> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 31.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 31.

31. Եթերային Հայաստան

agravnerՀայկական հեռուստաեթերը վերջերս շատ սուր է դարձել։ Մի իսկական խաչակրաց արշավ է սկսվել անարդարությունների դեմ, ամենասուր կերպով հանրությանը հուզող պրոբլեմներն են արծարծվում։ Վերջերս, օրինակ, հեռուստաընկերությունները միահամուռ կերպով վրաերթ են անում փողոցներում եւ քուչեքում լկտիաբար ձմերուկ վաճառող մոնսթրներին։ Միայն լրատվական թողարկումներով չի բավարարվում վտանգավոր եւ համազգային կարեւորության այս թեմայի լուսաբանումը։ Լուրերում միայն չոր տեղեկատվություն են մատուցում. բացահայտում եւ հանրությանն են ցուցանում հակասահմանադրական եղանակով ձմերուկ (ինչու չէ, նաեւ բադրիջան, բիբար, լոլիկ եւ պետականության համար այլ վտանգավոր նյութեր) վաճառող մենատնտեսների հրեշավոր երեսը։ Իսկ ահա վերլուծական ծրագրերը հաշվարկում են, թե ինչպիսի դավադրություն է թաքնված այդ երեսների ետեւում։ Լավագույն վերլուծաբանները բառիս բուն իմաստով անալիզ են անում այն պրոցեսները, որ առաջ են բերում մեր պետական, հանրային կյանքի ամենադաժան մարտահրավերը, որ կոչվում է լուծ։ Հատկապես վերջերս` հայկական եթերում հաճախ կարելի է այսպիսի կրքոտ նյութերի հանդիպել։ Ու երբ նայում ես ռեպորտաժները, սկսում ես մտածել, որ դրանց հեղինակները իսկապես մահապարտ-լրագրողներ են. առյուծի սիրտ են կերել։ Ինչպե՞ս չեն վախենում, որ այդ անատամ, անթրաշ մոնսթրները, որ իրենց հավակնոտ ու ագրեսիվ տեսք ունեցող ավտոմեքենաներով («Ջորի», «21», «ԻԺ-կոմբի») անարգել ասպատակում են մայրաքաղաքը` պադյեզդներում կդարանակալեն եւ անզգույշ կքաշքշեն իրենց, այսինքն` այս սուպերհամարձակ լրագրողներին։

Ու երբ հետեւում ես հեռուստաեթերին, կարելի է եզրակացություն անել, թե ֆինանսատնտեսական ճգնաժամից տուժած օլիգարխները որոշել են կորուստներ փոխհատուցել ձմերուկի եւ բադրիջանի առեւտուրը իրենց ձեռքերում կենտրոնացնելով։ Եւ ահա, ամալյանական եթերը որոշել է չեզոքացնել այս ոլորտում օլիգարխների հիմնական մրցակիցներին. իրենց օրվա հացը մաքառումով ու տառապանքով վաստակող, ավելի հավանական է` չվաստակող մարդկանց։ Այս ամենը, իհարկե, արվում է ազգի աղեստամոքսային համակարգի սիրույն։
Այս օրերին մի նոր երեւույթ ի հայտ եկավ հայրենի հեռուստաեթերում. դա կարելի է անվանել «Փոխանցիկ սփյուռքահայի» ֆենոմեն։ Առաջին ռեպորտաժում սփյուռքահայը հայտնվում է «Արի տուն» ծրագրի շնորհիվ Հայաստան եկածի դերում, եւ սփյուռքահայի ֆոնին հարցազրույց է տալիս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Հաջորդ ռեպորտաժում սփյուռքահայն արդեն Համահայկական խաղերի անխոնջ մասնակից է, եւ հիմա նրա ֆոնին հարցազրույց է տալիս սպորտի նախարարության մի չինովնիկ։ Երրորդ ռեպորտաժում սփյուռքահային տեսնում ենք արդեն շարքային զբոսաշրջիկի տեսքով, որը խաբար չէ «Արի տուն» ծրագրից, երբեւէ չի լսել Համահայկական խաղերի մասին, այլ ուղղակի եկել է զբոսաշրջելու, ինչն էլ վկայում է զբոսաշրջության զարգացման աննախադեպ տեմպերի մասին։ Չորրորդ ռեպորտաժում նա կարող է արդեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, հինգերորդում` հանդես գալ որպես լոբբիստական գործունեության ակտիվիստ։ Կարճ ասած` Հայաստան այցելած ամեն սփյուռքահայ միջինը երեք հայաստանցի չինովնիկի հարցազրույցի դեկորացիայի ֆունկցիա է կատարում։ Ու քանի որ չինովնիկները շատ են, սփյուռքահայերը` քիչ, այսպես, ահա, առաջ է գալիս փոխանցիկ սփյուռքահայի ֆենոմենը…

Նորից, էլի ու կրկին կատաղած պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, եւ լուրերի թողարկումներն ազդարարում են Վանաձորում բացահայտված մի հրեշավոր դեպքի մասին. դասախոսներ են ձերբակալվել, որոնք 30 հազարական դրամ կաշառք են վերցրել կուրսային աշխատանքներ ընդունելու դիմաց։ Այս շշմեցուցիչ բացահայտման մասին պատմում է ռեցիդիվիստի դեմքով ու առոգանությամբ մի դատախազ, որի անձնական խուզարկությունը, թերեւս, ի հայտ բերի կոռուպցիայի շատ ավելի հրեշավոր դեպքեր։ Եւ ինչպես հեռուստալրագրողական հետաքննությունների օբյեկտը ձմերուկ վաճառողներն են, այնպես էլ` դատախազության թիրախը դասախոսներն են, որոնց միակ «առավելությունը» այն է, որ նրանք անպաշտպան են։ Եթե անպաշտպան չլինեին` դատախազության ձեռքը չէին ընկնի, այնպես, ինչպես դատախազության ձեռքը չեն ընկնում դատախազները, որոնք հանրային կարծիքի բոլոր հարցումների համաձայն ամենակոռումպացված խավն են համարվում։ Բանտախցում գտնվելու բերումով երբեմն հետեւում եմ հեռուստաեթերին. գուցե այն օգնի հասկանալ, թե ինչ է կատարվում դրսում։ Այստեղ է ահա, որ ի հայտ է գալիս ամալյանական հեռուստաեթերի հիմնական գործառույթը` պատմել այն ամենի մասին, ինչը էական չէ, ինչը կարեւոր չէ, երբեք կարեւոր չի եղել, եւ երբեք չի լինի կարեւոր։ «Արտակարգ պատահար Երեւանում. «Տոյոտա-Քեմրին» ծռել է «Վազ-2106»-ի լանժերոն. դեպքի վայրից անհետացել է «06»-ի ռազվալի վտուլկին»,- ազդարարում է հեռուստատեսություններից մեկի լրատվականի անոնսը։ Մեկ ուրիշ հեռուստաընկերության լուրերի թողարկումը սկսվում է իսկապես կարեւոր իրադարձության լուսաբանմամբ։ Այդ կարեւոր իրադարձությունները, սակայն, թարսի նման տեղի են ունենում Հայաստանից շատ ու շատ հեռու. Մադագասկարում, Կաբո-Վերդեում, Կիրիբատիում եւ Պապուա-Նոր Գվինեայում։ Պետք է խոստովանել, սակայն, որ ուժեղ այդ հեռուստաընկերությունը հեռավոր այդ երկրների մասին պատմող լուրերը հաղորդում է շատ օպերատիվ. ընդամենը երեք օր ուշացումով։ Մեկ այլ հեռուստաընկերություն առանձնահատուկ ուշադրությամբ եւ ջերմեռանդությամբ է լուսաբանում քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների թեման։ Քաղաքական հետապնդումները, սակայն, Ադրբեջանում են տեղի ունենում, եւ այնտե՛ղ կան քաղբանտարկյալներ։ Սրադուդ հաղորդավարուհին մի այնպիսի կարեկցանքով է խոսում ադրբեջանցի հալածյալների մասին, որ թվում է, թե աղիողորմ լաց կլինի ուղիղ եթերում։ Բայց լաց չի լինում, որովհետեւ այդ կարեկցանքն էլ է շինծու…

Հայրենի հեռուստաեթերի ամենահետաքրքիր իրադարձությունը, սակայն, «Շանթ» եւ «Արմենիա» TV-ների հիստերիկ մրցակցությունն է։ Վերջերս լրացավ «Շանթի» 15-ամյակը, ու «Շանթի» եթերը հեղեղվեց շնորհավորանքներով. մարդիկ շնորհավորում են հեռուստաընկերության տարեդարձը եւ գովեստներ շռայլում նրա հասցեին։ Այս իրադարձությունից ազդված` լրացավ նաեւ «Արմենիայի» «Թեժ գծի» 1 տարին, եւ այստեղ էլ հնչում են «Արմենիային» ձոնված դիֆերամբներ։ Ու հիմա երկու հեռուստաընկերությունները մրցում են, թե ով ավելի ուժեղ ինքնագովազդով կզբաղվի։ Հայտնի սերիալները դուրս են եկել վերահսկողությունից. ու եթե «Արմենիայի» սերիալում մեկը խելագարվում է, «Շանթի» սերիալում պարտադիր հայտնվում է ցնդած մեկը։ Ու հիմա «Շանթի» գիժը աշխատում է շարքից հանել «Արմենիայի» գժին։ Անկարեւոր չէ նաեւ թիվ-թվաբանության մրցակցությունը. վերջերս «Արմենիայի» մաֆիոզը 400 միլիոն դոլարի գործարք կնքեց։ «Շանթի» պատասխանը չուշացավ. այստեղ արդեն խոսք է գնում մեկ միլիարդ դոլարի մասին, որ փորձում են ձեռքբերել «Որոգայթի» մաֆիոզները։

Վերջերս հետաքրքիր միտումներ են ի հայտ գալիս հայրենի հեռուստագովազդի ոլորտում. գովազդային հոլովակներում ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում հավերի։ Այս իմաստով ռեկորդակիրը, իհարկե, «SAS» սուպերմարկետն է։ Այս ընկերության գովազդում կարմիր հավը սպիտակ ձու է ածում։ Բնության մեջ նման բան չի կարող լինել. կարմիր հավը կարմիր ձու կարող է միայն ածել, բայց ոչ երբեք սպիտակ։ Բայց այն, ինչ չեն կարող անել սովորական հավերը` միանգամայն հնարավոր է «Օրինաց երկրից» Հանրապետական անցած հավերի համար։

ՀԳ. Վերջերս հեռուստացույցով տեսա ոչ վաղ անցյալում իրեն ընդդիմադիր համարող Գեղամ Հարությունյանին։ Ինչ-որ գործ են նրան տվել պաշտպանության նախարարությունում` ՊՆ Հասարակական խորհրդի նախագահ։ Այս մասին իմանալով` առաջին բանը, որ հիշեցի` 2007-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Հարությունյանի արած մի հայտարարություն էր։ Ակնարկելով, որ մի շարք կեղծ ընդդիմադիր կուսակցություններ ոչ թե քարոզարշավ են անում, այլ իշխանությունից ԱԺ մտնելու համար անհրաժեշտ 5% ձայն են մուրում, 2007 թ. մայիսի 2-ին Գեղամ Հարությունյանը Ազատության հրապարակում հայտարարեց. «Հինգ տոկոսանոցները զրնգում են հինգ կոպեկանոցների պես»։ Ահավասիկ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. ANI Julakyan
    Օգոստոս 26th, 2009 at 02:47 | #1

    serialneri ktory lavn er, bajz Sas i reklamy meka durs galisa…:)

  2. hakop
    Օգոստոս 26th, 2009 at 02:56 | #2

    Nikol jan, pastoren nstel es serialneri vra…vochinch dimazi, hesa vor durs gas tes mi hat inch serial enq nkarelu !!!!!!!!!!!!!!!!!!

  3. Эштия
    Օգոստոս 26th, 2009 at 17:19 | #3

    Հայլուր չեմ նայում!!!

  4. Levon
    Օգոստոս 26th, 2009 at 17:42 | #4

    yes cavum em, vor artasahmanum gtnvox hayerin el en xexatyurum irenc serialnerov.

  5. MM
    Օգոստոս 26th, 2009 at 22:11 | #5

    Ed inch nayelu aliq e vor?

  6. Edgar
    Օգոստոս 27th, 2009 at 00:14 | #6

    kga mi or dzmeruk caxoxneric el kvaxenan u chen qnnadati qanzi “harstanalov” naxagahakanic krish kkangnen iranc biznesin u etenc H/ynkerutyunnery ksksen anxna qnnadatel asenq mocaki dex, asex, ulunq, kochi tel vacharoxnerin ev manravacharnerin…ete iharke verjinners naxagahakanum krish chunenan….:))))))))))))

  7. Ես
    Օգոստոս 27th, 2009 at 00:21 | #7

    Ափսոս Ալմ-ից բան չես գրել.

  8. Հայկ–PL
    Օգոստոս 27th, 2009 at 16:22 | #8

    Эштия :
    Հայլուր չեմ նայում!!!

    ԱՊՐԵՍ ԿՈԼԵԳԱ։

  9. AG
    Օգոստոս 27th, 2009 at 23:48 | #9

    HAMATARAC UGHEGHI LVACUM, URISH VOCHINCHOV CHES KAROX NKARAGREL AYS SERIALAXT@ HAYASTANUM. JOGHOVRDIN BTACNUM EN, VOR URISH AVELI LURJ BANERI MASIN CHMTACI. HANKARC KAROXE JOGHOVURD@ XELQI GA U ACHQER@ BACI, TESNI TE INCHPES EN HAYASTAN@ TALANUM, JOGHOVRDIN NSEMACNUM U NVASTACNUM MI VOHMAK GAYLER. VOCHINCH, MI GEXECIK LUSNYAK GISHER AYD NUYN CHAGHERI HETEVIC, VORTEGH HIMA NIKOLN E U MYUS MER @NKERNER@, AYD VOHMAK@ HAMAHUNCH U MIAZAYN, NAYELOV LUSNIN, KVORNA……. U KVORNA AMEN MI ARAC LKTIUTYAN, DAVACHANUTYAN U MARDASPANUTYAN HAMAR. BAN CHMNAC JOGHOVURD JAN, ESH@ KEREL ENQ POCHIN CHXROVENQ. MIASIN KHASNENQ MER NPATAKIN, KMAQRENQ HAYASTAN@ AYS JANTAXTIC. BAYC MIAYN MIASIN KAROX ENQ ANEL. “MI ZERQ@ CAP CHI TA, MI CAXKOV GARUN CHI GA”.

  1. No trackbacks yet.