> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 35.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 35.

35. Ատամն ընդ ատաման

Նիկոլը պարելիս. Ազատության հրապարակ. փետրվարի 26, 2008Կալանքի առաջին իսկ օրերին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմին տեղեկացրի, որ ատամնաբույժի կարիք ունեմ, եւ քանի որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս, ցանկանում եմ հետազոտվել իմ նախընտրած բժշկի մոտ։ Որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ ատամնաբույժ է եկել` ինձ հետազոտելու։ Սա ինձ զարմացրեց, որովհետեւ իմ նախընտրած ատամնաբույժի հետ դեռեւս չէինք հասցրել պայմանավորվածություն ձեռք բերել։ Ո՞վ է, ուրեմն, մեր ատամնաբույժը։ Ինձ ուղեկցեցին ՔԿՀ բժշկի սենյակ, եւ այստեղ տեսա ինձ հետազոտելու եկած ատամնաբույժին։ Ավելի ճիշտ` չտեսա, որովհետեւ աչքերը միակ բանն էին, որ երեւում էին նրա դեմքին։ Խորհրդավոր ատամնաբույժը բժշկական դիմակը այնպես էր քաշել դեմքին եւ ականջների ետեւում քարկապ գցել, կարծես ոչ թե հաճախորդ էր հետազոտելու, այլ բանկ էր թալանելու։ Բնականաբար` հրաժարվեցի հետազոտվել այցելուներին դիմակավորված դիմավորելու սովորություն ունեցող այս ատամնաբույժի մոտ, որը, ըստ պաշտոնական վարկածի, ներկայացնում էր ՔԿՀ-ների բուժվարչությունը։

Օրեր անց մեր հրավիրած ատամնաբույժի հետ հանդիպումը կայացավ։ Նա հետազոտեց ինձ եւ ասաց, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում բուժումը հնարավոր չէ, քանի որ այստեղ չկան անհրաժեշտ պայմաններ։ ՔԿՀ-ում, տեղեկացնեմ, ատամնաբուժական բազկաթոռ կա մի հատ, բայց` «Նոյի թվի»։ Հիմա դա հարմար չէ նույնիսկ նստելու համար, էլ ուր մնաց` ատամ բուժելու։ Բժիշկս խնդրեց հնարավորություն տալ, որ ինձ տեղափոխեն իրենց կլինիկա, որտեղ մի քանի ժամվա ընթացքում կփորձի ավարտել բուժումս։ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ մասնագիտացած բուժօգնության կարիք ունեցող կալանավորները տեղափոխվեն քաղաքացիական բուժհաստատություն։ ՔԿՀ վարչակազմը խոստացավ մտածել։ Մտածեց-մտածեց, ի վերջո որոշեց դիմել Հատուկ քննչական ծառայությանը, թե արդյո՞ք թույլ է տալիս ՀՔԾ-ն, որ ինձ տեղափոխեն քաղաքացիական բուժհաստատություն` ատամնաբույժի մոտ։ ՀՔԾ-ն մտածեց-մտածեց ու պատասխանեց, որ եթե հնարավոր չէ տեղում բուժումը կազմակերպել, առարկություն չունի։ ՔԿՀ վարչակազմը մտածեց-մտածեց, ու մի օր էլ առավոտյան ինձ ասացին, թե գնում եմ ատամնաբույժի մոտ։ ՔԿՀ մուտքի մոտ ինձ էր սպասում բեռնատարի վրա հարմարեցված «վառանյոկը»։ Կալանքիս երկու ամսվա ընթացքում առաջին անգամ էի «վառանյոկի» ուղեւոր դառնում։ Մինչ այս, ինձ սովորական մարդատարով են տեղից տեղ տարել։ Իսկ վերջին անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան տարան տպավորիչ կորտեժով։ Մեքենային, որի մեջ ես էի, ուղեկցում էր ոստիկանական «Ֆորդը»` ձայնալուսային ազդանշանները միացրած։ Իսկ ճանապարհին, մի քանի տեղ, դարան էին մտել օպերատիվ խմբեր։ Երբ հետաքրքրվեցի, թե որն է նման աննախադեպ միջոցառումների պատճառը, բացատրեցին, որ դա արվում է իմ անվտանգության նկատառումներով։ Շատ են խոսում, որ իշխանությունները ուզում են ինձ «լիկվիդացնել», եւ ահա իշխանությունները մտավախություն ունեն, որ մի գիժ մի բան կանի, ջարմեն կմնա իրենց վրա։ Վա~յ, տնաշեններ. իշխանության վրա այնքա~ն ջարմա կա, որ մի հատ ավել, մի հատ պակաս` բան չի որոշվում։ Այնպես որ, չարժե պետբյուջեի փողերը անիմաստ ծախսել…

Հա, ուրեմն` «վառանյոկով» ճամփա ընկանք, ու ճանապարհին նկատեցի, որ ամենեւին չենք գնում իմ իմացած ատամնաբուժարանի ուղղությամբ։ Հասանք կրկես, անցանք Մամուլի շենքը եւ մտանք դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց` հանրահայտ «Ցեբե»։ Դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Պարզվեց, ահա, որ մեր հրավիրած ատամնաբույժին առաջարկել են ատամս բուժել «Ցեբեի» ատամնաբուժարանում, որտեղ, ըստ պաշտոնական վարկածի, առկա էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եւ իրոք, նախնական տպավորությունը դրական էր։ Ինձ տարան մի սենյակ, որտեղ գտնվում էր ժամանակակից ատամնաբուժական աթոռ, որի վրայից անգամ պոլիէթիլենային փաթեթը դեռեւս լրիվ հանված չէր։ Բժշկուհին ու բուժքույրը եկան, ես տեղավորվեցի բազկաթոռի վրա։ Ցավազրկող երկու սրսկում ընդունեցի եւ ծնոտս սկսեց թմրել։ Ու երբ արդեն ատամնաբույժը պետք է սկսեր աշխատել, պարզվեց` յուղը վրան ատամնաբուժական աթոռն այնքան էլ լավ չի աշխատում, եւ մեր հրավիրած ատամնաբույժի սարքերը լավ չեն միանում «Ցեբեում» առկա սարքերին։ Բայց սա ամենը չէր. պարզվեց` «Ցեբեի» ատամնաբուժարանը ռենտգեն սարք չունի, իսկ առանց դրա հնարավոր չէ պատշաճ բուժում իրականացնել։ Ատամնաբույժն այս մասին տեղյակ պահեց Քրեակատարողական ծառայության` ինձ ուղեկցող ներկայացուցիչներին, եւ ասաց, որ այս պայմաններում ինքը չի կարող աշխատել։ Ինձ ուղեկցող սպաները զեկուցեցին իրենց ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը։ Ղեկավարությունը հրահանգեց ինձ տանել «Ժպիտ» պոլիկլինիկա, ռենտգեն անել եւ բերել ետ։ Ատամնաբույժս տեղյակ պահեց, որ դա չի օգնի, որովհետեւ ռենտգենը ոչ թե հիմա է հարկավոր, այլ բուժման ընթացքում. հնարավոր է` ոչ թե մի անգամ պետք գա, այլ երկու կամ ավելի։ Ելքն այն էր, որ տեղափոխվեմ այն բուժհաստատություն, որտեղ աշխատում է մեր հրավիրած ատամնաբույժը։ Ինձ ուղեկցող սպաներն այս մասին զեկուցեցին ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը, սրանք էլ` իրենց ղեկավարությանը։ Ղեկավարությունը որոշեց, որ չի լինի։ Ինձ առաջարկեցին օգտվել «Ցեբեի» ատամնաբույժների ծառայությունից, ովքեր, ճարահատյալ, սովորել են առանց ռենտգենի գործ անել։ Ես շնորհակալություն հայտնեցի, ներողություն խնդրեցի «Ցեբեի» ատամնաբույժներից եւ ասացի, որ նախընտրում եմ հրաժարվել իրենց ծառայությունից։ Իմ որոշմանը ըմբռնումով մոտեցան։ Ի վերջո որոշվեց, որ պետք է վերադառնամ մեկուսարան, մինչեւ «Ցեբեն» ռենտգեն սարք ստանա, եւ համապատասխան սարքերն աշխատեն։ Ու երբ արդեն կրկին «վառանյոկի» մեջ էի, շատ տրամաբանական առաջարկություն ստացա. ինձ ասացին, որ եթե ուզում եմ, կարող ենք գնալ «Ժպիտ» պոլիկլինիկա` բուժման կարիք ունեցող ատամներս ռենտգեն անելու։ Ենթադրվում է, որ այդ ռենտգենային նկարները կպցնելու եմ խցիս պատին` գլխիս վերեւը։ Բնականաբար` հրաժարվեցի, եւ ինձ ետ բերեցին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս պատմությունից իմ միակ «օգուտը» մնաց այն, որ ողջ օրվա ընթացքում չանես թմրած մնաց, ատամնաբույժս էլ երկու սրվակ ցավազրկող կորցրեց. նիզաշտո…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 2, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Չեխիայից
    Սեպտեմբեր 2nd, 2009 at 05:29 | #1

    :)

  2. AG
    Սեպտեմբեր 2nd, 2009 at 06:02 | #2

    :):):):)

  3. MM
    Սեպտեմբեր 2nd, 2009 at 07:17 | #3

    Vernagir@ tanum er hay-turqakan sahmani bacman@))))))))))))))

  1. No trackbacks yet.