> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 21.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 21.

21. Օպերացիա` «Հատուկ առաքելություն»

Օպերացիա «Հատուկ առաքելություն»Նույնիսկ չգիտեի, որ ընդհատակից իմ դուրս գալու մասին DVD սկավառակ է թողարկվել։ Վերջերս այն դիտելու առիթ ունեցա «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ իմ խցում։ Վատ չէր ստացվել։ Այդ նկարահանումները, սակայն, ի սկզբանե արվել են ոչ թե DVD թողարկելու, այլ իշխանության հնարավոր քայլերը սահմանափակելու եւ հայլուրական ստահոդ լուրերը հօդս ցնդեցնելու համար։ Մենք հո գիտենք, թե ում հետ գործ ունենք, գիտեինք, որ Սերժանտները պետք է փորձեն ապացուցել, որ ոչ թե ես եմ իրենց այցելել, այլ իրենք են ինձ ձերբակալել «օպերատիվ-հետախուզական» հատուկ գործողությունների արդյունքում։

Այդպես էլ եղավ. W Աղվանի` խղճահարություն առաջացնող մամլո խոսնակը հայտարարեց, թե ինձ ձերբակալել են դատախազության մոտակայքում։ Պատկերացրեք` մեր արած նկարահանումները չլինեին։ Հիմա ի՞նչ պետականամետ հեքիաթներ էին պատմելու «Հայլուրն» ու մյուսները։ Մյուս կողմից` լավ եղավ, որ դատախազությունը իմ ձերբակալության մասին նման հիմար հայտարարությամբ հանդես եկավ։ Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ W-ի կանտորան ընդամենը մանր ժուլիկների որջ է, ավելի ճիշտ` ախոռ, որը պետք է մաքրել առաջին իսկ հարմար առիթով։ Դատախազի` խղճահարույց մամլո քարտուղարի բարբաջանքը ինձ ձերբակալելու մասին` տրամաբանական շարունակությունն է 2008-ի մարտի 1-ից հետո նրա արած հայտարարության, թե իշխանությունները հրազեն չեն օգտագործել։

Ինչ վերաբերում է մեր թողարկած նոր DVD-ին, դիտման արդյունքում ծագած առաջին միտքը հետեւյալն էր. ի՞նչ պարզ ու հանգիստ է այստեղ պատկերված ամեն ինչ։ Եկար, քայլեցիր, մտար դատախազության շենք, հարցազրույց տվեցիր, գնացիր Կենտրոնի ոստիկանություն… Այդ փոքրիկ ֆիլմը, իհարկե, չի կարող հաղորդել, թե որքան ջանք ու աշխատանք է ներդրվել` առաջին հայացքից այս պարզ գործողությունը իրականություն դարձնելու համար։

Մի պարզ օրինակ բերեմ միայն. իմ` բանտ տեղափոխվելու հաջորդ օրը երկար, երկար ժամանակ գլխի չէի ընկնում, որ թերթերից մեկի առաջին էջում տպագրվածը իմ լուսանկարն է։ Ինքս ինձ չէի ճանաչում ուղղակի։ Պատճառն այն էր, որ լուսանկարում արդեն հայտնի գլխարկով եւ մուգ ակնոցով էի։ Իսկ ընդհատակից դուրս գալուս նախորդող շրջանում մասկիրովկայի տասնյակ ձեւեր ենք քննարկել ու երբ վերջնականապես կանգնեցինք այս տարբերակի վրա, մեզ թվում էր, թե այնքան էլ լավ չենք լուծել խնդիրը, մեզ թվում էր, թե այդ տեսքով ճանաչելի եմ, մինչդեռ ինքս իմ լուսանկարը չճանաչեցի…

Մեզ անհանգստացնում էր ոչ թե` որ պատահական անցորդները ինձ կճանաչեն դեպի դատախազություն քայլելիս, այլ` պատահական ոստիկանները։ Ինչ խոսք, ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ամեն ինչ հարթ կընթանա եւ մտածածը հնարավոր կլինի իրագործել` իմ դեմ սանձազերծված աննախադեպ որսի պայմաններում։ Մենք փորձում էինք պլանավորել եւ կանխատեսել ամեն ինչ, բայց պատահականությունը միշտ էլ հնարավոր է. հաջողությունը պետք է ուղեկցի ցանկացած գործի։ Այդ օրը հաջողությունը մեր կողմից էր, բայց մենք հույսներս միայն նրա վրա չէինք դրել։ ՀՀ գլխավոր դատախազության շենք հասնելու համար Երեւանի փողոցներով ահագին քայլել եմ, եւ չէինք կարող գայթակղեցնել մեր հաջողությանը։ Այս էր պատճառը, որ ես անընդհատ տեղեկություն էի ստանում իմ անցած եւ անցնելիք ճանապարհներին տիրող իրավիճակի մասին։ Կարեւոր էր հասկանալ, թե արդյո՞ք իմ` արդեն անցած ճանապարհին ինձ ճանաչողներ եղել են. ի վերջո, ճանաչելու դեպքում չէին կարող չքչփչալ, կտրուկ շարժումներ չանել։ Իսկ անցնելիք ճանապարհին պետք է խուսափեինք ոստիկանության պարեկի հետ հանդիպումից։ Եթե որեւէ փողոցի որեւէ հատվածում ոստիկան կա կանգնած, ուրեմն` պետք է փոխենք երթուղին` պատահականությունը բացառելու համար։ Ի վերջո, իշխանությունը գիտեր, որ հուլիսի 1-ին կամ հաջորդ օրը դուրս եմ գալու ընդհատակից, այդ մասին գրվել էր մամուլում, եւ նրանք շատ կցանկանային ճանապարհին ինձ կանգնեցնել։ Բայց մենք չէինք կարող նման բան թույլ տալ, որովհետեւ կտուժեր տեղի ունեցող իրադարձության գեղագիտությունը։ Եթե դատախազության ճանապարհին ինձ կանգնեցնեին, գուցե այս պատմությունն ընդհանրապես զրկվեր գեղագիտությունից։ Բայց մենք կարողացանք լուծել խնդիրը. ճանապարհին ինձ ոչ ոք չճանաչեց, եւ առաջին ոստիկանները, ում հանդիպեցի, ՀՀ գլխավոր դատախազության անցագրային կետի հերթապահներն էին։ Բացի սրանից, մեզ հաջողվեց մի քանի կետից նկարահանել իմ ողջ երթուղին, եւ եթե անգամ իշխանությանը հաջողվեր իրագործել իր նենգ նպատակները, այդ ամենը արձանագրելու էին մի քանի տեսախցիկներ։

Ընդհատակից իմ դուրս գալուց հետո շատերը հարց են տալիս, թե ինչ իմաստ ուներ ոտքով, այսինքն` հետիոտն այցելել դատախազություն։ Մի՞թե ավելի հեշտ եւ անվտանգ չէր լինի ավտոմեքենայով հասնել այնտեղ եւ ընդամենը մի քանի մետր կտրելով` ներս մտնել։ Նման տարբերակը, իհարկե, քննարկվել է եւ մերժվել` գործնական եւ գեղագիտական դրդապատճառներով։ Նախ` մեծ էր հավանականությունը, որ ինձ դատախազություն հասցրած մեքենան կֆիքսվեր, իսկ դա արդեն պոչ է մեր ետեւից` եթե անգամ այդ մեքենան տաքսի լիներ։ Մեզ անհրաժեշտ էր, որ իշխանությունը որեւէ կերպ գլխի չընկնի` ինչ է տեղի ունեցել եւ ինչպես։ Ինչ վերաբերում է հարցի գեղագիտական կողմին, ընթերցողը, թերեւս կհիշի, որ դեռ 2008-ի գարնանը «ՀԺ»-ում մի հոդված էի հրապարակել` «ԿԳԲ-ն պարտված է, ԿԳԲ-ն պետք է փլուզվի» վերնագրով։ Այս հոդվածում նախ խոստացել էի, որ իշխանությունը ինձ չի կարողանալու հայտնաբերել, ապա խոստացել էի, որ ինչ-որ ժամանակ անց դուրս եմ գալու ընդհատակից եւ` մեջբերում եմ. «Քայլելու եմ իմ սիրելի Երեւանի փողոցներով, ժպտալու եմ իմ սիրելի եղբայրներին ու քույրերին ու շարունակ պայքարելու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ». մեջբերման ավարտը։ Ինձ համար սկզբունքային է, որ ամեն ինչ ընթանա խոստացվածի համաձայն, որպեսզի բոլորը հասկանան, ապացույց ունենան, որ այն, ինչ ասվում է` իրագործվում է։ Այսպես հատիկ-հատիկ իրագործվելու է հրապարակավ արտասանած մեր ամեն խոստում, եւ սրանում ոչ ոք թող չկասկածի։ Ի դեպ` ընդհատակից իմ դուրս գալու գործողությունը նաեւ գաղտնագիր-անուն ուներ. այն վերնագրել էինք` «Հատուկ առաքելություն»։

Թեմայից դուրս

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներս վերջին շրջանում մի զավեշտալի խնդիր ենք ունենում։ Ամսվա մեջ մեզ մի քանի անգամ են զանգելու հնարավորություն տալիս. զանգահարում ենք ՔԿՀ-ում տեղադրված «ԱրմենՏելի» քարտֆոնով։ Մեր հարազատները մեզ համար «ԱրմենՏելի» 50 եւ 100 միավորանոց քարտեր են ուղարկում, եւ դրանց միջոցով զանգում ենք` մեր հաշվին։ Բայց պատկերացրեք, որ «ԱրմենՏելը» այնպիսի բռակ քարտեր է հանել վաճառքի, որ իր իսկ քարտֆոնները հրաժարվում են ընդունել դրանք։ Այսինքն` «ԱրմենՏելի» հեռախոսը ասում է, որ իր մեջ դրված քարտը խոտան է։ Եթե սա եզակի դեպք լիներ` գուցե կարելի կլիներ շրջանցել։ Բայց վերջերս այստեղ` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում ռեկորդ սահմանվեց։ «ԱրմենՏելի» նոփ-նոր` պոլիէթիլենային փաթեթից վայրկյաններ առաջ դուրս բերված 15 քարտերից 13-ը խոտան էին դուրս եկել։ Համաձայնեք` Գինեսի ռեկորդների գրքի արժանի ցուցանիշ է։ Հետաքրքիր է իմանալ` որքան գումար է վաստակել «ԱրմենՏելը» խոտանի վաճառքից եւ արդյո՞ք այդ գումարները կվերադարձնի իր խաբված սպառողներին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 7, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. MM
    Օգոստոս 7th, 2009 at 19:20 | #1

    Qarteri hamar mi zarmacir, dranq hertakan LOTOnern en, jnjum es ,kam shahum es kam el che. Isk HATUK ARAQELUTYAN arumov, -du qo ARAQELUTYUN@ es kyanqum sharunakum es PAYLUN! KECCES!

  2. FMD
    Օգոստոս 8th, 2009 at 02:28 | #2

    Sireli Nikol nax kuzei kez cankanal kaj arohjutyun ev hamberutyun ko entanikin! Kardalov ko hodvacnere karam asem vor kez chchanachelov shat harazatem endunum ev da bacarik depke vorovhetev Hayastanum tirume erkeresutyun sut amenur ayn astichani vor shat jamanak uraxem vor lgelem Hayastane ev aprumem artasahmanum. Inche asacis imaste ko ankexcutyune, nvirvacucyune hay joxovrdin ev ko mtacelakerpe u amenakarevore intelekte arjanien nran vor du Hayastani naxaga darnas mi or! Es chgitem erb klini ayd ore mi guce Levon Ter-Petrosyani apaga naxagahutyunic heto bayc es hamosvacem ayd ore kga! Linelov ahavor skeptic ev kritic es grumem ays togere voronk bxumen im srtic vorovhetev es Hay azgi lavnem uzum u hamozvacem du karas mi or ays erkire kaosic hanes! De uremn pind mna imaci vor du petkez mez harganknarov…

  3. Հայկ-PL
    Օգոստոս 8th, 2009 at 04:47 | #3

    Նիկոլ ջան դու հայ ազգի արժանավոր զավակ ես։ Աստված օրհնի քո ընտանիքը։

  4. Օգոստոս 8th, 2009 at 15:30 | #4

    Inch lava vor nman DVD ka, te che hima haylury ev voch miayn… aravotic irikun zbaxvac er linelu apacucelov, vor AAC-n shat lav e ashxatum… Nikol jan mianum em MM-i asacin - du qo ARAQELUTYUN@ es kyanqum sharunakum es PAYLUN!

  1. No trackbacks yet.