> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐՑԻՆ

Հարց Քաղաքացուց

Բարև Նիկոլ ջան (հուսով եմ դեմ չէս այդպիսի դիմելաձևին, նաև հաշվի առնելով այն հանգամանը, որ բոլորիս համար շատ հարազատ և հարգարժան անձնավորություն ես):

Լիրակական զեղումներից խուսափելով անցնեմ հարցիս բուն էությանը, որը կարող է առաջին հայացքից պրովոկացիոն թվալ, բայց միևնույն ժամանակ այնքան կարևոր թեմա է շոշափում, որ չէի կարող լռել դրա մասին:

Եվ ուրեմն, ինչպես ինձնից էլ լավ գիտես Հայ ազգային կոնգրեսում բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական ուժեր կան: Այդ ուժերը իրենց հնարավորությունների ներածին չափով փորձում են առաջ տանել ՀԱԿ-ի գաղափարները և նպաստել դրա նպատակների իրականացմանը: Բայց ինչպես ամենուր ՀԱԿ-ում նույնպես կան որոշակի քաղաքական ուժեր և անհատներ, ովքեր շատ քիչ օգուտ տալով բավականին մեծ վնաս են հասցնում ՀԱԿ-ին` դեստրուկտիվիզմի մի զգալի տարր մտցնելով դրա գործունեության մեջ: Իհարկե այդպիսի մարդիկ և ուժեր ամենուր էլ կան, մանավանդ այնպիսի մեծ քաղաքական միավորներում, ինչպիսին ՀԱԿ-ն է, բայց ըստ ինձ հիմնականում մեծ ազդեցություն չեն ունենում գործընթացների վրա:

Մեր պարագայում սակայն խնդիրը նրանումն է, որ երբեմն շատ վճռական պահերին ՀԱԿ-ում “դեստրուկտիզիզմը” հաղթում է “կոնստրուկտիվիզմին”` սկսած առկա տարբեր իրավիճակների մասին ՀԱԿ-ի առաջնորդներին խեղաթյուրված տեղեկատվության տրամադրումից, մինչև իսկ անձնական ամբիցիաների առաջխաղացումը: Եվ այդ “հաղթանակի” պտուղները հիմնականում շատ շատ դառն են լինում:

Ի՞նչ ես կարծում, ինչպես պետք է մենք վարվենք դեստրուկտիվիզմ սերմանողների և անձնական ամբիցիաներ “բրդողների” հետ. (ա) փորձենք գրեթե ամեն օր նրանց քաղաքավարի բացատրել, որ իրենց գործողությունները ուղղակիորեն հարվածում են ՀԱԿ-ի նպատակների իրագործմանը և խնդրենք, որպեսզի այլևս այդպես չվարվեն, (բ) ուղղակիորեն հայտարարենք, որ նրանց գործողությունները անընդունելի են ՀԱԿ-ի համար և նրանց կանգնեցնենք ընտրության առաջ. կա´մ ՀԱԿ-ը, կա´մ էլ իրենց դեստրուկտիվիզմն ու ամբիցիաները, (գ) չանենք ոչինչ և սպասենք ավելի լավ ժամանակների:

Հ.Գ. իմ խորին համոզմամբ ՀԱԿ-ի հաջողությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե մենք ինչպիսի արձագանք կտանք իմ մատնանշած խնդրին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության ծրագրային հիմնադրույթներում մի այսպիսի ձեւակերպում կա. «Մեր համախոհները նրանք են, ովքեր պատրաստ են քաղաքական գործունեության ընթացքում առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»։ Քաղաքական գործունեությունը, անշուշտ, ենթադրում է որոշակի ամբիցիաներ, բայց այդ ամբիցիաները դրական էներգիա են արտադրում, երբ մենք փորձում ենք մրցակցել ոչ թե քաղաքական գործունեության «վայելքներին» արժանանալու, այլ ծառայություններ մատուցելու ասպարեզում։ Եվ հույս ունեմ` չեք նեղսրտի, եթե ասեմ, որ ուրիշների դեստրուկտիվիզմից բողոքելը նույնպես դեստրուկտիվիզմ է։ Ինքս դեստրուկտիվիզմի դեմ պայքարելու հրաշալի մեթոդ ունեմ. չլինել դեստրուկտիվ եւ չբողոքել ուրիշների դեստրուկտիվիզմից։ Սա խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհն է, եւ աննկարագրելիորեն արդյունավետ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որքան տեղյակ եմ, այնտեղ լուրջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծված, եւ ես չեմ ուզում սկզբունքային բանավեճերը, տեսակետների բախումը դեստրուկտիվիզմ անվանենք: ՀԱԿ-ը իր չափերով եւ ընդգրկումով աննախադեպ կառույց է, որտեղ հավաքված են սկզբունքային մարդիկ, անհատներ։ Այստեղ չի կարող գործել դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, երբ մեկը ասում է, մյուսները «չեստ են տալիս»: ՀԱԿ-ում սկզբունքային բանավեճեր միշտ լինելու են, եւ սա մեր շարժման կարեւորագույն ռեսուրսներից է: Եվ ուրեմն, մենք պետք է ոչ թե բողոքենք դեստրուկտիվիզմից, այլ փորձենք ականջալուր լինել բոլոր տեսակետներին, եւ արդյունքում կայացնել այնպիսի որոշումներ, որոնց խորքում յուրաքանչյուրը կարողանա մի մասնիկ գտնել իր դիրքորոշումից. հենց սա է ժողովրդավարությունը։ Իսկ եթե դուք նկատի ունեք, թե ոմանք կարող են ականի դերակատարում ստանձնել, նրանց ինքնապայթեցումները կոչնչացնեն միմիայն իրենց։ Բայց չեմ կարծում, թե ՀԱԿ-ը խնդիր ունի: Լավագույն մաղթանքներս, սիրելի բարեկամ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.