> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 27.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 27.

27. Հանգիստ կյանք

«Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են». այս ասացվածքը կարելի է կիրառել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վերաբերմամբ։ Սա Հայաստանի ամենախիստ ռեժիմի մեկուսարանն է, բայց մեծ հաշվով` հանգիստ ու խաղաղ մի տեղ։ Ու եթե ի վիճակի ես փիլիսոփայաբար վերաբերվել այստեղ գտնվելուդ ակնհայտ փաստին, կարող ես նույնիսկ եզրակացնել, որ այստեղի կյանքը` ընդհանուր գծերով, շատ չի տարբերվում սովորական կյանքից։ Գուցե գույները այստեղ ավելի են խտանում, բայց փիլիսոփայության իմաստով` դա նույնիսկ լավ է։ Նեղ ու փոքր բանտախցում ավելի հեշտ է հասկանալ Դիոգենեսին, որ մտել էր տակառի մեջ ու համառորեն դուրս չէր գալիս. այնտեղից ավելի հեշտ է երեւում, թե որքան ունայն ու սնամեջ բաներից ենք երբեմն մեզ լավ զգում, թե ինչպիսի ամոթալի ու դատարկ բաների վրա ենք վատնում մեր ժամանակը` ինքներս անգամ այդ մասին չկռահելով։

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն նաեւ ամենափոքր մեկուսարանն է Հայաստանում։ Պադվալային մասը, ինչպես արդեն գրել եմ, վաղուց փակվել է, ու հիմա մեկուսարանի ռեժիմային մասը, այսինքն` այն հատվածը, որտեղ խցերն են, իրենից մեն մի հատ երկար միջանցք է ներկայացնում, որի երկու կողմերում տեղաբաշխված են խցերը, որոնց թիվը երկու տասնյակը հազիվ թե գերազանցի։ Միջանցք կոչվածն էլ` իսկապես միջանցք է եւ հազիվ երկու մետր լայնություն ունենա։ Մեկուսարանի չափերը կանխորոշում են, որ այն ունենա ոչ մեծ աշխատակազմ, եւ այդ աշխատակազմի հետ շփումներից տպավորություն եմ ստացել, որ այստեղ աշխատում են նորմալ մարդիկ։ Կալանավորներս մեծ մասամբ շփվում ենք վերակացուների, հերթափոխի պետերի հետ. հիմնականում պարկեշտ, նորմալ տղերք են, ոմանք նույնիսկ լուսավոր ու պայծառ մարդկանց տպավորություն են թողնում։ Իհարկե, կան նաեւ այնպիսիք, որ մենթ են ուղնուծուծով, ոմանք էլ ակնհայտորեն դաստիարակության պակաս ունեն (զգալ է տալիս, օրինակ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ Նելսոն Զաքարյանի դաստիարակության պակասը), բայց այսպիսիք աննշան տոկոս են կազմում, եւ սա հաճելիորեն զարմացնում է։ Ոմանց հետ շփումից էլ հասկանում ես, որ ոչ մի անգամ չեն կարդացել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերը։ Բայց սա ամենեւին էլ տեղային խնդիր չէ, ոչ էլ անգամ` առանձին վերցրած ոլորտի։ Սա համահայաստանյան պրոբլեմ է, որ վերաբերում է բոլոր ոլորտներին նույն կերպ։ Մեր երկրում դժվար է գտնել ոստիկան, որ կարդացել է «Ոստիկանության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքները, դժվար է ՍՊԸ-ի տնօրեն գտնել, որ կարդացել է իր ղեկավարած հիմնարկի կանոնադրությունը, հեշտ չէ լրագրող գտնել, որ կարդացել է «Զանգվածային լրատվության (ուզում էի գրել«անկարգությունների») մասին» օրենքը, դժվար է պատգամավոր գտնել, որ կարդացել է այն նախագիծը, որի կապակցությամբ քվեարկել է։ Ինչու, ուրեմն, ՔԿՀ-ն պետք է զերծ լինի համահայաստանյան այս խասիաթից։

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, սակայն, ունի նաեւ այնպիսի պրոբլեմներ, որոնց լուծումը պետական միջամտություն է պահանջում։ Կարեւորագույն խնդիրը տեսակցությունների եւ հարցաքննությունների սենյակների թվի սակավությունն է. այսպիսի միայն երկու սենյակ կա ՔԿՀ-ում։ Այս երկու սենյակում են իրականացվում քննչական գործողությունները, կալանավորվածների հանդիպումները փաստաբանների եւ այլ այցելուների հետ, տեսակցությունները հարազատների հետ։ Որպես հետեւանք, իրենց պաշտպանյալների հետ հանդիպման եկած փաստաբանները, տեսակցության եկած հարազատները երբեմն ստիպված են լինում ժամերով սպասել, մինչեւ սենյակ ազատվի։ Այսպես չէր լինի, եթե այդպիսի սենյակների թիվը կրկնապատկվեր։ Տարածքի խնդիր ՔԿՀ-ն չունի. ինչպես արդեն գրել եմ, ԿԳԲ-ի պադվալը, այսինքն` ՔԿՀ նկուղային մասը, չի օգտագործվում, ինչը նշանակում է, որ ցանկության եւ ֆինանսավորման դեպքում այստեղ կարելի է հարցաքննությունների ու տեսակցությունների մի քանի սենյակ կահավորել։ Ծայրահեղ դեպքում, կարելի է նույնիսկ այս նպատակով մի քանի սենյակ վերցնել ԱԱԾ-ից. այդ պարապ հիմնարկի ինչի՞ն է պետք այդ հսկայական շենքը։

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ հաջորդ պրոբլեմը, որ նույնիսկ կարող է զավեշտալի թվալ, կապված է բաղնիքի հետ։ Այստեղ ընդամենը մեկ բաղնիք կա` երկու ցնցուղով։ Տեղադրված է երկու էլեկտրական գեյզեր, որոնք, սակայն, չեն հասցնում տաքացնել այստեղի սառնորակ ջուրը։ Դրա համար էլ ջրատաքացնող երկու բաք է տեղադրված, որոնց տարողունակությունը հազիվ 100-ական լիտր լինի։ Ջրի այս ծավալով կարող է լոգանք ընդունել առավելագույնը չորս հոգի, որից հետո պետք է սպասել երեք-չորս ժամ, որպեսզի ջուրը տաքանա, եւ էլի չորս կալանավոր լողանալու հնարավորություն ունենա։ Պետությունը, փաստորեն, հնարավորություն չունի գոնե սովորական գազի ջրատաքացնող կաթսա տեղադրել` բաղնիքի աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար։ Ու չնայած ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով նախատեսված է, որ կալանավորված անձինք կարող են սահմանվածից դուրս` վճարովի կարգով օգտվել բաղնիքի ծառայություններից, այստեղ նման հնարավորություն չկա։ Դեռ պետք է շնորհակալ լինել, որ շաբաթը մեկ անգամ բաղնիք այցելելու հնարավորություն կա։ Առանձին խոսակցության թեմա է բաղնիքի սանիտարական վիճակը. ճիշտ է, այստեղ, այսինքն` ՔԿՀ հաստիքացուցակում հավաքարարներ կան, բայց բաղնիքի վիճակը ստիպում է մտածել, որ այստեղի հավաքարարների համար բաղնիքը մաքրելը զապադլո է… Լվացարարների համար էլ լվացք անելն է զապադլո, որովհետեւ սպիտակեղենը նրանց լվացքից մաքրելու համար կրկնակի քիմմաքրում անհրաժեշտ կլինի։

ՀՀ կառավարության կողմից հաստատված` ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով սահմանված բազմաթիվ վճարովի ծառայություններ այստեղ բացակայում են։ Իսկ եղած միակ ծառայությունից օգտվելու հնարավորությունները ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։ Չնայած ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով որեւէ կերպ սահմանափակված չէ հեռախոսից օգտվելու հաճախականությունը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է, որ կալանավորված անձինք ամիսը միայն երեք անգամ զանգելու հնարավորություն պետք է ունենան։ Ընդ որում` կալանավորված անձինք զանգում են իրենց իսկ հաշվին, այստեղ տեղադրված` «ԱրմենՏելի» քարտֆոնով։ Արդեն բավականին ժամանակ փորձում ենք ստանալ ՔԿՀ տնօրենի այն հրամանը, որով այսպես անտրամաբանական ձեւով սահմանափակվել է հարազատներին զանգելու` կալանավորների իրավունքը։ Բայց այդ սահմանափակումը մտցրած որեւէ փաստաթուղթ ստանալ չի հաջողվում, ինչը նշանակում է, որ մենք զրկված ենք այդ սահմանափակումը բողոքարկելու հնարավորությունից։ Հարցը սկզբունքային է, որովհետեւ այն իրավունքի անտրամաբանական սահմանափակում է նշանակում։ Նման սահմանափակման համար, սակայն, ՔԿՀ վարչակազմն ունի իր բացատրությունն ու արդարացումը։ Բանն այն է, որ կալանավորված անձանց տեսակցությունների, հանդիպումների, հարցաքննությունների ուղեկցելը բավականին բարդ գործողություն է։ Նախ` այդ պրոցեսը պետք է փաստաթղթավորել` խցից հանդիպման գնալիս եւ ետ գալիս մեզ նաեւ խուզարկում են։ Օրվա ընթացքում այս պրոցեսը գործնականում չի դադարում, եւ վերակացուների թիվը այնպիսին է, որ հազիվ կարողանում են սպասարկել հենց այս գործընթացը։ Ու ստացվում է, որ միայն 10 օրը մեկ են կարողանում ժամանակ գտնել` մեզ տանել հեռախոսից օգտվելու։ Սա էլ բարդանում է նրանով, որ վերակացուներից մեկը պետք է մեզ հետ մնա հեռախոսի սենյակում։ Եւ ահա, նրանց սակավաթիվ լինելու պատճառով, ազատ որեւէ մեկը չի գտնվում, որ հեռախոսային հարցերը հնարավոր լինի պատշաճ մակարդակով կազմակերպել։ Ուստի ընտրվել է հարցի լուծման գեղական տարբերակը. հնարավորինս սահմանափակել կալանավորված անձանց զանգելու իրավունքը։ ՔԿՀ վարչակազմը, սակայն, հաշվի չի առել մի փոքր նրբություն. ամիսը երեք անգամ էն աշխարհից էլ է հնարավոր տնեցիներին զանգել, իսկ ՀՀ օրենսդրությունը եւ միջազգային կոնվենցիաները, այնուամենայնիվ, սահմանում են, որ ՔԿՀ-ն էն աշխարհից որոշակի եւ հստակ տարբերություններ պետք է ունենա։ Տվյալ հարցը երկու լուծում կարող է ունենալ. կամ վերակացուների նոր հաստիքներ պետք է բացվեն, կամ էլ կալանավորներին զանգելու հնարավորություն պետք է տան նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այս փոփոխության արդյունքում, կալանավորված անձինք գոնե շաբաթը երկու անգամ զանգելու հնարավորություն պետք է ունենան։ Ի դեպ, այլ ՔԿՀ-ներում այս խնդիրը լուծված է, որքան գիտեմ։ Իհարկե, գուցե դրանք ավելի թեթեւ ռեժիմի հիմնարկներ են, բայց միեւնույն է. որեւէ իրավական ակտով սահմանափակված չէ, թե փակ ռեժիմի ՔԿՀ-ում զանգելու հնարավորությունը պետք է սահմանափակել։

Ահա այսպիսի խնդիրներ կան «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այդ խնդիրների լուծումը, սակայն, ոչ միայն այսօր այստեղ գտնվողներինն է, այլեւ ողջ հանրությանը եւ առաջին հերթին` իշխանությանը։ Ի վերջո, պետք չէ մոռանալ` կյանքը փոփոխական բան է. այսօր մեկուսարանում ես, վաղը` ազատության մեջ, այսօր ազատության մեջ ես, վաղը` մեկուսարանում։ Այնպես որ, առաջադրված հարցերի լուծումը բխում է հանրության յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր իշխանավորի եւ օլիգարխի շահերից։

Հ.Գ. Կալանավորված անձինք, ի դեպ, նախապես չեն տեղեկացվում իրենց զանգերի օրերի մասին, եւ այս ժամանակացույցը նրանցից փաստացի գաղտնի է պահվում։ Սա, արվում է, թերեւս պետական անվտանգության շահերից ելնելով։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կոնտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 19, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Հայկ–PL
    Օգոստոս 19th, 2009 at 14:30 | #1

    Նեղ ու փոքր բանտախցում ավելի հեշտ է հասկանալ Դիոգենեսին, որ մտել էր տակառի մեջ ու համառորեն դուրս չէր գալիս. այնտեղից ավելի հեշտ է երեւում, թե որքան ունայն ու սնամեջ բաներից ենք երբեմն մեզ լավ զգում, թե ինչպիսի ամոթալի ու դատարկ բաների վրա ենք վատնում մեր ժամանակը` ինքներս անգամ այդ մասին չկռահելով։
    ———————————————
    :/

  2. MM
    Օգոստոս 19th, 2009 at 19:22 | #2

    Nikol jan, haskanum em, te inchu es aysqan mexm guynerov nerkayacnum kalanavayri @ndhanur vi&ak@: ayn e, vor shat chanhangstananq qez hamar. Bayc mievnuynn e, menq pahanjum enq qo anhapax azatutyun@! Gitenq ,vor du lavates es(mecn OPTIMIST), u sranq el chen haskanum- &isht en arel vor qez bantarkel en ,te voch! Kalanavayrum te azatutyan mech- menq misht qez het enq! Astvac qez pahapan!

  3. Հակոբ (Չեխիա)
    Օգոստոս 20th, 2009 at 03:57 | #3

    “”Ի վերջո, պետք չէ մոռանալ` կյանքը փոփոխական բան է. այսօր մեկուսարանում ես, վաղը` ազատության մեջ, այսօր ազատության մեջ ես, վաղը` մեկուսարանում։ Այնպես որ, առաջադրված հարցերի լուծումը բխում է հանրության յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր իշխանավորի եւ օլիգարխի շահերից։”"
    .
    :)))

  4. Հակոբ (Չեխիա)
    Օգոստոս 20th, 2009 at 04:00 | #4

    Այստեղ են ասել, “Կյանքը խիյար ա, մի օր ձեռդ ա, մի օր … ” — Մտածեք օլիգարխներ:)

  5. MM
    Օգոստոս 20th, 2009 at 23:10 | #5

    Nikol jan, Shat mexm eir nshel, nelson zaqaryani dastiarakutyan masin, dra hamar xjjoc@ kapela… I cuyc e dnum ayn amen@ inchi @ndunak e.

  1. No trackbacks yet.