> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 29.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 29.

29. Կրկնակի երկվություն

Բաբկեն ԱրարքցյանՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի գործունեությանը հետեւելիս հնարավոր չէ չնկատել, որ նա որոշակի բարդություններ ունի օբյեկտիվ իրականության վրա իր ազդեցության չափերն ու մեթոդոլոգիան ընկալելու տեսակետից: Տ. Սարգսյանին ակնհայտորեն թվում է, թե վարչապետի կնիքի ու աշխատասենյակի հետ նաեւ գերբնական շնորհներ է ստացել, աստվածային հատկություններ: Աստված ասաց` թող լույս լինի, եւ լույս եղավ: Այս մեթոդը ակնհայտորեն կրկնօրինակելով` Սարգսյանը ասում է. «Թող Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն լինի», եւ նրան թվում է, թե այդպես էլ լինելու է: Միայն թե` ինքը հասցնի արտասանել այդ նախադասությունը, եւ «Հայլուրն» իր արարչագործ ձայնը հասցնի տարածել տիեզերքում: Այս մեթոդով Սարգսյանը Գյումրին դարձրել է մշակույթբուրգ, տեխնոգրադ, նավահանգստային խոշոր հանգույց, ստեղծել է Հայկական աշխարհ: Ինչպես չմեջբերեմ Աստվածաշնչի առաջին նախադասությունը. «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Տիգրան Սարգսյանն էլ` Հայկական աշխարհն է ստեղծել ի սկզբանե եւ հետո է միայն ասել` թող ճգնաժամ չլինի Հայկական աշխարհում, եւ չի եղել ճգնաժամ… Իսկական ցնորք:

Այսօրինակ գործելաոճը հատուկ է քայքայվող համակարգերին, որոնք վերջնականորեն կորցրել են կապը իրականության հետ եւ ի վիճակի չեն ձեռնարկել օբյեկտիվ իրականության կողմից թելադրվող քայլեր, որ հնարավորություն կտան կասեցնել քայքայումը, կանխարգելել փլուզումը: Քայքայվող համակարգերի լիդերները իրենց գործելաոճով նմանվում են դոզայի տակ գտնվող թմրամոլների, որոնց թվում է, թե իրենց հայտարարությունները, ճառերը փոխարինում են իրականությանը: Նրանք չեն ընկալում, որ իրենց հայտարարությունների իրականացման համար անհրաժեշտ օբյեկտիվ պայմանները բացակայում են: Հռետորաբանությունը վեր է ածվում դատարկաբանության, եւ օբյեկտիվ իրականությունը դառնում է անկառավարելի…

1991-98 թվականների ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը ժամանակին մի պատմություն է պատմել, որ պատեհ է այսօրվա թեմայի համար: Ընդհանուր գծերով պատմությունը հետեւյալն է. 1991 թվականին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը իր մոտ է հրավիրում Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` հայ-ադրբեջանական բորբոքվող հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը քննարկելու: Հայաստանի ղեկավարությունը, կռահելով, որ քննարկումները հայկական կողմին ձեռնտու բովանդակություն չեն ունենալու, որոշում է, որ Մոսկվա պետք է մեկնի ոչ թե Տեր-Պետրոսյանը, այլ ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանը:

Հիշեցնեմ` այդ ժամանակ Խորհրդային Միությունը դեռ կար, գոյություն ուներ, եւ Հայաստանն էլ` նրա կազմում էր: Ու չնայած` մեր հանրապետությունում իշխանության էին եկել ժողովրդավարական ուժերը, դե յուրե` Հայաստանը եւ նրա ղեկավարությունը գտնվում էին Մոսկվայի` ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի ենթակայության տակ:

Ահա, իր մոտ հրավիրված Արարքցյանին ԽՍՀՄ նախագահը փորձել է ինչ-որ հանձնարարական տալ, որի իրագործումը, իբր, պետք է կայունացներ վիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Արարքցյանը պատասխանել է, որ դա Հայաստանի համար անընդունելի տարբերակ է, եւ իրենք, այսինքն` Հայաստանի ղեկավարությունը, դեմ են դրան: Երկարատեւ քննարկումից հետո, համոզվելով, որ ՀՀ ներկայացուցիչը անդրդվելի է, Գորբաչովը մի աներեւակայելի քայլ է արել. նա իր մոտ է հրավիրել օգնականին եւ հանձնարարել համապատասխան բովանդակությամբ հրամանագրի նախագիծ, այսինքն` տեքստ պատրաստել, որը ստորագրվելուց հետո պետք է դառնար ԽՍՀՄ նախագահի հրամանագիր, այսինքն` խնդրո առարկա հանձնարարականը պաշտոնական բնույթ պետք է ստանար: Ու երբ նախագիծը դրված է եղել սեղանին, Գորբաչովը վերցրել է գրիչը, պսպղացող աչքերով եւ հաղթական հայացքով նայել ՀՀ ԳԽ նախագահի տեղակալին ու սպառնացել, որ եթե ՀՀ ղեկավարությունը չհամաձայնի ինքնակամ կատարել հանձնարարականը, ինքը` ԽՍՀՄ նախագահը, հրամանագիր կստորագրի: Գորբաչովը զարմացել է, որ իր այս սպառնալիքը ոչ մի տպավորություն չի գործել ՀՀ ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանի վրա: Նրան թվացել է, թե Արարքցյանը լավ չի ընկալում պահի լրջությունը, լավ չի ընկալում, թե ինչ է նշանակում Գորբաչովի ստորագրությունը` թղթի վրա: Դա համարյա աստվածային կամք է, եւ ոչ ոք չի կարող դիմանալ դրա ահեղությանը: Եւ ահա, գործի դնելով իր ողջ մեծահոգությունը, Գորբաչովը, զարմացած քմծիծաղը դեմքին, մի անգամ էլ է Արարքցյանին բացատրել, որ եթե Հայաստանի ղեկավարությունը հանդգնի չկատարել իր հանձնարարականը, ինքը հրամանագիր կստորագրի: Թե մեծ հաշվով ինչ ավարտ է ունեցել այս պատմությունը, բոլորդ գիտեք: Էականն այստեղ այն է, որ նկարագրված ժամանակաշրջանում ԽՍՀՄ նախագահը չի էլ ընկալել, որ ինքն արդեն ոչ թե նախագահ է, այլ ընդամենը ֆուտլյար: Գորբաչովին թվացել է, թե բավական է` ինքը մի թուղթ ստորագրի, երկրի վրա ու երկնքում ամեն ինչ գլխիվայր շուռ կգա: Այդ ժամանակ նա չի էլ կռահել, որ իր նախագահությանը եւ ղեկավարած երկրին 400 օրից էլ քիչ ժամանակ է մնացել…
Ահա, ուրեմն. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի ելույթների, արարքների, որոշումների տակից դուրս է պրծնում գորբաչովյան սինդրոմը: Նա չի էլ պատկերացնում, որ իրականության վրա ունեցած իր ազդեցությունը գրեթե զրոյական է, նրան թվում է, որ բավարար է` ինքը «Երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարություն» ընդունի, ստորագրի այդ փաստաթուղթը, կնքի այն, եւ բոլորը կսկսեն մեքենա վարելիս անվտանգության ամրագոտիները օգտագործել, որովհետեւ իր ստորագրած ռազմավարության մեջ հենց այդպես է գրված, եւ ինքն էլ գրվածը ամրագրել է ելույթ-հրովարտակով: Մինչդեռ` այսօրինակ սեթեւեթանքները միայն կարեկցանք են հարուցում, որովհետեւ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ Տիգրան Սարգսյանը չի կարող օլիգարխներին ստիպել, որ նրանք անվտանգության ամրագոտի օգտագործեն, այնպես, ինչպես հոխորտաց ու չկարողացավ նրանց հարկային դաշտ բերել: Անվտանգության ամրագոտիների դեպքում առավելագույնը «օրինականության հնգօրյակի» պես մի բան կկազմակերպեն, եւ ռազմավարության մասին բոլորը կմոռանան, իսկ ժողովրդի նողկանքը կառավարության եւ իշխանության նկատմամբ միայն կավելանա: Բայց տվյալ դեպքում էականը ոչ թե ամրագոտին է, այլ այն, որ Տիգրան Սարգսյանը չի էլ գիտակցում, որ գտնվում է քայքայվող համակարգի ղեկին, չի էլ գիտակցում ֆուտլյարի սեփական կարգավիճակը, չի էլ զգում, որ ի վիճակի չէ իրականացնել իր իսկ առաջադրած խնդիրների լուծումը, չնայած` թվում է` դրա համար ունի բոլոր անհրաժեշտ լծակները:

Ըստ էության, նույն տրամաբանության մեջ է գործում նաեւ մյուս Սարգսյանը, որ Հայաստանի նախագահի աշխատասենյակում է նստում: Իշխանությունը բռնազավթելուց հետո, երկրում արդարություն հաստատելու խոստումներ շռայլելով, գործնականում նա ավելի մեծ թափ հաղորդեց բռնությանն ու բեսպրեդելին: Շատերը ասում են, թե Ս. Սարգսյանը չի ուզում երկրում արդարություն եւ օրինականություն հաստատել: Ուզում է, թե չի ուզում` հարցի սուբյեկտիվ կողմն է, որն այս պարագայում էական չէ, որովհետեւ անկախ ցանկությունից, նա չի կարող դա անել` օբյեկտիվորեն: Ինքնապահպանման բնազդը նրան թույլ չի տա դա անել, որովհետեւ ինքը` Սերժ Սարգսյանը, ապօրինության եւ անարդարության արգասիք է, բռնությունն է նրան հասցրել իշխանության, ու նա չի կարող կտրել այն ճյուղը, որին նստած է, չի կարող ինքն իրեն զրկել հենման կետից: Արդարությունն ու օրինականությունը Սերժ Սարգսյանին կզրկի իր ունեցած ամեն ինչից:

Հրապարակայնորեն, բարձրաձայն ընդունելով, որ Հայաստանի քաղաքացիների թիվ 1 պահանջմունքը արդարության հաստատումն է, իսկ գործնականում ահագնացնելով բռնություններն ու անարդարությունները` Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ ինքը, իր իշխանությունը համարժեք, ադեկվատ չեն հայաստանյան իրականությանը, ի վիճակի չեն սպասարկել պետության եւ նրա քաղաքացիների պահանջմունքները: Այս պրոցեսի արդյունքում, հանրության եւ իշխանության խզումը այնքան է մեծանում, որ նրանք հայտնվում են զուգահեռ իրականությունների մեջ, որ գտնվում են կողք կողքի, բայց ի վերջո` դադարում են իրար հետ կապ ունենալ: Արդյունքում` իշխանությունը կորցնում է իրավիճակին տիրապետելու հնարավորությունը, իսկ հանրությունը, հասկանալով, որ իշխանությունն ի վիճակի չէ սպասարկել իր ամենակենսական պահանջմունքները, ինքն է սկսում զբաղվել այդ հարցով: Հանրությունը, հոգնելով արդարության հաստատմանը սպասելուց, ինքն է հաստատում իր արդարությունը:

Հ.Գ. Բաբկեն Արարքցյանի` ինձ պատմած պատմությունը ներկայացնում եմ առանց նրա համաձայնությունը նախապես ունենալու: Հույս ունեմ` այսօրվա իմ կարգավիճակը ներելի է դարձնում այս բացթողումը: Չեմ բացառում, որ ինչ-որ դետալներ լավ չեմ հիշում ու ճշգրիտ չեմ ներկայացրել: Բայց ընդհանուր պատկերը ներկայացված է տեղի ունեցածին համապատասխան:

Նիկոլ Փաշինյան, «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 21, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Armen M.
    Օգոստոս 21st, 2009 at 23:27 | #1

    te inchi en @ndunak HH &anaparhayin vostikanner@– Havlabari hayer@ shat parz asecin…
    Sa hogebanakan groh e joghovrdi vra,amen qaylapoxi tesnelov aporinutyunner varord@ der petq e amrakapvi…Datavarutyunnerov cuyc tvecin bolorin,vor iravunqneri verakangnman teryevs verjin huysn angam aylevs goyutyun chuni,hima “kotrelu” puln enq tevakoxum(tokerov kapvelu)…Iravakan erkrum ays masin xosel@ anhetet kliner,isk merz mot varchapetn e PAT in asum te inch anel…es ur enq @nkel.

  2. Հայկ–PL
    Օգոստոս 22nd, 2009 at 02:36 | #2

    Armen M. :
    …es ur enq @nkel.

    VIP դրախտ …
    :(

  1. No trackbacks yet.