> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ «ԲՈԼԵՐՈՆ»

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ «ԲՈԼԵՐՈՆ»

Մաս 23. Մեր «Բոլերոն»

Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում` այս ժամին, հետն էլ` այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ շատ արագ` այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որեւէ խցից կամ որեւէ խցում, այլ իմ մեջ` գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա` ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», եւ որտեղից է գալիս նրա ձայնը։

2007 թվականի փետրվարի 20-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը` նվիրված Ղարաբաղյան շարժման 19-ամյակին։ Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ եւ մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,- ասաց նա։

Նույնիսկ չհարցրեցի, թե ինչ է. ուղղակի միացրեցի, եւ Ազատության հրապարակում հնչեց Ռավելի «Բոլերոն». հետո միայն սկսվեց հանրահավաքը։ Դրանից առաջ Երեւանում հանրահավաք մեկ էլ 2005-ի նոյեմբերին էր տեղի ունեցել` սահմանադրական կեղծված հանրաքվեի օրերին։ 2006-ը Հայաստանի համար քաղաքացիական հուսահատության տարի դարձավ, իսկ «Արմատ» կենտրոնի «պադվալում» քաղաքական նոր ուղեգիծ էր մշակվում, եւ այդ ուղեգծի հեղինակները կարծում էին, որ «հուսահատությունն էլ է ռեսուրս»։ Անկախ Հայաստանի առաջին սերնդի մի խումբ քաղաքական գործիչներ, որ կանգնած են Երրորդ Հանրապետության ակունքներում` անփորձ երիտասարդների հետ մի սեղանի շուրջ նստած, քաղաքացիական պայքարի հույս էին փնտրում հուսահատության մեջ։ Եւ գտան։ 2007-ի փետրվարի 3-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Այլընտրանքի» մեծ հիմնադիր ժողովը, որը անցավ տրիումֆի ոգով։ 700 տեղանոց դահլիճում մի քանի հարյուր մարդ էլ ոտքի վրա էր կանգնած։ Այդ օրը մենք մի ուղերձ հղեցինք ներկաներին եւ մի որոշման եկանք նրանց հետ` «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր. շատ մարդ չէր եկել հանրահավաքի. հազիվ 3-4 հազար։ Ազատության հրապարակում հնչում էր Ռավելի «Բոլերոն», իսկ հարթակում կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը, ապագա քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո ավելի քան մեկ տարի անցկացրեց ընդհատակում։ Հարթակում էին նաեւ այժմ արդեն «Ազատության երգերի» հայտնի հեղինակ Մհեր Մանուկյանը, հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հայաստանի քաղաքացիների երեք սերունդ էր ներկայացված հարթակում, եւ հնչում էր «Բոլերոն»։

Հարթակից բարձր հնչեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամների անունները, եւ հրապարակը ծափահարեց նրանց։ Մհեր Մանուկյանը ելույթ ունեցավ մի փունջ մանուշակ կրծքին փակցրած. այդ տարի մանուշակները շուտ էին ծաղկել։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի. հենց այդ օրերին էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, եւ մենք` Հրանտի շուրթերով, նրան ասում էինք` դու ո՞վ ես, որ մեր Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանես։ Բայց պարզվեց` իզուր էինք պաշտպանում Վազգեն Մանուկյանի արժանապատվությունը, պարզվեց` նա չունի դրանից։ 2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր, Ազատության հրապարակում հնչել էր Ռավելի «Բոլերոն», եւ մենք` հանրահավաքի մասնակիցներս, մի պայմանավորվածություն ձեռք բերեցինք` հետեւյալի մասին. «Բեսպրեդել կոչվող գազանը այլեւս չպետք է տեսնի մեր թիկունքը. նա պետք է տեսնի մեր աչքերը եւ իր վախճանը` մեր աչքերի մեջ»։ Նվագարկիչից «Բոլերոն» այլեւս չէր հնչում, բայց այն հնչում էր օդի մեջ։ Հանրահավաքից հետո երթ սկսեցինք. դուրս եկանք Սայաթ-Նովա փողոց։ Ոստիկանությունը գրոհեց մեզ վրա. նրանք ուզում էին մեր երթը մայթ տեղափոխել. մենք տեղի չտվեցինք. բեսպրեդելը չտեսավ մեր թիկունքը։ Նա տեսավ մեր աչքերը, նա իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ, նա լսեց մեր «Բոլերոն»։ Երթը պսակվեց տրիումֆով, փոքր` բայց տրիումֆով։ Սայաթ-Նովա փողոցը մերն էր, այսինքն` քաղաքացունը. սա Հայաստանում առաջին երթն էր 2004-ի ապրիլից ի վեր։

2007 թվականի փետրվարի 20-ին մանուշակը արդեն ծաղկել էր, փետրվարի 20-ին գարուն էր արդեն. այդ գարնանը Ազատության հրապարակում հնչեց «Բոլերոն», որը Ռավելինը չէր արդեն, արդեն մերն էր այդ «Բոլերոն»։

Մենք այլեւս չունեինք խտասկավառակների, ձայնագրությունների կարիք. մենք շրջում էինք Երեւանի փողոցներում եւ ինքներս, ինքներս հնչեցնում էինք մեր «Բոլերոն»։ Ոմանք ուզում էին հավատալ իրենց տեսածին ու լսածին, ոմանք չէին ուզում հավատալ իրենց տեսածին ու լսածին։ Անկախ սրանից, սակայն, «Բոլերոն» հնչում էր, եւ դա մեր «Բոլերոն» էր, Ռավելը մեզ համար էր գրել այդ «Բոլերոն»։ «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը»` ասում էինք մենք եւ հավատում էինք, որ մեր ձայնը հնչում է, ինչպես շեփորը «Բոլերոյի» մեջ։ Արձագանքը չուշացավ, եւ մեկին գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, եւ ակնհայտ դարձավ, որ հունձն առատ է լինելու, եւ ժամանակն էր մտածել հնձվորների մասին։ Սակավ էին հնձվորները…

Մեր երթը հասավ 2007 թվականի Մայիսի 9-ին, եւ Բեսպրեդելը մեզ դարանակալել էր Նալբանդյան 104-ում` ԿԳԲ-ի շենքի մոտ։ Բեսպրեդելը հարձակվեց մեզ վրա, բայց նա չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ մեր աչքերը եւ իր վախճանը` մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը լսեց մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն», եւ Երեւանի Ազատության հրապարակում հայտնվեց Ազատության առաջին վրանը։ Մեր «Բոլերոն» տարերային ու բազմաձայն դարձավ, բայց արդարացավ մեր հույսը. դիրիժորի վահանակը թափուր չէր այլեւս, եւ մեր ձայնը դարձավ ավելի վստահ եւ անհամեմատ ուժգին։ Հանդարտ հզորություն ստացավ մեր ընթացքը։ Բեսպրեդելը անզոր կրճտացնում էր ատամները, բեսպրեդելը դարանակալել էր մեզ, այս անգամ` Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։ Բայց նա սխալվում էր, նա չտեսավ մեր թիկունքը, նա միայն մեր աչքերը տեսավ եւ իր վախճանը` մեր աչքերի մեջ… Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր էր հնչում, մեր «Բոլերոն» համակել էր ողջ Հայաստանը։ Բեսպրեդելը մռնչում էր խելագար, արյուն էր տենչում Բեսպրեդելը։ Նա ուզում էր տեսնել մեր թիկունքը, նա չէր ուզում տեսնել մեր աչքերը, որովհետեւ իր վախճանն էր տեսնում մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը դավեր էր նյութում մեր դեմ, Բեսպրեդելը բոլոր կողմերից հարձակվեց մեզ վրա 2008-ի մարտի 1-ին։ Բայց չտեսավ, նա կրկին չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ միայն մեր աչքերը, մեր պսպղուն աչքերը եւ իր վախճանը` մեր աչքերի մեջ։ Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր է հնչում, այլեւս անլռելի է մեր «Բոլերոն», եւ տրիումֆով է պսակվելու մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը չի տեսնելու մեր թիկունքը, Բեսպրեդելը տեսնելու է մեր աչքերը, եւ մենք տեսնելու ենք մեր Հաղթանակը` նրա աչքերի մեջ։ Նա տեսնելու է մեր Հաղթանակը` մեր աչքերի մեջ։ Նա տեսնելու է իր վախճանը` Հայաստանի մեջ, մենք տոնելու ենք քաղաքացու Հաղթանակը` Հայաստանի մեջ։ Անկասելի է մեր «Բոլերոն»։

Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ Մորիս Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո։ Փորձեք ընթերցել «Բոլերոն» միացրած։ Լսեք «Բոլերոն» մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 12, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Tatev
    Օգոստոս 12th, 2009 at 15:57 | #1

    Nikol jan, esorva qo Bantayin oragire kardaluc heto mi mitqa pttvum glxums… ES HPART EM, VOR ES JAMANAKAHATVACUM EM CNVEL U MER KOXQIN QO PES LUSAVOR MARD KA!!!

  2. MM
    Օգոստոս 12th, 2009 at 20:13 | #2

    Nikol jan, sa poezia e, sa bantayin oragir chi! Sa CHARENC E! Du hrashq es! Astvac tox ir hertin qez pahpani, menq mer hertin! Du mer joxivrdi hoguc cnvac azatutyan vogin es! Du aztutyan payqari generatorn es! ARACH!

  3. MM
    Օգոստոս 12th, 2009 at 22:15 | #3

    Hima, erb qo xorhrdov kardaci “Bolero”i hnchyunneri tak, djvaranum em xosqer gtnel meknabanutyan. Nax arcunqot achqerov djvar e kardal, chnayac tvum er, vor es arden angir gitem grvacqd, vor@ es kanvanei “Bolero” arcak-banastexcutyamb! Che, eli chi stacvum… DU PARZAPES TAXAND ES! Inchpes, inch iravunqov es voxormeliner@ qez der pahum en kalanqi tak. Du Hayastani amenaazat MARDN es!Du mer azatutyan DROSHN es!

  4. Karine
    Օգոստոս 13th, 2009 at 00:01 | #4

    Կարծես ,թե գիտեմ ով է տարիներ հետո լինելու Հայաստանի Հանրապետության նախագահը;
    Դա ակնհայտ է ;Երանի մեր երեխաներին:

  5. Նարեկ Մալյան
    Օգոստոս 13th, 2009 at 00:36 | #5

    Սովետական տարիներին Մոսկվայի առաջին ալիքով մի հեռուստահաղորդում կար: Չեմ հիշում ինչ բովանդակություն ուներ այդ հաղորդումը, նույնիսկ հաղորդման անունը չեմ հիշում: Սակայն չնայած փոքր տարիքիս այդ հաղորդման նկատմամբ ունեի առանձնահատուկ վերաբերմունք, որովհետև այդ հաղորդումը սկսվում և վերջանում էր Բոլերոյի հնչյուններով: Այդ մեղեդին ինձ ուղղակի գերում էր: Բոլերոյի հնչյունների տակ Դոն Կիխոտը սկզբում դանդաղ, արժանապատվորեն ձիավարում էր, ապա հեռվում նկատելով հողմաղացները սկսում էր ընթանալ դեպի պայքարի նշանակետը:
    Հետագայում երբ ուզում էի որևէ կրիչի վրա ձեռք բերել այդ երաժշտությունը անընդհատ խոչընդոտների էի հանդիպում, որովհետև չգիտեի ոչ երգի, ոչ էլ հեղինակի անունը: Չափազանց դժվար է երաժշտական խանութում բացատրել քո ուզած երաժշտությունը երբ ոչ անունը գիտես, ոչ հեղինակին (ոչ էլ լսողություն,որպեսզի երգելով բացատրես):
    Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դա հատված է Դոն Կիխոտ բալետից: Մեծ էր իմ հիասթափությունը երբ գնալով Դոն Կիխոտի ներկայացմանը այդպես էլ չլսեցի այդ երաժշտությունը:
    Ու հանկարծ Նիկոլ քո սայթում լսեցի…..
    Նորից աչքիս առաջ հայտնվեց Դոն Կիխոտը, որն արշավում էր դեպի հողմաղացները:
    Քամուց կռացած դեպի հավատարիմ ձին, հոգնած ու չարչարված, բայց բոլոր մարդկանց, բոլոր բարի ու չար մարդկանց փրկելու վերջնական հաստատակամությամբ:

  6. Հայկ–PL
    Օգոստոս 13th, 2009 at 02:21 | #6

    @Karine
    ՀԻՄԱ՛. ՀԻՄԱ՛, ՀԻՄԱ՛…

  7. Mleh
    Օգոստոս 17th, 2009 at 18:49 | #7

    @Նարեկ Մալյան
    Yes hpart em vor hamazgayin medzutyun Ohan Douriann ou ir arzhanavor vortin Narek@ Hamazhoghovrtakan Sharzhman koghqin en. Nikol jan, menq misht qez het enq` hokvov-srtov ou khoherov.

  1. No trackbacks yet.