> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 18.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 18.

18. ԿԳԲ-ի պադվալից վեր

Եղիշե ՉարենցՉնայած «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ժողովրդի մեջ հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անունով, այդ նկուղային հատվածն այսօր, ըստ էության, չի օգտագործվում: Խցերը, որոնցում այսօր կալանավորներ կան, գտնվում են գետնի երեսին: Իսկ պադվալի հետ առնչվում ենք միայն բաղնիքի օրերին: Հին, նկուղային մեկուսարանի խցերից երկուսը դարձել են համապատասխանաբար լոգարան եւ հանդերձարան, իսկ մնացած կիսամութ ու խոնավ խցերի դռները բաց են` կրնկի վրա: Բաղնիքում հայտնվելու համար մենք աստիճաններով իջնում ենք մի հարկ, ապա քայլում խոնավ զնդանի միջանցքով: Ամեն անգամ այդ միջանցքում հայտնվելով, մտքումս մի նախադասություն եմ արտասանում` Չարենցն էլ է այստեղ եղել: Ամեն անգամ խոնավ ու մութ միջանցքի խորքում Չարենցի ուրվականին եմ փնտրում, ու չգտնելով` փորձում եմ կռահել հայացքով, թե այդ ո՞ր մի խուցն է խժռել հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկին:

Այդ մասին, սակայն, ոչ մի հիշատակում ու հուշատախտակ չկա: Մինչդեռ, եթե ցանկանայինք ինքներս մեզ ապահովագրել Չարենցներ խժռողի կարգավիճակից` լուսավոր պիտի լիներ այդ միջանցքը, եւ արյունարբու խցի կողքին, մեծ ու լուսավոր մի գրանիտե տախտակի վրա գրված պետք է լիներ. «Ներիր մեզ, Չարենց» եւ ստորագրություն` «Հայ ժողովուրդ»: Եվ բավական է ինքներս մեզ խաբենք, թե ստալինյան ռեժիմն է խժռել Չարենցին: Չարենցին խժռել ենք հայաստանցիներս, բոլոր նրանք, ովքեր եղերական այդ օրերին չեն եղել ԿԳԲ-ի պադվալներում, այլ անվրդով իրենց լափն են լափել իրենց ողորմելի տներում: Ամեն անհատ պատասխանատու է իր ժողովրդի պատմության համար, ժողովուրդը պատասխանատու է իր պատմության համար: Ժողովուրդն է ծնել Չարենցի քննիչին, Չարենցի դատախազին, Չարենցի դահիճին: Ժողովուրդը ծնել է Չարենցին նույնպես, եւ Չարենցներ ծնելու ընդունակությունն է, որ Երկրի վրա նրա ապրելու իրավունքին դեռ թույլ չի տալիս սպառվել: Բայց Չարենցներ ծնելը բավարար չէ ժողովուրդ եւ պետություն լինելու համար. դեռ պետք է կարողանալ նրանց չսպանել: Պետք է կարողանալ չսպանել անհատին ու նրա ազատությունը, պետք է կարողանալ չսպանել իրավունքն ու արդարությունը, պետք է կարողանալ չխաչել Տիրոջը` ամեն անհատի մեջ, այլ երկրպագել նրան եւ օծել անուշաբույր ու սրբազան յուղով: Պետք է կարողանալ, իսկ կարողանալ կարողանալու համար պետք է կարողանալ պայքարել` հանուն երազանքների Հայրենիքի:

***

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն, ըստ այդմ, մեկ քայլ առաջ է ԿԳԲ-ի պադվալից, կամ ավելի ճիշտ` մեկ հարկ վերեւ, չնայած` ԿԳԲ-ի պադվալն էլ հիմա գտնվում է «Երեւան-Կենտրոն»-ի տարածքում: Մեր խցի լայնության մասին իմ նախորդ հիշատակման մեջ ոչ մի չափազանցություն չկա. իսկապես, մեր խուցը 175 սանտիմետր լայնություն ունի, դեռ մի բան էլ` պակաս: Իհարկե, մետր չունենք չափումներ իրականացնելու համար, բայց խցի լայնությունը ինքս ինձնով եմ չափել. երբ պատից պատ լայնակի պառկում եմ` հազիվ եմ տեղավորվում. հասակս 175 սմ է, այնպես որ` հաշվարկը գրեթե ճշգրիտ է: Խցի երկարությունը մոտավորապես 4 մետր է: Այստեղ տեղադրված է երկու մահճակալ` ամեն մեկը մի պատի տակ, ունենք զուգարանակոնք` իր իսկ բաչոկով, երեք փոքրիկ պահարան, որտեղ մանր-մունր իրեր ենք պահում, մեկ կախովի գրադարակ` երկու հարկով, լվացարան եւ որ կարեւոր է` սառը ջուր: Այստեղի ջուրը իսկապես շատ սառն է. երբեմն, պատկերացրեք, լվացվելու ընթացքում ձեռքերս սառչում են, եւ ստիպված եմ լինում մի քանի վայրկյան ետ քաշել սառած մատներս, տաքացնել մի քիչ ու նորից շարունակել լվացվելս: Ջրամատակարարումը շուրջօրյա է, բայց երբեմն ջուրը կտրվում է. սա իսկական աղետ է: Երեւանցիներին, իհարկե, պետք չէ բացատրել, թե ինչ է ջրամատակարարման դադարեցումը, բայց խուցը, ամեն դեպքում, բազմահարկ շենքի բնակարան չէ. այստեղ չես կարող գնալ մոտակա պուլպուլակից ջուր բերելու, ոչ էլ կարող ես հարեւանից խնդրել, ոչ էլ` լոգարանակոնք ունես` ջուր հավաքելու համար: Պետք է դիմանալ, մինչեւ ջուրը նորից գա: Վերջերս այս իմաստով մի տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ. մեզ զգուշացրին, որ ջրամատակարարումը ընդհատվելու է: Այդպես էլ եղավ. ջուրը կտրվեց ու նորից սկսեց գալ միայն կեսգիշերից հետո: Վաղ առավոտից սակայն, ջուրը նորից «գնացել» էր եւ ժամանակ առ ժամանակ կաթկթում էր: Այդպես անցկացրինք ամբողջ օրը` յոլա գնալով մի քանի պլաստմասե շշերի մեջ հավաքած ջրով: Հաջորդ օրը նույն վիճակն էր, եւ մեծ եղավ մեր զարմանքը, երբ հանգամանքների բերումով պարզվեց, որ առնվազն վերջին երկու օրվա ընթացքում միայն մեր խուցն է զրկված եղել ջրից: Ինչ-որ մեկը փակած է եղել մեր խցի ջրի փականը, որը, բնականաբար, գտնվում է խցից դուրս: Այս միջադեպը իրականում շատ զվարճալի էր. ես մտովի պատկերացրեցի, թե իբր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը իր հիմնարկից վերելակով իջնում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ (մեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտին վերելակային կապ ունի ԱԱԾ-ի հետ), թաքուն մոտենում է մեր խցին, փակում ջրի փականը, ծիկրակում դիտանցքից, պսպղացող աչքերով շփում ձեռքերը եւ նույն վերելակով թաքուն ու աննկատ հեռանում` զեկուցելու ղեկավարությանը, որ պետական կարեւորագույն նշանակության հանձնարարականը կատարված է: ԱԱԾ տնօրենը թերեւս անձամբ է կատարել հրամանը` ինձ հետ կապված մյուս հանձնարականների տապալման դառը փորձը հաշվի առնելով: Իսկ ընդհանրապես, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կյանքը ընթանում է բնական հունով: Այստեղ էլ, պատկերացրեք, կան փոքրիկ հաճույքներ. վաղ առավոտյան մի բաժակ սուրճ ես վերցնում եւ բարձրանում բացօթյա զբոսանքի. զբոսավայրն, իհարկե, լրիվ բացօթյա չէ, այլ միջնորդված է մետաղյա վանդակացանցով: Բայց առավոտյան սառը օդը նաեւ այստեղ է հասնում, եւ կարելի է հանգիստ սուրճ վայելել: Սուրճից հետո գալիս է մարզանքի ու դանդաղ վազքի հերթը. զբոսանքի վայրերը բավականաչափ մեծ են եւ այստեղ կարելի է 10-15 շրջան վազքը բավարար համարել: Սրանից հետո գործի է դրվում «Կոկա-կոլայի» 2 լիտրանոց շիշը, որի մեջ ջուրը բավականին տաքացել է նախորդ գիշերվա շոգի մեջ: Մարզանքից հետո մարմինդ շփում ես ջրով, եւ ցանկության դեպքում, եթե հավեսդ հերիքում է, կարող ես անգամ շատ ջուր բերել, կարգին թրջվել եւ «զագար» ընդունել նոր-նոր բարձրացող արեւի տակ: Տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա, պրոբլեմներ կարող են առաջանալ միայն բովանդակության տեսակետից. ասում են` ՔԿՀ-ի զբոսանքի վայրում ընդունված զագարը ցանցավոր է դուրս գալիս:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 4 , 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Օգոստոս 5th, 2009 at 02:42 | #1

    Nikol jan, krknvelu em, bayc vochinch;ASTVAC QEZ PAHAPAN! PAYQAR< PAYQAR MINCHEV VERCH! Nikol jan, karcum em texyak es, vor aysor Arman Babajanyan@ azatutyun stacav, bayc inch vi&akum?, dra hamar xndrum em qez lav pahi, marzanqd el ara, zagard el @nduni, vochinch vor vandakavor,bayc hetevi aroxchutyand! Charenci voqin u Lavatesutyund qez kprki ed takanqneri &iranneric. gorikn el, asum en havatarim shan pes amen gisher qo xci dran tak e gisherum.Meeeexq a txannnnnn!

  2. yervand
    Օգոստոս 5th, 2009 at 20:32 | #2

    erba galsu en or@ vor serjn u rob@ ed xcum ahystnevn u @ndunen iranc zagar@!!!

  3. Պարույր
    Օգոստոս 5th, 2009 at 21:44 | #3

    Nikol jan, hwdvaci arajin mas@ arjani e dprocakan dasagrqerum texakajelu hamar, Apres!!!

  4. Օգոստոս 5th, 2009 at 22:20 | #4

    Inchpes misht hodvacnerd bazmativ tramadrutyunner en haxordum… Charencin nvirvac masy (Չարենցին խժռել ենք հայաստանցիներս, բոլոր նրանք, ովքեր եղերական այդ օրերին չեն եղել ԿԳԲ-ի պադվալներում, այլ անվրդով իրենց լափն են լափել իրենց ողորմելի տներում:)kardalis uxxaki husahatutyan girkn ynka… heto (Ժողովուրդը ծնել է Չարենցին նույնպես եւ Չարենցներ ծնելու ընդունակությունն է, որ Երկրի վրա նրա ապրելու իրավունքին դեռ թույլ չի տալիս սպառվել) hpartaca… Isk Gorik Hakobyanin nvirvac masy kardalis uxxaki bardzr cicaxum ei…. Axr shaaaaaaaat lav es grum.

  5. Հայկ–PL
    Օգոստոս 5th, 2009 at 22:26 | #5

    @MM

    Ն.Փ. :
    …ցանկության դեպքում, եթե հավեսդ հերիքում է, կարող ես անգամ շատ ջուր բերել, կարգին թրջվել եւ զագար ընդունել նոր-նոր բարձրացող արեւի տակ: Տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա, պրոբլեմներ կարող են առաջանալ միայն բովանդակության տեսակետից. ասում են ՔԿՀ-ի զբոսանքի վայրում ընդունված զագարը ցանցավոր է դուրս գալիս:

    :D
    Հումորդ անպակաս Նիկոլ ջան, ախպեր ջան։

  1. No trackbacks yet.