> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 19.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 19.

19. Հոգեխանգարմունքն ու ես

Ն. Փաշինյան, Լ. Տեր-Պետրոսյան2008 թ. մարտի 1-ից հետո, հիշում եք, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող W Աղվանը շրջանառության մեջ դրեց հոգեխանգարմունքի վարկածը: Ըստ W-ի, Ազատության հրապարակում տեղի ունեցած շուրջօրյա հանրահավաքների ժամանակ, ընդդիմությունը օգտագործել է կոդավորված բառեր, ինչպես` «հայրենիք», «ընտանիք», «հաղթելու ենք», եւ այդ բառերի ու ընդհանրապես հռետորական հատուկ հնարքների միջոցով հոգեխանգարմունքի մեջ գցել մարդկանց: Երբ այս զվարճալի եւ խորհրդավոր վարկածը շրջանառության մեջ դրվեց, մտքովս նույնիսկ չանցավ, որ ակնարկի օբյեկտներից մեկը ես եմ, որ մտնում եմ հոգեխանգարմունքի մեջ գցողների թվի մեջ: Եթե ինքս իմ մասին նման բան մտածեի` մեծամտության նշան կլիներ: Այն ժամանակ համոզված էի, որ W-ն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նկատի ունի, որովհետեւ Տեր-Պետրոսյանի հռետորական հզորությունն իրոք մոգական է: Եվ ահա, այս փաստի առաջ անկարող եւ Տեր-Պետրոսյանի խոսքից սարսափող իշխանությունը, ոչինչ չկարողանալով հակադրել նրա հռետորության ուժին, ինքն իրեն դնում է հիմար վիճակում` ըստ էության խոստովանելով, որ առաջին նախագահի միտքն ավելի հզոր է, քան ահաբեկչության իրենց մեքենան:

Եվ ահա, մտքովս անգամ չէր կարող անցնել, որ ավազակապետական իշխանությունն այդպիսի պատվի կարժանացնի նաեւ նվաստիս` պնդելով, որ խոսքով կարող եմ հոգեխանգարմունքի մեջ գցել մարդկանց եւ տիրանալ նրանց գիտակցությանը: Սա արդեն պաշտոնական իրողություն է, որովհետեւ, ինչպես նախորդ շաբաթ հայտարարվեց, իմ գործի նախաքննության շրջանակներում հոգեբանական եւ լինգվիստիկ փորձաքըննություն է նշանակվել, որը այլոց շարքում պետք է պարզի, թե արդյո՞ք ես լինգվիստիկ հատուկ միջոցներ եմ օգտագործել` Մարտի 1-ին մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու համար: Նույն փորձաքննությունը պետք է պարզի նաեւ, թե արդյո՞ք ես բռնության կոչեր հնչեցրել եմ…

Փորձաքննություն նշանակելու այս որոշումն իրավական մի «գլուխգործոց» է, որ նաեւ բացառիկ է Երրորդ Հանրապետության եւ ընդհանրապես հայ ժողովրդի պատմության համար: Գիտեմ` ընթերցողն իրավական մանրամասներ չի սիրում, բայց Հայաստանում գործող իրավական համակարգի տխմարությունը ցույց տալու համար մի փոքր իրավական վերլուծություն եմ անելու: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243 հոդվածը սահմանում է փորձաքննություն նշանակելու եւ կատարելու հիմքերը: Ըստ այդմ` փորձաքննություն նշանակվում է, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներ: Եվ ահա, քննիչը փորձաքննություն նշանակելու միջոցով ուզում է պարզել, թե արդյո՞ք իմ ելույթներում բռնության կոչեր կան, կամ` իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր: Ո՞րն է այստեղ աբսուրդը: Աբսուրդը հետեւյալն է. եթե որեւէ ելույթ որպես բռնության կոչ ընկալելու եւ գնահատելու համար անհրաժեշտ են «հատուկ գիտելիքներ», իսկ քննիչը փորձաքննություն նշանակելով` փաստել է այս հանգամանքը, նշանակում է` ելույթը դեպքի օրը եւ վայրում լսող մարդիկ չէին կարող այն ընկալել որպես բռնության կոչ, որովհետեւ չեն ունեցել դրա համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ: Ավելին, մինչեւ օրս Հայաստանում նման գիտելիքներ ունեցող մարդ չկա: Այս մասին նախորդ շաբաթ հայտնեց ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը` հայտարարելով, թե ինչ-որ փորձագետներ են գործուղվել Ռուսաստան, որ վերապատրաստվեն` վերը նշված փորձաքննությունն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերեն: Նրանք պետք է գիտելիքներ ձեռք բերեն` «ապացուցելու» համար, որ ես հիպնոսի եմ ենթարկում մարդկանց եւ նրանց կառավարում այնպես, ինչպես համակարգչային խաղ խաղացողն է կառավարում խաղի հերոսներին: Էս է սրանց մակարդակը, սիրելի ընթերցող: Այս ամենը ենթադրում է, որ ՀՔԾ քննիչներն ինձ մոտ գալիս «Արմենիկում» կամ «հակահոգեխանգարմունքին» են ընդունում, այլապես ես նրանց այնպես կհիպնոսացնեմ, որ նրանց կստիպեմ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու որոշում կայացնել…

Վերը նշվածը, սակայն, խնդրո առարկա փորձաքննության միակ աբսուրդը չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քրեական գործով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետ չի ներգրավվում: Չնայած սրան, ՀՔԾ-ն նույն փորձաքննությամբ փորձագետին միջնորդել է իրավական գնահատական տալ իմ մարտիմեկյան ելույթների որոշ հատվածներին: Փորձագետը պետք է ասի, թե արդյո՞ք իմ արտասանած այս կամ այն նախադասությունը բռնության կոչ է պարունակում, դրդչութ-յուն եւ այլն, եւ այսպես շարունակ, մինչդեռ դրանք բացառապես իրավական գնահատման ոլորտի հարցեր են: Բայց քանի որ քննիչներն արդեն վախենում են ուղիղ հանցանք գործել` որոշել են ֆոկուսներ անել:

Այս ամենը, սակայն, ցաքուցրիվ է անում ոչ միայն իմ դեմ հարուցված, այլեւ իմ մի շարք ընկերների դեմ հարուցված քրեական գործերը, որոնցով արդեն դատավճիռներ են կայացված: Այդ բոլոր դատերի ընթացքում մեղադրողները հայտարարել են, թե ես Մարտի 1-ին բռնության կոչեր եմ արել, այս պնդումն ամրագրել են մեղադրական եզրակացություններում: Իսկ հիմա պարզվում է, որ այդ ելույթների գնահատման համար փորձաքննություն է անհրաժեշտ, եւ միայն փորձաքննությունից հետո կպարզվի` եղե՞լ են բռնության կոչեր, թե ոչ: Եթե այդպես է` այդ ինչպե՞ս են դատախազները, այս նույն քննիչները մարտիմեկյան մյուս գործերում իմ ելույթները որակել որպես բռնության կոչ: Եթե որակել են, ինչո՞ւ են հիմա փորձաքննություն նշանակել…

Այս ամենը ոչ միայն զավեշտալի է, այլեւ տարօրինակ: Մի՞թե տարօրինակ չէ, որ W Աղվանը, դեռ 2008թ. մարտին շրջանառության մեջ դնելով հոգեխանգարմունքի վարկածը, 1,5 տարի ոչինչ չի ձեռնարկել, որ իր ասածը հաստատելու իրավասություն ունեցող փորձագետ լինի Հայաստանում: Ինչո՞ւ է ուրեմն միայն այսօր, իմ ձերբակալությունից հետո փորձագետ ուղարկում վերապատրաստվելու: Պատճառը պարզ է. W-ն համոզված է եղել, որ վերը բերված փորձաքննության կարիքը չի լինելու, որովհետեւ լավ է իմացել, որ ԱԱԾ-ին հանձնարարվել է ոչ թե ձերբակալել ինձ, այլ գնդակահարել հնարավոր «զախվատի» ժամանակ: Սա է պատճառը, որ ոստիկանության հանցագործ գեներալները հրապարակային ելույթներում ինչ ասես վերագրել են ինձ` համոզված լինելով, որ խոսում են պոտենցիալ դիակի մասին, որն այլեւս պատասխան չի պահանջելու իրենցից: Եվ այսօր ես բանտում եմ ի հեճուկս պագոնավոր եւ պաշտոնավոր քիլերների: Եթե այդպես չէ, այդ ինչու էր իշխանությունը տասնապատկել իմ որոնումներն այն բանից հետո, երբ հայտարարեցի, թե դուրս եմ գալիս ընդհատակից: Ի՞նչ կարիք կար այդքան տանջվել. չէ՞ որ ես ինքս մեկ-երկու օրից բանտ էի տեղափոխվելու: Ի՞նչ էր, ուրեմն, իշխանության ուզածը: Այս հարցի պատասխանը թող ամեն մեկը բարձրաձայնի ինքն իր համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 5, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Levon
    Օգոստոս 6th, 2009 at 02:55 | #1

    Du uxxaki taxand es, bacahaytir ayd soxunnerin minchev verj.

  2. Օգոստոս 6th, 2009 at 19:42 | #2

    Nikoli eluytneric miayn ishxanutyan nerkayacucichnery karox en ynknel hogexangarmunqi mej,inchy hima apacucum en… miayn tkar glxov mardik karox en nman txmar pordzaqnnutyunner anckacnel….Hima el ays paylun hodvacnern en erevi nman azdecutyun toxnum nranc vra… Shutov hogebujarannery lcvelu en…

  3. Հայկ–PL
    Օգոստոս 7th, 2009 at 04:11 | #3

    Պահո՜, հիմա մենք էլ որ ստեղ comment ենք գրում, փաստորեն հոգեխանգարմունքի մեջ ենք, հա՞…
    Այ քեզ տխմարության գագաթնակետ։

    Նիկոլ ջան, էտ որ ասում ես

    Ն.Փ. :
    … ԱԱԾ-ին հանձնարարվել է ոչ թե ձերբակալել ինձ, այլ գնդակահարել հնարավոր «զախվատի» ժամանակ: Սա է պատճառը, որ ոստիկանության հանցագործ գեներալները հրապարակային ելույթներում ինչ ասես վերագրել են ինձ` համոզված լինելով, որ խոսում են պոտենցիալ դիակի մասին, որն այլեւս պատասխան չի պահանջելու իրենցից: Եվ այսօր ես բանտում եմ ի հեճուկս պագոնավոր եւ պաշտոնավոր քիլերների …

    անկասկած ճիշտ է։

  4. MM
    Օգոստոս 7th, 2009 at 19:46 | #4

    Nikol jan , inchpes nshum es, yentateqstn e karevor haskanal. Hartakum hnchac yeluytneric HOGEXANGARMUNQI mech ein @nknum voch te joxovurd@, ayl vostikannern u W-i shner@, dra hamar el ahazangum ein.

  5. Karine
    Օգոստոս 8th, 2009 at 22:07 | #5

    Ախ,Աստված իմ,երանի հոգեխանգարմունքի արդյունքում իշխանափոխություն լիներ:
    Նիկոլ ջան,ես հպարտանում եմ քո խիզախությամբ,և ,եթե մեր ազգն ունենար քո նման 10 երիտասարդ ,ապա արդեն կունենայինք մեր յերազած Հայաստանը:Աստված քեզ հետ,պինդ կաց;

  1. No trackbacks yet.