> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԱՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ 2-ՐԴ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԱՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ 2-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Հարց Արման հավատացյալից

Ոսկե հորթՍիրելի Նիկոլ, նախ շնորհակալ եմ ժամանակիդ համար, որ տրամադրեցիր հարցիս պատասխանելուն։ Դու ասում ես, որ «ցանկացած իշխանության այլասերման թիվ մեկ պատասխանատուն հանրությունն է, որովհետեւ իշխանությունը լկտիանում է հանրության թողտվության պայմաններում, իշխանությունը լկտիանում է, երբ զգում է, որ կարող է լկտիանալ»։ Մասամբ համաձայն եմ քո տեսակետի հետ և չեմ ուզում բանավիճել, քանի որ ներկայացրածդ տեսակետն իրականում հանդիսանում է ժողովրդավարական հասարակության կայացման անկյունաքարային հարցերից մեկը։

Սակայն, ուզում եմ հարցնել, գիտե՞ս արդյոք նման արժեքներով շարժվող երկիր կամ պատմական մի ընթացք, երբ ժողովուրդը բռնել է իշխանության օձիքից, դուրս շպրտելով, փոխարինել այն մեկ ուրիշ իշխանությամբ, և այս վերջինն ավելի այլասերված չի եղել, քան իր նախորդը՝ նման Մխիթար Գոշի հայտնի առակի թագավորներին…

Ցավոք, նման «էվոլյուցիոն» թե «ռեւոլյուցիոն» իշխանափոխությունները հիմնականում հանգեցնում են նրան, որ մխիթարգոշյան տատիկները սկսում են օրհնել իրենց թագավորներին, որ հանկարծ մի նոր իշխանափոխություն տեղի չունենա, որովհետև մեծամասամբ հաջորդն ավելի վատն է լինում, քան նախորդը…

Ինչո՞ւ ասեցի «հիմնականում» և «մեծամասամբ», քանի որ մատներիս վրա կարող եմ հաշվել այնպիսի դեպքեր պատմությունից, երբ իշխանափոխությունից հետո իշխանությունը իրական օրհնություն է դառնում իր ժողովրդի համար։ Յուրաքանչյուր, բացարձակապես յուրաքանչյուր իշխանափոխության հետևում կանգնած են ուժեղ անհատներ։ Իսկ նշածս հազվադեպ դեպքերի ուժեղ անհատներն օժտված են եղել այնպիսի բարոյական սկզբունքայնությամբ, որ անգամ լկտիանալու հնարավորություններն ու ճնշումները չեն կարողացել նրանց երերել։

Հիմա գամ հարցիս. որքանո՞վ է արդար, ճշմարիտ ու բարոյական, երբ այդ ուժեղ անհատները, որոնք կարողանում են ուղղորդել անհատների ուժի վեկտորները իրենց նպատակի ուղղությամբ և ամբոխը վերածել նպատակասլաց բանակի, հանկարծ իրենց բարոյալքման պատասխանատվությունը դնում են հաղթանակած ժողովրդի վրա։ Ոնց որ թե մի փոքր բարդ ստացվեց ձևակերպումս… փորձեմ նորից։

Ինչպե՞ս է պատահում, որ բարոյապես ամուր մեկ անհատը (վարչախումբը) կարողանում է փոխել մի ամբողջ բարոյալքված ժողովրդի ընթացք, և հակառակը՝ բարոյալքված մեկ անհատը (վարչախումբը) հզոր ագիտացիայի շնորհիվ կարողանում է «փչացնել» մի ողջ ժողովուրդ։

Ժողովրդավարությունն, ըստ իս, ժողովրդի աչքերին թոզ փչելու ամենահաջողված միջոցն է։ Այլ բան է, որ առայժմ չեմ տեսնում դրա այլընտրանքը արդի հասարակության համար։ Սակայն, մեծամասնությունը մեծամասամբ սխալ որոշումներ է կայացնում։ Եվ մենք ունենք բազում օրինակներ թե նորօրյա իրականության, թե ժողովուրդների պատմության և անգամ Աստվածաշնչում նկարագրված պատմություններում։ Հիշո՞ւմ ես՝ ինչ կատարվեց, երբ Մովսեսը ուշացավ՝ Աստծուց պատվիրանները ստանալիս։ Ժողովուրդը հավաքվեց, քվեարկեց ու ոսկե հորթ շինեց։ Մի ուրիշ դեպքում տասներկու լրտեսներ գնացին Ավետյաց երկիրը լրտեսելու։ Հետ եկան ու քվեարկեցին՝ տասն ընդդեմ երկուսի։ Հետևանքն եղավ քառասուն տարվա դեգերումներն անապատում և մի ամբողջ սերնդի ոչնչացումը բացի այն երկուսից…

Օրինակները շատ են։ Սակայն չգիտես ինչու այս ամենը մեզ հեքիաթ է թվում։ Այնինչ, իրականության տեղ ենք ընդունում այն հեքիաթը, թե ժողովուրդը կարող է փոխել իր առաջնորդի բարոյական նկարագիրը։ Ոչ։ Անհատներն են որոշում ժողովուրդների ճակատագրերը։ Ասեմ ավելին, չնայած սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որպես քրիստոնյա հավատացյալ, մի խումբ արդարների առկայությունը կարող է կանգնեցնել Աստծո պատիժը մի ամբողջ ժողովրդի վրա (տես Աստծո և Աբրահամի երկխոսությունը Սոդոմի և Գոմորի կործանումից առաջ, Ծննդոց 18-րդ գլուխ) և բերել Աստծո օրհնությունը մի ողջ ժողովրդի վրա մի քանի անհատների արդարության ու հավատքի շնորհիվ (Իսրայելի ժողովրդի օրհնվելը Աբրահամի, Հակոբի ու Դավթի շնորհիվ)։

Սիրելի Նիկոլ, դու ներկայանում ես որպես քրիստոնյա, և հավատում եմ, որ այդպիսին ես իրականում։ Մի տեղ անգամ գրել էիր, որ Հիսուսն է քո ամենամեծ Ուսուցիչը և Տերը։ Արդյո՞ք մտավախություն ունես, որ Նա կդադարի քո Տերն ու Ուսուցիչը լինել, երբ քեզ օժտի իշխանությամբ։ Արդյո՞ք մտավախություն ունես, որ ընկերներիդ ու թիմակիցներիդ հնարավոր ճնշումները քեզ կարող են ստիպել երկրպագել ձերդ գերազանցություններ «կաշառակերությանը», «անարդարությանը», «շահամոլ-փառամոլությանը»…

8 Սատանան նորից Նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց Նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ Նրան ասաց.

9 «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»:

10 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետեւս գնա, սատանա, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծուն եւ միայն Նրան պիտի պաշտես»։

11 Ապա սատանան Նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին Նրան։  (Մաթևոս. 4։8-11)

PS. Ներողություն եմ խնդրում անքաղաքավարության հասնող անմիջականությանս ու անկեղծությանս համար։

Նիկոլի պատասխանը 2-րդ հարցին - Սիրելի Արման, թույլ տվեք Մխիթար Գոշի հայտնի առակի հերոս տատիկի հիշատակումը այս պարագայում պատեհ չհամարել։ Բանն այն է, որ ձեր առակի հերոս այրի-տատիկը ոչ մի դերակատարում չէր ունեցել իր երկրի իշխանության փոփոխության հարցում։ Գոշի առակում դաժան թագավորը մահացել էր, նրա փոխարեն թագավոր էր դարձել որդին, որն ավելի դաժան էր դուրս եկել, եւ այրի տատիկը աղոթում էր, որ Աստված երկար կյանք տա սրան, ենթադրելով, որ վերջինիս որդին ավելի դաժան կգտնվի, ինչպես ինքը դաժան գտնվեց հորից։

Այս օրինակը անպատեհ եմ համարում, որովհետեւ մեր պայքարի նպատակն էլ հենց այն է, որ իշխանության ձեւավորումը եւ իշխանության փոփոխությունը տեղի ունենա ոչ թե ժողովրդի կամքից անկախ, այլ բացառապես նրա կամքով։ Ի վերջո, այսպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։ Սա ոչ միայն ժողովրդավարության, այլեւ օրինականության հարց է։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, նրա հիմքում ընկած է ժողովրդի ազատ կամարտահայտությունը եւ այդ կամարտահայտության ճանաչումը` որպես իշխանության բարձրագույն աղբյուր։ Ինքս հավատում եմ ժողովրդավարությանը` ամբողջ գիտակցությամբ, ամբողջ սրտով եւ հոգով։ Ի վերջո` ձայն բազմաց, ձայն Աստծո։ Եվ նրանք, ովքեր թույլ չեն տալիս բազմաց կամարտահայտությունը, ազատ կամարտահայտությունը, փորձում են Աստծո ձայնը կաշկանդել…

Լիդերների այլասերման թեմայի վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է. բարոյական նկարագրով լիդերների ասպարեզ բերելու համար ժողովուրդը պետք է նախ իշխանությունից հեռացնի անբարո, անկարող իշխանությանը, նրա ներկայացուցիչներին, անկախ նրանից` ինչպիսին են եղել նրանք իշխանության գալու պահին։ Եթե հաջորդ իշխանությունն էլ վատը լինի, նրան էլ պետք է հեռացնի։ Ու այսպես այնքան, մինչեւ իշխանության յուրաքանչյուր հավակնորդ հասկանա, որ քաղաքական ասպարեզում, իշխանության ղեկին մնալու համար պետք է ոչ թե բռնանալ ժողովրդի կամքին, այլ ծառայել այդ ժողովրդին։ Իսկ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, երբ ժողովուրդն իր հավաքականությունը հակադրի իշխանական բռնությանը եւ հրաժարվի հանդուրժել բռնությունը, ապօրինությունը։ Շատերն ասում են` մեր ժողովուրդը այդպիսին չէ։ Սրան պետք է հակադրել մի պարզ շեշտադրում. ժողովուրդը կազմված է անհատներից, այդ անհատներից մեկը ես եմ, մյուսը` դուք։ Եթե մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, մենք կունենանք քաղաքացիական հասարակություն, որն ինքը ոչ միայն իշխանություն է ձեւավորում, այլեւ վերահսկում է այդ իշխանությանը։ Եվ այդ վերահսկողությամբ փոխում է շատ բան, այդ թվում եւ` երկրի պաշտոնյաների նկարագիրը։

Ինչ վերաբերում է ինձ, չեմ ուզում նմանվել այն քաղաքական գործիչներին, ովքեր սիրում են իրենք իրենց մասին ճոռոմ բաներ ասել։ Չեմ էլ ուզում խոստանալ, որ իշխանության մեջ հայտնվելու պարագայում կլինեմ արդար, ազնիվ, անկաշառ։ Ոչ թե այն պատճառով, որ դժվար է խոստանալը, կամ կասկածում եմ ինքս ինձ վրա։ Քավ լիցի։ Պարզապես չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացիները հույս դնեն միայն սուբյեկտիվ գործոնների վրա, ինչպիսիք են մարդու բարոյական նկարագիրը եւ հակումները։ Այս հատկանիշները շատ կարեւոր են, բայց շատ ավելի կարեւոր է, որ ժողովուրդը հույս դնի իր քաղաքացիական գիտակցության եւ հավաքական կամքի վրա եւ կարողանա իրացնել երկրի Սահմանադրությամբ իրեն վերապահված բարձրագույն իշխանությունը, եւ որեւէ իշխանավորի թույլ չտա բռնանալ իր կամքի, իրավունքի, ազատության նկատմամբ։ Մեր պայքարի նպատակը ոչ միայն լավ իշխանություն ձեւավորելն է, այլեւ այնպիսի հասարակության, որն ի վիճակի է ինքն ազատվել վատ իշխանավորից, այնպես, ինչպես այգեպանն է էտում որթատունկը կամ պատվաստում վատ պտուղ տվող ծառը։

Լավագույն մաղթանքներս, սիրելի Արման, եւ կրկին հորդորում եմ ձեզ ընթերցել ձեր առաջին հարցին պատասխանելիս հիշատակածս հոդվածները, որովհետեւ առանց դրանց` ասելիքս ամբողջական չէ։ Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Սեպտեմբեր 3rd, 2009 at 01:50 | #1

    Nikol jan , gnahatum enq hamestutyund, bayc erbeq chenq kaskacum aznvutyand!

  2. Վիշապ
    Սեպտեմբեր 3rd, 2009 at 11:31 | #2

    «Եթե մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, մենք կունենանք քաղաքացիական հասարակություն, որն ինքը ոչ միայն իշխանություն է ձեւավորում, այլեւ վերահսկում է այդ իշխանությանը։»
    Հարգելի Նիկոլ, ինչ խոսք, ճշմարիտ է, ինչպես և ճշմարիտ է օրինակ այն, որ եթե մեր բանակի բոլոր զինվորները դառնան կարգապահ, ապա մենք կունենանք հզոր ու կարգապահ բանակ, կամ նույնն է թե ասես՝ եթե ցորենի արտում որոմը քիչ լինի, իսկ ցորենը՝ շատ, ապա հարուստ բերք կստանանք։ Ցավալիորեն դու չես ասում թե ԻՆՉՊԵՍ պիտի մեզնից յուրաքանչյուրը սովորական բնակչից վեր ածվի քաղաքացու, ի՞նչը պիտի մեզնից յուրաքանչյուրին դրդի, բրդի, հրահրի, կամ սադրի քաղաքացի դառնալ, գլուխը լցնել քաղաքացիական մտածելակերպ կոչվող ծրագրով ու ձևավորել, վերահսկել իշխանությանը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի կոչը լսելով։ Սակայն մեզնից յուրաքանչյուրը Նիկոլի կոչերը լսել–կարդալու հնարավորությունը չունի, բայց արի ու տես «Որոգայթ» ու «Վերվարածներ» ու չգիտեմ էլ ինչ անասունություններ, անիմաստ լրագրողների անիմաստ սյուժեներ, անիմաստ «քաղաքական կերպարների» անիմաստ բարբաջանքներ, տականք ու գռեհիկ «հումոր» նայելու ու լսելու հնարավորություն ունի և այն էլ ինչքան։ Եվ այդ ինչպե՞ս պիտի մեզնից յուրաքանչյուրը խելք հավաքի ու դառնա քաղաքացի։ Հայտնում եմ համաձայնությունս հարգելի Արման հավատացյալի մտքերի հետ։ Անհատներն են իրենց ետևից տանում ժողովրդին, քանզի ժողովդրի մեծամասնությունը տգետ է և նույնիսկ չարիք է, այդ ժողովրդին կարելի է ցանկացած կերպ մանիպուլացնել, դա դեռ հին հույն իմաստուններն են զգացել։ Իհարկե ուժեղ անհատները կարող են պոպուլիզմի միջոցով էլ գրավել ժողովդրի համակրանքը ու իր ետևից տանել ժողովդրին, դա էլ է միջոց:) Միայն թե լսարանդ է սահմանափակ, հարգելի ու սիրելի Նիկոլ, քանզի այն, ինչը որ դու համարում ես պայքար, երբեք մասսայական լրատվական միջոցների տիրանալու միտվածություն չունեցավ, որը կարելի է ասել այս պայքար կոչվածի կարևորագույն գործոնը պիտի լիներ։ Իսկ մեզնից յուրաքանչյուրը ապրում է այնպես, ինչպես դրվածքն է թելադրում, իսկ դրվածքը սովորաբար փոխում են ուժեղ անհատները, ամբոխը ինքն իրեն դրվածք չի փոխում, որովհետև ամբոխին ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ է պետք։

  1. No trackbacks yet.