> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 34.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 34.

34. Բանտային ճաշացուցակ

Նիկոլը գարեջուր խմելիսՈրպես կանոն` առավոտյան արթնանում ենք բանտապահի ձայնից.

- Նախաճա՞շ…

- Չենք ուզում, շնորհակալ ենք…

Ոչ մի անգամ ՔԿՀ վարչակազմի առաջարկած նախաճաշից չենք օգտվել. չգիտենք, թե ինչ համի է այն։ Չնայած սրան, ամեն օր` ուղիղ ժամը 8.00-ին, գերմանական ճշտապահությամբ, հերթապահ բանտապահը ձայն է տալիս.

- Նախաճա՞շ…

Երբեմն ուղղակի` «Նախաճաշ պե՞տք է»։ Եթե ավելի ճշգրիտ` բանտապահները հիմնականում ռուսերեն են արտասանում այդ բառը` զավտրիկ։ Ժամը 14.00-ին առաջարկում են ճաշել` այս անգամ օգտագործելով հենց հայերեն բառը` ճաշ։ Երեկոյան կրկին անցնում ենք ռուսերենի.

- Ուժի՞ն…

Ոչ զավտրիկ, ոչ ճաշ, ոչ ուժին չենք վերցնում, բայց ամեն օր նույն ժամերին մեզ առաջարկվում է բանտային ուտելիքը։ Կարգն է այդպիսին։ Տղերքը երբեմն հորդորում են ջրիկ ճաշ վերցնել` պատճառաբանելով, թե ստամոքսին լավ է, եւ չի կարելի միայն հանձնուքով ստացած չոր խորտիկներից օգտվել։ Այդ հորդորները մեր դեպքում առայժմ արդյունք չեն տվել. բանտային կերակուր ուտելու համար երեւի ինչ-որ հոգեբանական արգելք է պետք հաղթահարել։ Կալանքիս առաջին իսկ օրից որոշել եմ հաղթահարել այդ արգելքը, բայց առայժմ չի ստացվում։ Բանտային սպասքը, որ ինձ է հանձնվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հայտնվելուն պես, պարապ ընկած է նառ-մահճակալիս տակ։ Երբեմն վերցնում եմ այն եւ ուշադիր զննում-դիտարկում։ Սպասք կոչվածը չի կարող չհիշեցնել ստալինյան գուլագների մասին։ Ալյումինե մի բաժակ, որ ընթերցողին ավելի շատ հայտնի է «կռուժկա» կամ «կռուշկա» անունով, ալյումինե խորը ափսե` դեպի դուրս ծալված շրջանաձեւ պռունկով, եւ ալյումինե գդալ։ Նկատելի է, որ այս ամենը արտադրվել է նախորդ դարի 50-ականներից ոչ ուշ։ Դեֆիցիտի երկիր ԽՍՀՄ-ում թերեւս միայն բանտային սպասքի գերարտադրություն է եղել։ Պետպլանը վստահ է եղել, որ դա միակ ապրանքն է, որ ԽՍՀՄ-ում պետական կայուն պահանջարկ է ունենալու առաջիկա 100-150 տարիների ընթացքում։ Ալյումինե սպասքի ծագման մասին կռահումներս հաստատվում են գդալի պոչի դարձերեսին առկա դրոշմով. «АЛС ц. 16к»։ Գդալի պոչի մակերեսին էլ նկատելի է ստալինյան աստղը։

Ամեն ինչ ճիշտ է. մեզնից մի հարկ վերեւ գտնվող հիմնարկի աշխատասենյակների պատերին փակցված են Ֆելիքս Ձերժինսկիի նկարները, երկրի ղեկին հայտնվել է Նարիմանովը, գլխավոր դատախազը առաջնորդվում է Վիշինսկիի հանրահայտ սկզբունքով, ՔԿՀ-ն ղեկավարում է ԿԳԲ-ի քննիչը, իսկ ՔԿՀ խցերում իրոք հանցանք գործած ավելի քիչ մարդ կա, քան, ասենք, ԱԺ-ում, կառավարությունում, դատախազությունում, ոստիկանությունում։ Սա ընդամենը սովետական համակարգի մուտացիա է. մուտացիան, իհարկե, ձգում է վիրուսի գոյության ժամկետը, բայց նրան չի փրկում անխուսափելի վախճանից…

Նախաճաշի եւ ճաշի արանքում մեզ նաեւ հաց են առաջարկում։ Ու չնայած ենթադրվում է, որ հացն արտադրվել է ոչ նախորդ դարի կեսերին, նրա տեսքն ու համը նույնպես հիշեցնում են սովետը։ Այս հացը թխվում է հատուկ կալանավայրերի համար, ուստի ավելի հարմար է ոչ թե ուտելու, այլ նրա գրեթե թաց միջուկով թզբեհ, արձանիկներ, այլ «զարդեր» պատրաստելու համար։ Այս հացից երբեմն վերցնում ենք` կեղեւը հարմար է ուտելու համար, եթե տնից ուղարկված հացը վերջացել է արդեն։ Նման բան, իհարկե, հաճախ չի պատահում։ Որպես կանոն, հարազատների բերած սննդամթերքի ավելցուկ է առաջանում, որից կալանավորվածների զգալի մասը ստիպված է ազատվել դրանք դեն նետելու եղանակով։ Փակ ռեժիմի այս ՔԿՀ-ում հանձնուքով ստացված սնունդը մնում է տվյալ խցի «շրջանակներում»։ Ուրիշ որեւէ մեկի, հարեւան խցերի կալանավորներին չես կարող հյուրասիրել` նե պալոժընը։ Չնայած` կողքի խցերը դժվար թե հյուրասիրություն ընդունելու հնարավորություն ունենան։

Առավոտյան աղբը խցերից դուրս է բերվում եւ շարվում միջանցքի երկայնքով։ Զբոսանքի գնալիս աչքի տակով նայում եմ տոպրակներին. շատերի մեջ սնունդ կա, տանից ուղարկված սնունդ, որ արդեն ուտելի չէ` փչացած լինելու պատճառով։ Հայաստանյան ընտանիքները, որպես կանոն, իրենց կալանավորված հարազատներին պետք եղածից անհամեմատ շատ ուտելիք են ուղարկում։ Գիտեն, որ շատ է, բայց միեւնույն է` ամեն անգամ միայն ավելացնում են չափաբաժինները։ Նման գործելակերպի պատճառը ամենեւին էլ հայկական անտնտեսվարությունը չէ։ Ամեն ընտանիք հանձնուքի հետ սեր է ուղարկում, գորովանք ու ջերմություն։

Ուտելիքը կալանավորի համար հարազատների հետ շփման միակ խողովակն է, որ չի վերահսկվում ԱԱԾ-ի կողմից։ Միայն հանձնուք ուղարկողը եւ ստացողը կարող են իմանալ, թե ինչ է նշանակում այս կամ այն ճաշատեսակը, թե ինչու է այն մի կտորը հենց այդպես կտրված, ինչու է ուղարկվել հենց այդ աղցանը, ինչի մասին է պատմում խմորեղենը։ Ամեն անգամ հանձնուքի հետ բերկրանք է մտնում խուց, եւ կալանավորվածը տոպրակների մեջ դարսված պլաստմասե տարաներին դիպչում է այնպես, ինչպես սրբության են հպվում։ Ամեն տարայի, ամեն ուտեստի հետ զրույց է տեղի ունենում, թաքուն զրույց, եւ այդ անշունչ տարաները պատմում են ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Հանձնուքը ստանալու առաջին ժամերին կալանավորը պլաստմասե տարաներից դուրս է քաշում նրանց բերած ողջ ասելիքը, զգացմունքներն ու հույզերը, եւ դրանից հետո, միայն ներսում ամբարած հոգեւորը պարպելով` ուտելիքը դառնում է ընդամենը ուտելիք եւ ձեռք բերում նաեւ փչանալու հատկություն։

Հետո սկսվում է տաժանակիր աշխատանքը։ ՔԿՀ աշխատակիցները հանձնուքը բերում են մեծ տոպրակներով եւ այն մեզ փոխանցելու համար խցի դուռը բացում են։ Սրանից հետո արդեն սննդի հետ կապված հարցերով խցի դուռը ընդունված չէ բացել, եւ մեր ճաշերը, ավելի ճիշտ` ուտեստները սառնարան ուղարկելու համար մենք դրանք պետք է այնպես փաթեթավորենք, որ փաթեթները անցնեն վալչոկով։ Վալչոկը խցի դռան վրայի դռնակն է` 30×30 սմ չափերով։ Փաթեթավորված սնունդը, ահա, վալչոկով փոխանցում ենք վերակացուներին, նրանք տոպրակները տեղափոխում են սառնարան եւ մեր նախընտրած ժամերին մեզ տալիս։ Հա, փաթեթների վրա անպայման պետք է գրել խցի համարը, թե չէ վերակացու տղերքը ո՞նց տարբերեն, թե որ տոպրակն ում է պատկանում։

Մեր խուցը օրը մի անգամ է հաց ուտում։ Առավոտյան սուրճ ենք խմում` որպես նախաճաշ, երեկոյան` կաթնամթերք։ Օրվա ընթացքում` միրգ, անուշեղեն, քաղցրեղեն, հյութեր։ Ու որքան էլ ջանում ենք խնամքով վերաբերվել մեր հարազատների չարչարանքին, գրեթե միշտ ինչ-որ մի բան հասցնում է փչանալ։ Եւ երբ ստիպված ենք լինում թափել մեր սիրելիների, հարազատների չարչարանքով պատրաստված ուտելիքը, այդ պահին միայն, միայն այդ պահին ենք մեզ մեղավոր զգում, միայն այդ պահին ենք մեզ զգում հանցագործ…

Հ.Գ. Եթե «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ կշեռքը ճիշտ է, երկամսյա կալանքի ընթացքում երկու կիլոյով չաղացել եմ։ Ներկայումս աշխատում եմ գիրացման այդ պրոցեսը կանգնեցնելու ուղղությամբ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 1, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. hakop
    Սեպտեմբեր 1st, 2009 at 01:48 | #1

    Bari axorjak Nikol jan!!!!!!!!!!!

  2. Հայկ–PL
    Սեպտեմբեր 1st, 2009 at 02:16 | #2

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ :
    Ներկայումս աշխատում եմ գիրացման այդ պրոցեսը կանգնեցնելու ուղղությամբ։

    Նիկոլ ջան, որ մի մեթոդ գտնես, մեզ էլ ասա :)

  3. HN
    Սեպտեմբեր 1st, 2009 at 19:29 | #3

    Շատ է նման է Հաշեկի նկարագրած փլուզվող,նեխած ու մահամերձին մոտ Ավստրո-Հունգարական պետական ինստիտուտներին:

  1. No trackbacks yet.