> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 20.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 20.

20. Հայրեր եւ որդիներ

Հայր եւ որդի Մկրտումյանների վեճը, որի մասին հրապարակումներ եղան մամուլում, իսկական շոկ է հարուցում։ Որդին Արմանն է` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը։ Նրա հայրը` դատախազական համակարգի աշխատակցի 30-ամյա ստաժ ունեցող Յուրին, մամուլին է դիմել` որդու գործած ներընտանեկան ապօրինություններից իրեն պաշտպանելու խնդրանքով։ Վճռաբեկ դատարանի նախագահ նրա որդին` իրեն, այսինքն` հարազատ հորը, զրկել է տուն-տեղից, եւ հիմա, երկու ինֆարկտ տարած ծերունին, իր ասելով, ապրում է չգիտես որտեղ։ Ներընտանեկան կռվի պատճառը այն է, որ Արման Մկրտումյանի հայրը որոշել է բաժանվել Արման Մկրտումյանի մորից։

Սկզբում ինձ թվաց` գործ ունենք ընտանեկան վեճի հետ։ Բայց երբ ուշադիր կարդացի Վճռաբեկ դատարանի նախագահի հոր` Յուրի Մկրտումյանի նամակը` տպագրված «Հրապարակ» օրաթերթում, հասկացա, որ սա վերընտանեկան նշանակության պատմություն է, որ բացահայտում է մեր դատաիրավական համակարգի էությունը։ Մեր առաջ ուրվագծվում է այն բանաձեւը, որով Հայաստանում ձեւավորվում են դատավորներ։ Հայր Մկրտումյանի նամակը հասկանալի է դարձնում, թե ովքեր են մեր երկրի դատական համակարգը ղեկավարում, ինչ սկզբունքների շրջանակում են դա անում, բարոյական ինչպիսի նկարագրի տեր են այդ մարդիկ։ Սկսենք 30 տարի դատախազական համակարգում աշխատած Յուրի Մկրտումյանից։ Իր նամակում նա գրում է, որ դատախազության աշխատակից լինելով` իր ընտանիքի համար ստեղծել է «բոլոր հնարավոր եւ անհնար բարիքները»։ Սա ուղղակի մեջբերում է Յու. Մկրտումյանի նամակից։ Առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. այդ ինչպե՞ս է սովետական դատախազի աշխատավարձով իր ընտանիքի համար «անհնար» բարիքներ ստեղծել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ ծնած եւ դաստիարակած հայրը։ Այս հարցի պատասխանը բոլորս գիտենք, մնում է միայն վիճակագրություն հանել, թե ինչ ապօրինությունների գնով է իր փափկասուն զավակին մեծացրել հիմա հանրությունից օգնություն եւ իր գիշատիչ զավակից պաշտպանություն ակնկալող հայրը։

Վերջինիս նամակը, սակայն, ոչ միայն հարցեր է հարուցում, այլեւ պատասխաններ է տալիս։ Յուրի Մկրտումյանը մեզ տեղեկացնում է, որ ժամանակին որդուն ապահովել է Երեւանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանով, մեքենա է գնել նրա համար։ Բայց ամենակարեւորը խոստովանությունն է, որ նրան, այսինքն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ազատել է տվել բանակից, հանուն նրա կարիերայի` Ձորաղբյուր գյուղում կազմակերպել դասախոսների եւ այլ պաշտոնյաների մշտական հյուրասիրություններ։ Թերեւս, հենց այս խնջույքների ընթացքում է հայր Մկրտումյանը որդուն փոխանցել քծնելու եւ շողոքորթելու միջոցով կարիերա անելու հմտությունները։ Եւ պետք է խոստովանել. որդին գերազանցել է հորը` այնաստիճան, որ այլեւս չունի նրա հովանավորության եւ խորհուրդների կարիքը։ Չեմ ուզում այլեւս մեջբերումներ անել հայր Մկրտումյանի նամակից։

Ասեմ միայն, որ շատ երկար մտածում էի` գրե՞մ, արդյոք, այս ամենը։ Մի կողմից` գործ ունենք վատառողջ ու դժբախտ ծերունու հետ, որի վերքերին պետք չէ աղ լցնել, որի նկատմամբ անհրաժեշտ է կարեկցանք դրսեւորել։ Բայց մյուս կողմից` ձեր ցավը տանեմ, ո՞վ պիտի կարեկցանք դրսեւորի այն ժողովրդի նկատմամբ, որին արդեն երկար տարիներ ասպատակում է ժամանակին` սեփական վայելքների մեջ երջանիկ, իսկ այսօր` թշվառական Յուրի Մկրտումյանի հաստավիզ որդին։ Յուրի Մկրտումյանը նո՞ր բացահայտեց իր որդու ապօրինի էությունը։ Մի՞թե նախկինում չի լսել իր նման տնավեր եղած բազմաթիվ հայաստանցիների հեծեծանքները։ Ինչպե՞ս էր հացը կուլ գնում այս ընտանիքում, երբ սիրասուն զավակի ղեկավարած դատական համակարգի ապօրինի վճիռների հիման վրա իրենց տներից դուրս էին քշվում Բուզանդի փողոցի հարյուրավոր ընտանիքներ։ Այսպիսի օրինակների շարքը դեռ երկար կարելի է շարունակել, բայց դրա կարիքը ուղղակի չկա։ Մկրտումյանի պատմությունը, սակայն, մտածել է տալիս այն բարոյական միջավայրի մասին, որում դատավորներ են կերտվում, ծնվում, ձեւավորվում։

Տարիներ առաջ էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի եղբայրն էր մամուլին դիմել եղբոր ապօրինություններից իրեն պաշտպանելու խնդրանքով։ Երկու եղբայր իրար մեղադրում էին ամենաստոր արարքների մեջ, իսկ այդ ընթացքում դատավոր Ռուբիկ Ներսիսյանը պարտակում էր սափրագլուխների կողմից լրագրողներին ծեծի ենթարկելու գործը, Աշոտ Բլեյանին, Արկադի Վարդանյանին, այսինքն` ակնհայտ անմեղ անձանց կալանավորելու որոշումներ էր կայացնում։

Վճռաբեկ դատարանի պալատներից մեկի նախագահը, որ հիմա էլ դատական համակարգում բարձր պաշտոն է զբաղեցնում, սեքսուալ մանյակ է, սովորական մոլագար։ Ու փոխանակ այս մարդուն հարկադիր բուժման ուղարկեն, դատական համակարգում պաշտոնից պաշտոն են տեղափոխում։
Մեկ ուրիշ դատավոր մինչեւ օրս հետախուզման մեջ է ԱՊՀ երկրներից մեկում, երրորդը հայտնի է նրանով, որ ամուսնացել է բարձրաստիճան պաշտոնյայի հաշմանդամ դստեր հետ` կարիերա անելու համար։ Գրեթե ստույգ կարելի է ասել, որ Հայաստանի յուրաքանչյուր դատավորի` այդպիսին դառնալու տակ մի եղկելի պատմություն կա. մեկը մեկի բոզն է, մյուսը` մյուսի օրթախը, երրորդը` չորրորդի հանցակիցը եւ այլն, եւ այսպես շարունակ։ Այս պատմությունների մի մասը հայտնի է բոլորին, մի մասը ոչ բոլորին է հայտնի, բայց կարեւորը ոչ այնքան պատմություններն են, որքան մեր դատական համակարգն` ինքը։ Անգամ անզեն աչքով հնարավոր չէ չնկատել, որ այսօր Հայաստանում միայն բարոյականության հետ կապված խնդիրներ ունեցող մարդը կարող է դատավոր աշխատել։ Չեմ բացառում, իհարկե, որ մեր դատական համակարգում լինեն թաքնված բացառություններ, որոնք, ի վերջո, ի վիճակի են ընտրություն կատարել հօգուտ բարոյականության։ Կարող եմ անգամ ասել, որ ճանաչում եմ այդպիսի մի բացառության` ի դեմս Պարգեւ Օհանյանի, բայց նա արդեն դատավոր չէ այլեւս։ Եւ շատ ավելի լավ` իր ու իր զավակների համար։ Ինչ վերաբերում է Արման Մկրտումյանին, նա կարող է պնդել, թե հայրը զրպարտում է իրեն, սարքում է գլխին, կլյաուզա է անում։ Բայց եթե այդպես է, ավելի վատ` Վճռաբեկի նախագահի համար, որովհետեւ` «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։

Ի դեպ, հետաքրքիր կլիներ մի այսպիսի փորձարարություն իրականացնել. մտնել Հայաստանում գործող ցանկացած դատավորի տուն եւ գույքագրել այնտեղ եղած ամեն ինչ. հագուստից սկսած, մինչեւ սուրճի սպասք։ Ապա եւ` անկախ փորձագետի մոտ գնահատել տալ այդ ամենը, ստացված արժեքը համեմատել դատավորի եւ նրա ընտանիքի անդամների աշխատավարձերի հետ եւ հաշվարկել, թե քանի տարում պետք է այդ աշխատավարձով կարողանային ձեռք բերել եղածը։ Այս փոքրիկ փորձարարությունը, կարծում եմ, շա~տ հետաքրքիր պատկեր ի հայտ կբերի։ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, սակայն, հաջողությամբ կհաղթահարի այս փորձարարությունը։ Նա ուղղակի կարող է ասել, որ ունեցած-չունեցածը ժառանգել է սիրասուն հայրիկից։

Հ.Գ. Արման Մկրտումյանի նախորդը` Հովհաննես Մանուկյանը, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հեռացվեց միայն այն բանի համար, որ «ՀԺ»-ին տված հարցազրույցում համարձակվել էր Մարտի 1-ին սեփական իրավունքների համար պայքարած ժողովրդի մասին դրականորեն արտահայտվել։ Ճիշտ է, Մանուկյանն էլ վատ թալանչի չէր, բայց իշխանությունը վախեցավ, որ նրա մեջ փյունիկի նման հառնում են Բարոյականությունը եւ Մարդը։ Սա անհամատեղելի է ավազակապետության թիվ 1 դատավորի պաշտոնի հետ։ Արման Մկրտումյանը, ահա, որոշել է ոչնչացնել սեփական հորը, որ իշխանությունը համոզված լինի. իր միջից արմատախիլ է արված մարդկային ու բարոյական ամեն բան։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ , «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 6, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Edgar
    Օգոստոս 6th, 2009 at 18:35 | #1

    Sexual maniaki pahy hetaqrqir er:)) mi hat viktorina chanenq??:)) Nikol jan ed dzevi anasunnern en ko kianqi u apagayi nkatmamb voroshum kayacnelu? Patkeracnum em ete dranq irenc apahovac linelov en edpesi storutyunneri gnum yntaniqum, ba vor nexy ynknen inch kanen….Patkeracnum eq?? Yes chem karoxanum patkeracnem….

  2. Armen M.
    Օգոստոս 6th, 2009 at 20:55 | #2

    sranq avartin en motecnum “ardaradatutyan”"taghman” gor&@…
    Datavarutyunneri @ntacqum kaska& chmnac,vor baroyakanutyun@ kam myus hatkutyunner@ moracva& kategoria e kam lavaguyn depqum APRANQ,lav gin tvogh sakayn chka…

  3. Հայկ–PL
    Օգոստոս 7th, 2009 at 04:19 | #3

    Նիկոլ ջան մաղթում եմ, որ միտքդ մի՛շտ այդպես պայծառ լինի։
    Պինդ կաց։
    Հաղթելու ենք։

  4. Օգոստոս 7th, 2009 at 12:05 | #4

    Ay Nikol jan, ay bala jan,inch gorc unes ed shneri het, dranc tat@ trorum es, spasi mi es “gorc@” verchana, durs gas, nor kgres! Qez miayn aroxchutyun u hamberutyun em maxtum!Astvac qez pahapan!

  5. Haykk
    Օգոստոս 10th, 2009 at 02:53 | #5

    iroq ovqer en ed manyakn u hanun pashtoni hashmandami het amusnacac?

    es der 2008-in hatkapes Marti 1-ic heto arajarkum ei stexcel takanqneri(rejimi paragluxneri u nranc hramanner kataroxneri, hatkapes Marti 1-i spandi het arnchutyun unecoxneri) cucak` anun azganunnerov, hascenerov, biznesi, unecvacqi masin tvyalnerov,iranc kextot herosutyunnerov u ayl nman informaciayov, ev ayn hraparakel, darcnel hanramatcheli, nuynisk stexcel nman sayt.

    ev ed cucak darcnel voxj hasarakutyan hasanelli.

    bolorn el iranc imacac informaciayov kognein ed cucaki stexcox xmbin, vortex hastat kstugein informaciayi chshtutyun ev ayn kavelacnein cucakum.

    havataceq es cucak kunenar mec azdecutyun, mec chnshman mijoc kliner.

    arajarkum em mtacel noric es xndri shurj ev naxadzernel i irakanacnel sa.

  1. No trackbacks yet.