> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 24.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 24.

24. Մի ծառայեք հանցագործ կլանին

Նիկոլ Փաշինյան. մարտի 1. կոչՄարտիմեկյան գործերով դատավարությունների ընթացքում W Աղվանի կանտորայի կողմից թույլ տրված այնքան ապօրինություններ ու կեղծիքներ բացահայտվեցին, որ թվում էր` դատախազությունն ու ՀՔԾ-ն գոնե նորերը թույլ չտալու աբուռ կունենան։ Բայց թերեւս, սրանց համար է ասված. երեսներին թքում են, ասում են` «անձրեւ է գալիս»։ Սրանում եւս մեկ անգամ համոզվեցի` իմ դեմ սարքված քրեական գործի որոշ նյութերի ծանոթանալիս։

Ընթերցողը տեղյակ է արդեն իմ գործի գլուխգործոցի` դատահոգեբանական եւ լինգվիստիկ փորձաքննության մասին, որի խնդիրը ապացուցելն է, որ ես 2008-ի մարտի 1-ին հոգեխանգարմունքի մեջ եմ գցել մարդկանց։ ՀՔԾ հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ մեջբերել է Մարտի 1-ին իմ ունեցած ելույթների որոշ կտորներ եւ փորձագետին միջնորդել անալիզի ենթարկել դրանք։ Ու չնայած անհեթեթ եւ ապօրինի բնույթին` փորձաքննությունը արդեն իսկ կայացել է։ Արդյունքները աներեւակայելի են` քննիչների եւ փորձագետների կողմից ցուցաբերված հանցավոր բթության տեսակետից։ Ո՞վ կարող է մտածել, որ բթությունը նաեւ հանցավոր է լինում. այսպես կարելի է բնորոշել դիտավորյալ բթությունը, երբ քննիչ-դատախազ-փորձագետը իրենց ռետինե խողովակի տեղ են դնում` հանրությանը մոլորեցնելու եւ քրեական մեղադրանք թխելու նպատակով։ Այժմ դուք կծանոթանաք այդպիսի մի շշմեցուցիչ օրինակի։

Ահա, ուրեմն, քննիչը, այլոց շարքում, փորձաքննության է ներկայացրել Մարտի 1-ին իմ կողմից հնչեցված հետեւյալ միտքը, որ մեջբերում եմ փորձաքննություն նշանակելու որոշումից։ Մեջբերում. «Մի ծառայեք քոչարյանասերժական հանցագործ կլանին, որ կեղեքում է ձեր մայրերին, ձեր քույրերին, ձեր եղբայրներին եւ ձեզ ստորացնում։ Վայր դրեք… անցեք… վերցրեք ձեր զենքերը եւ դրանք ուղղեք քոչարյանասերժական հանցագործ կլանի դեմ։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ եւ չենք նահանջի` թեկուզ բոլորս զոհվենք այս հրապարակում». մեջբերման ավարտը։ Վերլուծելով 2008-ի մարտի 1-ին իմ կողմից հնչեցված այս միտքը` փորձագետները գրել են. «Կոչը, հավանաբար, ուղղված է կամ զինծառայողներին ու ոստիկաններին, կամ նրանցից միայն մեկին. խոսողը չի նշում ոչ «զինվորներ», ոչ «ոստիկաններ», սակայն պարզ է, որ խոսքն ուղղված է զենք կրող մարդկանց»։ Ընթերցողին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել փորձագետի գրած` «Խոսքն ուղղված է զենք կրող մարդկանց» նախադասության վրա։ Փորձագիտական եզրակացության տվյալ հատվածում հենց այս նախադասությունն է եղել դատախազության ակնկալիքը, բարձրագույն մուրազը։ Թվում է` փորձագետը, նման նախադասություն կազմելով, արտառոց ոչ մի արարք թույլ չի տվել։ Բայց այդպես թվում է առաջին հայացքից, որովհետեւ նա մեղադրող դատախազ Կորյուն, կներեք արտահայտությանս, Փիլոյանին տվել է մի նախադասություն, որը հերթական գլուխգործոցի հիմք է դառնալու` մեղադրական եզրակացության մեջ։

Ըստ փորձագիտական եզրակացության այնքան էլ պարզ չէ, թե ում է դիմում կոչի հեղինակը, բայց պարզ է, որ դիմում է զենք կրող մարդկանց, այսինքն` մարդկանց, ովքեր զենք են կրում։ Փիլոյանը Փիլոյան չի լինի, եթե այս եզրակացությունը չօգտագործի` «հիմնավորելու» համար, որ Մարտի 1-ին «զենք կրող անձինք, ցուցարարներ» են եղել Մյասնիկյանի արձանի մոտ, եւ իմ ելույթից մեջբերված նախադասությունն էլ` գրոհի հրաման է… Ահա սա է դատախազության հեռահար նպատակը։ Բայց դուք չեք հավատա, թե ինչ ճանապարհով են նրանք փորձագետից վերը մեջբերված նախադասությունը ստանալու հնարավորություն ստեղծել։ Վերցրել են իմ ելույթներից մեկը, այն իրենց ճաշակով բաժանել երեք առանձին մասերի եւ այդ առանձին մասերը իրարից անջատ ներկայացրել են փորձաքննության։

Այդ ելույթիս առաջին կտորը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ ներկայացված է այսպես. «Ուրեմն, ուրեմն` մարտի ընթացքում մեր տղաներից մեկը ձեռք է բերել ռադիոկապ։ Եւ ես հիմա հանրահավաքի 400 հազար մասնակիցների անունից ռադիոկապով դիմում եմ մեր զինվորներին։ Տղերք, անցեք մեր կողմը…»։ ՀՔԾ-ն այստեղ կտրել է նախադասությունը, բայց քրգործի նյութերում գրված է, թե այդ ես միտքը չեմ շարունակել։ Ընթերցողն, իհարկե, չի կռահում, թե ինչու է ՀՔԾ-ն նախադասությունը ընդհատել այսպես։ Այսպես նրանք փորձում են ցույց տալ, որ Մարտի 1-ին մենք, այսինքն` ընդդիմությունը, զինվորներ ենք ունեցել («դիմում եմ մեր զինվորներին»), այդ զինված խմբերի հետ ռադիոկապ ենք ունեցել եւ ուրեմն` վերահսկել ենք նրանց գործողությունները։ «Անցեք մեր կողմը» նախադասությունը դատախազությունը փորձում է ներկայացնել որպես ընդդիմության զինված խմբերին ուղղված վերակազմավորման հրահանգ։ Բայց եկեք առայժմ եզրակացություններ չանենք եւ խնդրո առարկա փորձաքննությունը նշանակելու որոշման մեջ փնտրենք այս պահին մեզ հետաքրքրող ուրիշ կտորներ։ Այդ որոշման մեջ լրիվ առանձին փորձաքննության է ներկայացվել մեկ այլ մեջբերում իմ ելույթից։ Այն որոշման մեջ հետեւյալ տեսքն ունի. մեջբերում եմ. «Ռադիոկապ եւ ես հիմա հանրահավաքի 400 հազար մասնակիցների անունից դիմում եմ մեր զինվորներին. տղերք, անցեք մեր կողմը, մի ծառայեք…». մեջբերման ավարտը։ Քննչական խումբը նշված նախադասության անսպասելի ավարտը նույնպես բացատրել է նրանով, որ ես միտքը չեմ ավարտում։ Իրականում այդ իրենք են կտրել` հիմնավորելու համար, թե ես Հայոց բանակի կամ ոստիկանության զորքերի զինվորներին կոչ եմ անում չծառայել հայրենիքին։ Այս կտորը «Հայլուրով» բազմիցս ցույց են տվել, Ռոբերտ Քոչարյանն էլ դարդոտել էր, որ ես զինվորներին դասալքության կոչ եմ անում, եւ ափսոսանք էր հայտնում, որ ՀՀ ՔՕ-ում նման կոչի համար նախատեսված հոդված չկա։ Նա, իհարկե, չասաց, որ մի թեթեւ դզել-փչել է իմ ելույթը` իրեն անհրաժեշտ նախադասությունը ստանալու համար։ Բայց եկեք ոչ թե եզրակացություններ անենք, այլ առանձին-առանձին, որպես իրար հետ կապ չունեցող կտորներ` փորձաքննության ներկայացված մտքերը դնենք կողք կողքի` դրանք մեջբերելիս հավատարիմ մնալով քննիչի կազմած փաստաթղթերին։ Եւ ուրեմն` մեջբերում թիվ 1. «Ուրեմն, ուրեմն` մարտի ընթացքում մեր տղաներից մեկը ձեռք է բերել ռադիոկապ։ Եւ ես հիմա հանրահավաքի 400 հազար մասնակիցների անունից ռադիոկապով դիմում եմ մեր զինվորներին. տղերք, անցեք մեր կողմը…». թիվ 1 մեջբերման ավարտը։ Մեջբերում թիվ 2 «Ռադիոկապ եւ ես հիմա հանրահավաքի 400 հազար մասնակիցների անունից ռադիոկապով դիմում եմ մեր զինվորներին. տղերք, անցեք մեր կողմը, մի՛ ծառայեք…». թիվ 2 մեջբերման ավարտը։ Մեջբերում թիվ 3. «Մի՛ ծառայեք քոչարյանասերժական հանցագործ կլանին, որ կեղեքում է ձեր մայրերին, ձեր քույրերին, ձեր եղբայրներին եւ ձեզ ստորացնում։ Վայր դրեք… անցեք… վերցրեք ձեր զենքերը եւ դրանք ուղղեք քոչարյանասերժական հանցագործ կլանի դեմ։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ եւ չենք նահանջի, թեկուզ բոլորս զոհվենք այս հրապարակում»։ Թիվ 3 մեջբերման ավարտը։

Կարծում եմ` որեւէ մեկի մոտ կասկած չմնաց, որ գործ ունենք նույն ելույթի հետ, որը ՀՔԾ-ի կողմից տրոհվել է երեք առանձին նպատակահարմար մասերի` երեք տարբեր «հիմնավորումներ» ստանալու համար։ Բայց W-ն չի կարողացել քողարկել մի փոքրիկ հանգամանք, չի կարողացել քողարկել, որ Ոստիկանության զորքերի ծառայողների, բանակի զինվորների մասին խոսելիս` օգտագործում եմ «մեր զինվորներ» արտահայտությունը։ Ինքնին հասկանալի է, որ եթե դուք որեւէ մեկին ձերն եք համարում, չեք կարող նրա դեմ բռնություն կիրառելու կոչով հանդես գալ կամ նպատակ ունենալ։ Եւ այս փոքր դետալից հասկանալի է դառնում, որ չէր կարող բախում եւ մարտ տեղի ունենալ «մեր տղաների» եւ «մեր զինվորների» միջեւ։ Եւ ուրեմն` ինչո՞ւ բախում տեղի ունեցավ. այն պարզ պատճառով, որ իրադարձությունների թատերաբեմում վխտում էին քոչարյանասերժական կլանի օլիգարխների ծակված եւ զինված հրոսակախմբերը, եւ ես մեր զինվորներին կոչ էի անում սեփական ժողովրդին պաշտպանել քիլերների այդ սբրոդից։ Այսօր էլ, հենց հիմա, նույն կոչն եմ հղում ԱԱԾ, ոստիկանության բոլոր այն ծառայողներին, ովքեր սերժական մաֆիայի ջեբի շունը չեն. տղերք` մի՛ ծառայեք քոչարյանասերժական հանցագործ կլանին եւ ձեր զենքերն ուղղեք այդ հանցագործ կլանի դեմ. ի վերջո, դա ձեր օրինական պարտքն է։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ եւ չենք նահանջի, թեկուզ բոլորս զոհվենք այս պայքարում։ Տղերք, հենց առաջիկա աշնանը անցեք մեր կողմը, եւ մենք միասին կկերտենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանը` որպես ապահով տուն եւ տաք օջախ մեր քաղցր երեխաների համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 13, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Merry
    Օգոստոս 14th, 2009 at 00:17 | #1

    Grvac e” Koch@, havanabar verabervum e…” Havanabarov mexadranq en sarqum? Nikol jan im karciqov , dranc xelq@ chi el hasnum te inch kareli e grel. Mi ban bstrum en, tesnen inch reakcia kta, heto el mi urish ban kbstren. ES TAKANQNER@ CHEN HASKANUM, VOR JOXOVURD@ IRENC ATUM E! VOCH TE CHI @NDUNUM, AYL ATUM E! ZZVUM DRANCIC! U ASTCU DAJAN PATIJIC DRANQ CHEN XUSAPELU, GALU E DAJAN HATUCMAN OR@!

  2. Օգոստոս 14th, 2009 at 12:02 | #2

    chem haskanum mard inchqan karoxa iran caxr u canaki ararka dardzni, erb verjapes sranc mej mi qich tasib kartnana…….chnayac vaxuc piti huyss ktrac linei

  3. Օգոստոս 17th, 2009 at 15:28 | #3

    Nikol jan lav mitq ka glxums akcia anenq yeritasardnerov u bolors qo xosqer@ vankarkenq “տղերք` մի՛ ծառայեք քոչարյանասերժական հանցագործ կլանին եւ ձեր զենքերն ուղղեք այդ հանցագործ կլանի դեմ. ի վերջո, դա ձեր օրինական պարտքն է։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ եւ չենք նահանջի, թեկուզ բոլորս զոհվենք այս պայքարում” ete hnaravorutyun lini kases eto lavner mitqs???

  1. No trackbacks yet.