> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 38.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 38.

38. Ընդամենը մեկ տարբերություն

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀայաստանյան մամուլի էջերում վերջերս հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնց հեղինակները տարակուսանք են արտահայտում, որ Հայ ազգային կոնգրեսը քննադատում է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան եւ թուրքական քաղաքականությունը։ Նշված հրապարակումների հեղինակների տարակուսանքը սնվում է այն շեշտադրումից, թե Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով է, Սերժ Սարգսյանն էլ կարգավորում է այդ խնդիրները։ Եւ ուրեմն` ըստ այդ տրամաբանության, Տեր-Պետրոսյանը պետք է ոչ թե քննադատի, այլ ողջունի Սարգսյանի հայտնի քայլերը։ Ու եթե քննադատում է, դա անում է միայն ընդդիմության առաջնորդ լինելու բերումով։ Նման հրապարակումների հեղինակները փորձում են ապացուցել, որ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ ԼՂ հարցի համատեքստում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի սկզբունքները չեն տարբերվում։

ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի դիրքորոշումների տարբերություններին արդեն անդրադարձել ենք։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Սերժ Սարգսյանը իրոք կրկնում է դեռեւս մեկուկես տասնամյակ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպած այն դիրքորոշումը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Խնդիրն այն է, սակայն, որ տառացիորեն նույն ձեւակերպումը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի կատարմամբ գործնականում բոլորովին տարբեր բաներ են նշանակում։ Այս պնդման մեջ ոչ մի չափազանցություն չկա, եւ դա հասկանալու համար դիտարկենք մի ուրիշ օրինակ. Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն, կանգնեն դատարանի առաջ։ Նույն կարծիքին է նաեւ Սերժ Սարգսյանը։ Տեր-Պետրոսյանը պահանջում է բացահայտել Մարտի 1-ի դեպքերը, Սերժ Սարգսյանը բացահայտում է, եւ այդ բացահայտման համաձայն` Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը… մյուսները իշխանությունը յուրացնելու նպատակով ստեղծել են զինված խմբեր եւ կազմակերպել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ։ Վերը հիշատակված հրապարակումների հեղինակների տրամաբանությամբ` Տեր-Պետրոսյանը պետք է ողջունե՞ր իշխանության այդ «բացահայտումները»։ Եւ դա չի անում միայն այն պատճառով, որ ընդդիմության առաջնո՞րդ է։ Կարելի է նաեւ այդպես ասել, իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։ Եւ կեղծիքը իրականություն ներկայացնողներին որեւէ աջակցություն ցույց տալը արգահատելի է` անկախ նման պահվածքի մոտիվացիաներից։

Ի դեպ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հենց հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հերթական խոշոր կեղծիքը մատուցեց հանրությանը։ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե հայկական կողմին հաջողվել է խուսափել պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումից, եւ որ պատմական հարցերը, ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների, քննարկվելու են միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովի, եւ ոչ թե պատմաբանների հանձնաժողովի ֆորմատով։ Ըստ Սարգսյանի տրամաբանության` պատմաբանները քննության չեն ենթարկելու Հայոց ցեղասպանության լինել-չլինելու փաստը։ Սա բացահայտ կեղծիք է, եւ այս փաստն ակնհայտ է դառնում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հայ-թուրքական արձանագրության տեքստի ուսումնասիրության արդյունքում։ Այսպես, արձանագրության 2-րդ կետն ընդգծում է, որ կողմերը համաձայնեցին նաեւ` մեջբերում եմ. «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով` գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար». մեջբերման ավարտը։ Այսինքն` տվյալ պարագայում, պատմական փաստաթղթերը պետք է գիտական ուսումնասիրության ենթարկեն, իսկ դա անելու են ոչ թե վիրաբույժները, այլ պատմաբանները։ Ավելին, այդ ուսումնասիրության արդյունքում առաջարկներ են արվելու եւ հստակեցումներ։ Այսինքն` ինչ-որ բան հստակ չէ այս ասպարեզում։ Նույն ձեւակերպումը կրկնված է նաեւ այսպես կոչված «Ճանապարհային քարտեզում», որտեղ ընդգծվում է նաեւ, որ պետք է ձեւավորվի պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով` հայ, թուրք, շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Հասկանալի է, որ պատմական հարցերով փորձագետներն առաջին հերթին պատմաբաններն են։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն ավետիսին, թե սա ոչ թե հանձնաժողով է, այլ ենթահանձնաժողով, ինչն էլ, ըստ այդմ` մեծ հաջողություն է, սա ընդամենը բառերի էժանագին խաղ է։ Սխեման պատկերացնելու համար պետք է դիմել մարտիմեկյան դեպքերն «ուսումնասիրելու» հայաստանյան օրինակին։ Կա հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողով, որը Սամվել Նիկոյանի խորհրդարանական հանձնաժողովի անալոգն է, եւ կա ենթահանձնաժողով, որը Փորձագետների փաստահավաք խմբի անալոգն է։ Այսինքն` հենց վերջին հանձնաժողովը փաստեր է հավաքելու` «բացահայտելու» համար, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։

Ի դեպ, սերժանտական խոսնակները նույն օրերին մեկ ուրիշ խոշոր կեղծիք թույլ տվեցին։ Նրանք ասում են, թե քանի որ հայ-թուրքական արձանագրություններում «ցեղասպանություն» բառը գրված չէ, նշանակում է` պատմական հանձնաժողովը Ցեղասպանությունը չի քննության առնելու։ Այս պնդումն արդեն ծիծաղելի է, որովհետեւ թուրքերն իրենք չէին կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ հիշատակված է «ցեղասպանություն» կամ «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը։ Նրանք պնդում են, որ նման բան չի եղել։

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման առանձնահատկություններին` պետք է ընդգծենք, որ այն արտահայտվեց Հայաստանում նրա իշխանության գալու առաջին իսկ օրից։ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ ներմուծել։ Ժամանակին ոմանց կողմից սա գնահատվում էր ուրացողություն, թուրքամետություն։ Հիմա արդեն ակնհայտ է, որ հենց այդ էր միակ դիրքորոշումը, որ Ցեղասպանության հարցը, Հայոց մեծ եղեռնը ապահովագրում էր ուրացողությունից։ Խնդիրն այն է, որ ինչպես պատմության ողջ ընթացքում, այսօր առավելեւս` պետությունների արտաքին քաղաքականությունը հիմնված է փոխզիջումների վրա, եւ ուրեմն` արտաքին քաղաքական զինանոցում առկա ցանկացած բան, որ փորձ է արվում օգտագործել դիմացինի վրա ճնշում գործադրելու համար, սակարկության, զիջման, փոխզիջման առարկա է։ Այս է պատճառը, որ երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանը Սփյուռքի քաջալերանքների ֆոնին Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություն, զգուշացնողները զգուշացնում էին, որ այս պայմաններում հայ-թուրքական սահմանի բացումը նշանակելու էր Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայի փակում։ Այսօր հենց դա է տեղի ունենում, եւ սրանում զարմանալի ոչինչ չկա։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 8, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Հայկ–PL
    Սեպտեմբեր 8th, 2009 at 16:06 | #1

    Հիմի՞ էլ լռենք եղբարք…

  2. AG
    Սեպտեմբեր 8th, 2009 at 17:30 | #2

    VOCH!!!!!!!! ARDEN SHAT DARER ENQ LREL, JAMANAKN E EKEL BGHAVELU. BOLORS DEPI SEPTEMBERI 18 HANRAHAVAQ.

  3. MM
    Սեպտեմբեր 8th, 2009 at 22:51 | #3

    +1)))))))))))))

  1. No trackbacks yet.