39.

39. Ճշմարտության ժամին սպասելիս

Տասը զոհերի քառասունքի օրը, Մյասնիկյանի արձանի մոտԶարմանալ կարելի է այն հանգստության վրա, որով եվրոչինովնիկներն արձագանքեցին Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրին։ Խումբը, հիշեցնեմ` ստեղծվել էր ԵԽ-ի պահանջով, Մարտի 1-ի հետ կապված փաստեր ի հայտ բերելու համար, եւ նրա առանձնահատկությունն այն էր, որ իշխանության ու ընդդիմության փորձագետները հավասար թվով էին ներկայացված այնտեղ։ Ու երբ, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, աղաղակող փաստեր սկսեցին ի հայտ գալ, Սերժ Սարգսյանը գնաց չափազանց խոսուն եւ ճարահատյալ քայլի. լուծարեց Փաստահավաք խումբը։ Հիմնավորումը մեկն էր. Փաստահավաք խմբի աշխատանքները քաղաքականացվում են։ Այս փաստարկը, փաստորեն, ընդունելի դարձավ նաեւ ԵԽ-ի համար։ Եւ հիմա, երբ լուծարման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի ստորագրումից անցել է մի քանի ամիս, բոլոր հարցերը մի կողմ են դրված, եւ իշխանության քննարկման հիմնական թեման այն է, թե ինչպես էին Փաստահավաք խմբի` ընդդիմությունը ներկայացնող անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը քաղաքականացնում փաստերի հավաքման գործընթացը։ Մինչդեռ, անկախ նրանից` որքանով էր քաղաքականացված խմբի աշխատանքային մթնոլորտը, կան արդեն իսկ բացահայտված փաստեր, որոնց լինելիությունը` օբյեկտիվ լինելիությունը, չի կարող կասկածի տակ դրվել որեւէ քաղաքական բանավեճի, վիճաբանության, անգամ` լեզվակռվի արդյունքում։

Փաստը փաստ է. Մարտի 1-ին զոհված սպա Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը անհետացած է եղել քրեական գործից։ Այս իրողությունը գոյություն ունի` անկախ նրանից, թե Ռոբերտ Ավագյանը որքանով է սիրում Անդրանիկ Քոչարյանին կամ որքանով չի սիրում։ Եթե անգամ Ռ. Ավագյանն ու Ա. Քոչարյանը մտերիմ ընկերներ դառնային Փաստահավաքի գործունեության արդյունքում, դրանից Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնի հետ տեղի ունեցածը չէր փոխվելու, այսինքն` օբյեկտիվ իրողությունը, կատարված փաստը մնալու էր նույնը։

Նույն տրամաբանությամբ` մի՞թե Անդրանիկ Քոչարյանի եւ Ռոբերտ Ավագյանի քաղաքականացված լինելն է Մարտի 1-ին ստացած վերքերի հետեւանքով մահացած ՈԶ ժամկետային ծառայող Տիգրան Աբգարյանի հագուստի անհետացման պատճառը։ Բնականաբար` ոչ, որովհետեւ այս եւ Մարտի 1-ի բացահայտման համար կարեւորագույն նշանակություն ունեցող մյուս ապացույցները անհետացել են Փաստահավաք խմբի ձեւավորումից շատ ու շատ առաջ։ Եւ հիմա, հանրությանը պարզաբանումներ տալու փոխարեն, թե ինչպես է պատահել, որ Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների պարզաբանման համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցներն անհետացել են, իշխանությունը աղմուկ է բարձրացրել, թե Փաստահավաք խմբի աշխատանքները քաղաքականացվում են։ Իսկ սպանությունների չբացահայտումն էլ բացատրում են մի պարզ իրողությամբ. դա անելը չափազանց բարդ է։ Առավելեւս այս պարագայում` նախ անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են ավելի բարդացրել այդ բարդ պրոցեսը` ապացույցները պահելով կամ անհետ կորցնելով։ Հանրությունը մինչեւ օրս չի ստացել նաեւ մեկ ուրիշ կարեւոր հարցի պատասխան. արդյոք ՊՆ չինովնիկները իրավունք ունեի՞ն Փաստահավաք խմբի անդամներին ներս չթողնել իրային պահեստ, որտեղից ենթադրաբար հագուստ` զինվորական հագուստ են ստացել օլիգարխների սափրագլուխները։ Հարցը շատ պարզ է. իրավունք ունեի՞ն, թե՞ ոչ, եւ այս հարցի պատասխանը չի փոխվում Անդրանիկ Քոչարյանի եւ Ռոբերտ Ավագյանի հարաբերությունների բնույթից։ Իսկ վերը նշված հարցերի վստահելի պատասխանը կարող է ոչ միայն Ա. Քոչարյանի եւ Ռ. Ավագյանի, այլեւ հանրության մնացած բոլոր անդամների, պետության եւ քաղաքացու հարաբերությունների բնույթը փոխել։ Այնպես որ` թող իշխանությունը բարի լինի ոչ թե Փաստահավաք խմբի մթնոլորտի մասին բացատրություն տալ, այլ բացատրել, թե ինչպես կարող էին այնպիսի նշանակության գործից, ինչպիսին է Մարտի 1-ի գործը, ապացույցներ անհետանալ։

Ապացույցների թեման հրատապ է դառնում 2008-ի մարտի 1-ին Հանրապետության Հրապարակում ՀՀ մի քաղաքացու քացու տակ տվող ոստիկանների գործի շրջանակներում։ Ինչպես հայտնի է, այդ գործը դատարան ուղարկելու օրը ՀՔԾ-ն «Հայլուրի» միջոցով տարածեց մի տեսագրություն, որը պատկերում է ՀՀ քաղաքացու ծեծին նախորդած մի քանի րոպեների իրադարձությունները։ ՀՔԾ-ն պարզաբանեց, թե իբր` այդ կադրերը նախաքննության մարմնին փոխանցել է մի վկա, որն ասել է, թե տեսագրությունը վերցրել է ընդդիմության առաջնորդներից մեկից։ Հասկանալի է, որ սա հերթական «պոնտն» է, որով ՀՔԾ-ն փորձում է թաքցնել, որ իր տրամադրության տակ եղած ոչ բոլոր տեսագրություններն են կցված «Մարտի 1-ի» քրեական գործին։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էլ էր հայտարարում, թե Մարտի 1-ի դեպքերը րոպե առ րոպե նկարահանված են, իսկ հանրությունը այդպես էլ չտեսավ այդ տեսագրությունը։ Ոչ այն պատճառով, որ դրանք չկան. պարզապես դրանք ոչ միայն չեն հաստատում Մարտի 1-ի մասին իշխանական վարկածը, այլեւ հերքում են դրանք եւ վկայում այդ օրը իշխանության ձեռնարկած հանցավոր գործողությունների մասին։ Եւ խոսքը միայն Մարտի 1-ի երեկոյան դեպքերի մասին չէ։ Մինչեւ օրս հանրությունը չի ստացել իրեն հուզող կարեւորագույն հարցերից մեկի պատասխանը. ի՞նչ է տեղի ունեցել Մարտի 1-ի առավոտյան` Ազատության հրապարակում։ Միամտություն կլինի հավատալ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն տեսագրել այն ելույթները, որ Մարտի 1-ին` ոստիկանության ստորաբաժանումների` Ազատության հրապարակ մուտք գործելուց հետո հնչել են ընդդիմության հարթակից։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսները գաղտնալսող իշխանությունը չէր կարող չտեսագրել առաջին նախագահի` Մարտի 1-ի առավոտյան հնչեցրած ելույթը։ Այդ տեսագրությունը, սակայն, մինչեւ օրս չի հրապարակվել, որովհետեւ կվկայեր ոստիկանական գործողությունների ակնհայտ ապօրինության մասին, կվկայեր Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի մասին պաշտոնական վարկածի ստահոդ լինելը։ Բայց մյուս կողմից, այն, ինչ տեղի է ունեցել 2008 թվականին` նախագահական ընտրություններից առաջ, բուն ընտրություններում եւ ետընտրական շրջանում, տեղի է ունեցել Հայաստանի հարյուր հազարավոր, եթե ոչ` միլիոնավոր քաղաքացիների աչքի առաջ։ Սա նշանակում է` գործնականում բոլորը, ընդհանուր առմամբ` հանրությունը գիտե, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Բայցեւայնպես, ինչ-որ դատավարություններ են տեղի ունենում, ինչ-որ «բացահայտումներ» արվում, հետո հերքվում են այդ բացահայտումները եւ արվում նորերը։ Պաշտոնական մակարդակում, սակայն, մինչեւ օրս ոչ մի հանրահայտ ճշմարտություն չի ընդունվել. պաշտոնական մակարդակում հայաստանյան իրականությունը կեղծիքների մի անվերջանալի շղթա է, որը իր տակ թաղել պահել է իրականությունը` իսկական իրականությունը։ Ազատության կարիք առաջին հերթին հենց այս իրականությունն է զգում, որն իր մեջ պահել անթեղել է ճշմարտությունը, որն էլ համբերատար սպասում է ասպարեզ դուրս գալու իր հերթին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 9, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , ,


  1. Armen M.
    Սեպտեմբեր 9th, 2009 at 22:46 | #1

    asum en mi characeq,uremn kasem me& sirov-ovqer uzum en kockel marti mek@,me& sirov cankanum em 2-akan harazat eritasard diak unenan harazat harki tak u irenq togh chqaghaqakanacnen,erb voch voq chzbaghvi meghavornerin pntrelov…

  1. No trackbacks yet.