> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՎՃՌԱԿԱՆ Է

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՎՃՌԱԿԱՆ Է

2008-02-21. Լ. Տեր-Պետրոսյան. ՄատենադարանԵրեկ առավոտից իշխանությունները փակել էին Երեւան մտնող ճանապարհները: Ոստիկանները կանգնեցրել են մարզերից եկող երթուղայինները եւ փորձել հետ վերադարձնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին եկող մարդկանց: Ըստ էության, չէր աշխատում Երեւանի քաղաքային տրանսպորտը, տաքսի ծառայությունները: Այն ամբողջ խայտառակությունից հետո, որ արեցին իշխանությունները նախօրեին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ու քվեարկության արդյունքները հաշվելիս, երեկ հոգ էին տարել, որ հանկարծ մարդիկ չկարողանան ներկա գտնվել Մատենադարանի մոտ հրավիրված Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Ավելին, դեռ առավոտից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիքն էր ոստիկաններով: Եւ չնայած այս ամենին, մարդիկ գալիս էին Մատենադարան, ու արդյունքում տեղի ունեցավ հուժկու հանրահավաք, որից հետո նաեւ երթ, որի մասշտաբները դժվար է նկարագրել: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն ընթերցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, որով շտաբը չի ճանաչում 2008-ի նախագահական ընտրությունների` ԿԸՀ հրապարակած արդյունքները եւ պահանջում է անցկացնել նոր ընտրություններ: «Մենք իրավունք չունենք եւ երբեք Հայաստանը ու մեր երեխաներին չենք հանձնի քոչարյանասերժական բորենիների իշխանությանը: Մեր վճռականությունն անսասան է: Մենք կանգնելու ենք, որպեսզի վավերականացնենք մեր ընտրությունը: Սերժ Սարգսյանն իր ծոծորակը կտեսնի, նախագահի կարգավիճակը չի տեսնի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք ունեն գործողությունների հստակ ծրագիր, եւ թող չկասկածեն, որ հասնելու են լիակատար հաղթանակի: «Եւ թող չմտածեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք գնալու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, առանց կասկածելու մեր վերջնական հաղթանակի մեջ: Այս անգամ մենք չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ այսօր, վաղը, մյուս օրը լիարժեք կերպով տոնենք 3 ընտրությունների հաղթանակը` 98-ի, 2003-ի: Ես ուզում եմ վստահություն հայտնել եւ երաշխավորել իմ ողջ թիմակիցներին, որ ոչ մի բիրտ ուժ չի կարողանալու մեզ խանգարել այս երկրում հաստատել վերջնական օրենքի իշխանություն»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.