> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 33.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 33.

33. Կորած նյութեր

Nikol Pashinyan. 27.08.2009. դատարանի մոտ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Իմ դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին անակնկալ արձանագրվեց։ Պարզվեց` քրեական գործի նյութերից անհետացել է իմ ընտանիքին պատկանող համակարգիչը, որ առգրավվել էր դեռ 2008 թ. մարտի 2-ին` մեր տանը անցկացված խուզարկության արդյունքում։ Հենց այս խուզարկության ընթացքում էր ԱԱԾ աշխատակիցը մեր լոգարանակոնքի տակ իր հետ բերած ատրճանակ տեղադրելու փորձ արել, ինչը, սակայն, կանխվել էր հարազատներիս կողմից։ Ձախողելով մեր տանը ատրճանակ «հայտնաբերելու» գործը, ԱԱԾ-ականները վերցրել էին մեր տան համակարգիչը եւ հեռացել։ Իմ ընտանիքը դեռ ամիսներ առաջ փորձել էր ետ ստանալ համակարգիչը, ԱԱԾ քննչական վարչության ներկայացուցիչ Մնացական Մարուքյանը, սակայն, հրաժարվել էր վերադարձնել այն, ասելով, թե դրա հետ կապված քննչական գործողություններ կան։ Քրեական գործի նյութերում, սակայն, այդ համակարգչի մասին հիշատակումները բացակայում են. ՀՔԾ քննիչները ասում են, որ ոչ լսել են դրա մասին, ոչ էլ տեսել են այն։ Գործում համակարգիչ առկա է, բայց դա ուրիշ համակարգիչ է, նոութբուք, որ առգրավվել է մեր տանը անցկացված երկրորդ խուզարկության ժամանակ։

Եւ, ուրեմն, հարց է ծագում. ինչո՞ւ էր իշխանություններին անհրաժեշտ քրեական գործից անհետացնել մի ամբողջ համակարգիչ, եւ ինչո՞ւ էր անհրաժեշտ անհետացնել հենց ա՛յդ համակարգիչը։ Բանն այն է, որ հենց այդ համակարգչի մեջ սույն քրեական գործով կարեւորագույն ապացույց կար։ Ինչպես գիտեք, ՀՔԾ-ն ինձ մեղադրում է ոչ միայն «Մարտի 1-ի» գործով, այլեւ` 2007 թ. հոկտեմբերի 23-ին Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպի կապակցությամբ։ Այդ օրը մենք օրենքով նախատեսված երթով հանրությանը իրազեկում էինք, որ երեք օրից` հոկտեմբերի 26-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի մասին իրազեկումն ի գիտություն է ընդունված քաղաքապետարանի կողմից, եւ որտեղ, տասնամյա ընդմիջումից հետո, ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այն, որ մեր կազմակերպած երթը եղել է օրինական, ընդունել է նաեւ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, եւ 2009 թ. մարտի 24-ին ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ գրել է, որ հոկտեմբերի 23-ի մեր երթը եղել է օրինական։ Հենց այս օրինական երթն են այդ օրը կասեցրել այն ժամանակ դեռ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ, ներկայումս` ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը եւ իրեն ենթակա մի խումբ ոստիկաններ։ Բայց, ինչպես տեսնում եք, մեղադրանք առաջադրված է ոչ թե Աֆյանին, այլ` նվաստիս։ Հենց այս աներեւակայելի աճպարարության իրականացման համար է անհրաժեշտ եղել վերը նշված համակարգչի անհետացումը։ Խնդիրն այն է, որ 2007 թ. հոկտեմբերի 23-ին, այսինքն` դեպքի օրը եւ դեպքի վայրում, իմ ու Աֆյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը ձայնագրվել է, եւ հենց այդ ձայնագրությունն է եղել անհետացած համակարգչի մեջ։ Եւ ուրեմն, եթե համակարգիչը չանհետանար, ՀՔԾ-ն ստիպված էր լինելու խնդրո առարկա ձայնագրությունը հետազոտել որպես ապացույց։ Այդ հետազոտման արդյունքում ոչ միայն հօդս էր ցնդելու նախաքննության ընթացքում մոգոնված վարկածը, այլեւ` այդ օրը Սաշիկ Աֆյանի գործողություններին գնահատական տալու անհրաժեշտություն էր առաջանալու։ Իսկ այդ գործողությունների ապօրինի լինելը այնքան ակնհայտ է երեւում ձայնագրությունից, որ իշխանությունները լուծումը տեսել են համակարգիչն անհետացնելու մեջ։

Կա շատ ավելի կարեւոր մի հանգամանք. այդ ձայնագրության սղագրությունը երկու անգամ տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում, սակայն ոչ ՀՔԾ-ն, ոչ իրավապահ որեւէ մարմին դրանով չի հետաքրքրվել, չնայած` Աֆյանի այդ օրվա պահվածքը ակնհայտորեն տեղավորվում է ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով նախատեսված հատկանիշների շրջանակներում։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը քրեական գործ հարուցելու առիթ է համարում նաեւ լրատվության միջոցների հաղորդումները հանցագործության մասին։ Իսկ «ՀԺ»-ն մի քանի անգամ հրապարակումներ է տվել 2007 թ. հոկտեմբերի 23-ին Սաշիկ Աֆյանի կողմից թույլ տրված հանցագործության մասին։ ՀՔԾ-ն, սակայն, ոչ միայն քննության չի առել 2007 թ. հոկտեմբերի 23-ին Աֆյանի գործողությունների օրինականությունը, այդ թվում եւ` մեր դեմ ուժ կիրառելու հրաման արձակելու մասին, այլեւ ամեն ինչ արել է, որ բարձրաստիճան ոստիկանի անունը չշոշափվի քրեական գործի նյութերում։ Դեռ ավելին` ավարտված նախաքննության հատորների մեջ մեզ առայժմ չի հաջողվում գտնել Սաշիկ Աֆյանի բացատրությունը, որ նա դեպքի կապակցությամբ տվել է 2007 թ. հոկտեմբերի 23-ին` Ոստիկանության Կենտրոնի բաժնում, ինչպես նաեւ իմ ու Աֆյանի առերես հարցաքննության արձանագրությունը։ Հույս ունենք` այս նյութերն ի վերջո կհայտնաբերենք, որովհետեւ դրանք տվյալ գործի համար էական նշանակություն ունեն։ Մասնավորապես` բացատրության մեջ Աֆյանը պնդել է, թե ես իր նկատմամբ բռնություն եմ գործադրել, իսկ առերես հարցաքննության ժամանակ հերքել է իր այս պնդումը։ Ու չնայած հիմա ինձ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելը, այս մասով մեղադրանք առաջադրելու` Վահագն Հարությունյանի` օգոստոսի 4-ի որոշման մեջ գրված չէ, թե ես կոնկրետ ու՛մ դեմ եմ բռնություն կիրառել։ Այդ որոշման մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը, Շողեր Մաթեւոսյանը, Պետրոս, Տիգրան եւ Կարեն Մակեյանները վիճաբանել եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնության են ենթարկել ոստիկանության աշխատակիցներ Վազգեն Դաբաղյանին, Մարտիրոս Մարգարյանին, Տիգրան Դավթյանին եւ մյուսներին։ Ուղղակի հանճարեղ է. քրեական դատավարություն` առանց կոնկրետության։ Քննիչը հարկ չի համարել կոնկրետացնել, թե կոնկրետ ո՛վ կոնկրետ ո՛ւմ է բռնության ենթարկել։ Բայց եթե նման մոտեցումն ընդունելի է Վահագն Հարությունյանի համար, ինչո՞ւ ուրեմն նույն սկզբունքով խմբակային մեղադրանք չի առաջադրվում «Չերյոմուխա-7» կիրառած մարդասպաններին։ Ինչո՞ւ չի գրում, որ այս, այս, այս, այս ոստիկանները սպանել են Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին։ Չէ՞ որ հայտնի է, թե որ ոստիկաններն են Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» օգտագործել, հայտնի է նաեւ, թե ովքեր են սպանվել այդ հատուկ միջոցից։ Հայտնի է նաեւ, թե ովքեր են վիրավորվել։ Ինչո՞ւ, ուրեմն, ոստիկանության դեպքում չի գործում խմբակային մեղադրանքի մեթոդը։

Երբեմն ուզում ես հասկանալ Մարտի 1-ի քրեական գործը խայտառակ կեղծիքների ենթարկած մարդկանց։ Վերջերս Վահագն Հարությունյանին ուղիղ հարցրի, թե չի՞ վախենում ինքը, որ իր զավակները երբեւէ իր նման քննիչի ձեռքը կընկնեն։ Քննիչը սրտնեղեց, թե երեխաները կապ չունեն, թե` եկեք երեխաներին չխառնենք։ Երեխաները, թարսի պես, ուղիղ կապ ունեն, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը իր արարքներով որոշում է, թե ինչ երկրում են ապրելու մեր երեխաները։ ՀՔԾ ՀԿԳ-ները, սակայն, հանգիստ են այս հարցում։ Նրանք էլ գիտեն, որ իրենց երեխաները ապրելու են մեր կառուցած, մեր ստեղծած Ազատ ու Երջանիկ Հայաստանում, որտեղ չեն լինելու իրենց նման քննիչներ, եւ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր ոք պաշտպանված է լինելու օրենքով։ Իրենք ամաչելու են իրենց երեխաների առաջ։ Բայց անամոթի համար ամոթը այնքան էլ վախենալու չէ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 28, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Edgar
    Օգոստոս 28th, 2009 at 02:50 | #1

    Baic karcum em ed nkaracy ka ail arxivum pahvac, originali vra edpes e misht linum…!!!

  2. MM
    Օգոստոս 28th, 2009 at 03:13 | #2

    Nikol jan, noric em krknvum, bayc du patrast eir, vor amen kargi storutyun karox en tuyl tal qo handep. Amur mna, don’t give up!PAYQAR, PAYQAR MINCHEV Haxtanak!

  3. Հայկ–PL
    Օգոստոս 28th, 2009 at 14:54 | #3

    +1

  4. Mleh
    Օգոստոս 28th, 2009 at 16:27 | #4

    +1

  5. AG
    Օգոստոս 28th, 2009 at 16:58 | #5

    +1+1+1+1!!!!!!!!!!!!!

  6. master
    Օգոստոս 28th, 2009 at 21:44 | #6

    +1

  7. Օգոստոս 29th, 2009 at 01:15 | #7

    Astcun axoteluc baci el inch anem……

  8. Hayk
    Օգոստոս 29th, 2009 at 19:06 | #8

    Nikol,
    dzhvar ban chi file-ery jnjel u hamakargichy veradardznel.
    mnacatsi het hamadzajn em.

  9. hakop
    Օգոստոս 30th, 2009 at 23:03 | #9

    Story mish zgtum e aveli u aveli stor ararqneri, qani vor nra hamar verin chapanishy STORUTYUNN E.

  1. No trackbacks yet.